...

Ոտքի՛, Արագածոտնի մարզպետն է…

Ոտքի՛, Արագածոտնի մարզպետն է…

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս տեղի ունեցած Արագածոտնի մարզխորհրդի նիստը կրկին նվիրվել է համայնքների ղեկավարների դաստիարակչական աշխատանքներին: Նախ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարգադրել է, որպեսզի բոլորը անջատեն հեռախոսները՝ բերելով իր օրինակը. «Տեսե՞լ եք, որ իմ հեռախոսը գոնե մի անգամ զնգա», ինչին բոլոր ներկաները միաձայն պատասխանել են՝ «ոչ»: Նա հրահանգել է նաև, որ համայնքների ղեկավարները ոտքի կանգնեն և ապա նոր միայն պատասխանեն իրենց ուղղված հարցերին ու մինչև պատասխանների հնչելը մնան կանգնած: Նիստի ամբողջ ընթացքում էլ մարզպետը առիթը բաց չի թողել ծաղրելու ներկաներից շատերին:

Դավիթ Գևորգյանը խոսել է հարկերի մուտքերից: «Ոտքի, կատարողականներդ ինչո՞ւ են վատ վիճակում»,- դիմել է նա Կոշ համայնքի ղեկավարին: Վերջինս թվել է պատճառները, բայց Դավիթ Գևորգյանին պատասխանը չի գոհացրել. «Ի՞նչ ես առաջարկում, գամ քո փոխարեն աշխատե՞մ»,- ծաղրանքով հարցրել է նա:  

Մարզպետի՝ Արագածավանի գյուղապետին ուղղված հարցին, թե ինչո՞ւ գրությունները ժամանակին չեն ուղարկել, վերջինս պատասխանել է, որ համակարգչային օպերատորի հետ դեպք էր պատահել, պատասխանը, սակայն, չի գոհացրել Դավիթ Գևորգյանին: Նա դիմելով հավաքվածներին՝ բացականչել է. «Ժողովուրդ էսքան հի՞ն ա էս մարզը, նախնադարից դեռ դուրս չե՞ք եկել, 21-րդ դարո՞ւմ էլ մարդ համակարգիչ չիմանա»:

Մեծաձորի համայնքի ղեկավարի ներկայացրած ցուցանիշները մարզպետը որակել է խայտառակ. «Ընդամենը յոթ մարդ ա ապրում գյուղում, չե՞ք բաշարել յոթ հոգուց հարկ հավաքել»: Մարզպետի մտքով էլ չի անցել հետաքրքրվել, թե ինչպե՞ս են մեծաձորցիները դժվարությունններով, անասուն պահելով վաստակում իրենց ապրուստի միջոցը: Չի մտահոգվել, որ գյուղում դպրոցը փակվել է արտագաղթի պատճառով աշակերտ չունենալու համար: Որ գյուղապետարանի շենք չկա, և գյուղապետը ստիպված իր տանից է աշխատում:

Չնայած վաղուց պարզվել է, որ Արագածոտնի ջահել մարզպետի համար կարևորը ստորադրյալների վրա ցուցադրական հոխորտալն է, սակայն ներկաների շարքերում դժգոհության ալիք է անցել:  

Դավիթ Գևորգյանը վերջում համայնքապետերին հորդորել է. «Գնացեք նորմալ աշխատեք ու խնայած գումարները մի ծախսեք ձեր ընտրություններից առաջ, այլ` ընթացքում։ Մարզպետարանի սոցիալական բաժինը ահագին գումար ուներ, մենք սպասեցինք անցած տարի ընտրությունները վերջացան, հետո տվեցինք, որ չասեին ընտրակաշառք ա։ Դե էլ չասեմ մեր կուսակցությունը ինչ բարձր վարկանիշ ուներ: Առաջ բամբանեռկեքը թևներիդ տակ գալիս էիք մարզպետի մոտ, որ ձեզ ընդուներ, հիմա չկա ըտենց բան, ուրեմն մեզ ՀՀԿ-ականների ու նախկիների հետ չհամեմատեք»:

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Նկատենք, որ ինչպես միշտ նիստին ներկա չի եղել Ապարանի քաղաքապետը, իսկ Աշտարակի քաղաքապետը, որ մարզպետի մտերիմ ընկերն է դարձել, սովորականի նման կեսից լքել է նիստը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ