...

Պատգամավորը նախարար չէ. ազատվելը դժվար կլինի

Պատգամավորը նախարար չէ. ազատվելը դժվար կլինի

Վանեցյանի պաշտոնանկությունը միայն առաջին արարն էր: Հոկտեմբերին Փաշինյանը ստիպված է լինելու մեծ թվով պաշտոնյաների հեռացնել իշխանությունից: Նախարարների և գերատեսչությունների ղեկավարների հարցը հեշտ է: Կլինեն վարչապետի հրամանագրեր, և նրանք այլևս չեն ունենա իշխանություն: Այլ իրավիճակ է պատգամավորների դեպքում:

«Իմ քայլը» խմբակցությունը կազմվել է հապճեպ, և այնտեղ տարբեր ճանապարհներով սողոսկել են մեկ տասնյակից ավելի մարդիկ, որոնք ոչ միայն չեն կիսում իշխող ուժի քաղաքական պատկերացումներն, այլ նաև հանդիսանում են նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձնավորություններ: Եվ հիմա խնդիր է առաջացել: Սպասել, թե երբ ռևանշի ուժերը նրանց կօգտագործեն բացահայտ, թե հակականխարգելիչ հարված հասցնել:

Նշված պատգամավորների մի մասն արդեն ակնհայտ, մյուս մասը դեռ լռելայն դիմադրում են մանդատը հանձնելու պահանջին: Նրանք չեն գործուղվել իշխող ուժի շարքեր, որ հիմա առաջին իսկ պահանջի դեպքում հանձնեն մանդատը: Հակառակը, դուրս գալով խմբակցությունից և դառնալով «անկախ պատգամավոր», պետք է հեշտացնեն նախկին ռեժիմի բանակցությունները մյուս պատգամավորների հետ՝ իրենց շարքերը համալրելու առումով:

Հիմա ինչ են ասում երկու կողմերը: Մամուլում արդեն կան հրապարակումներ, որ Փաշինյանը կանչել է որոշ պատգամավորների և առաջարկել վայր դնել մանդատները: Մյուս կողմը հայտարարություններ ու հարցազրույցներ է տարածում, որի հիմնական ասելիքը հետևյալն է՝ մանդատը ստացել ենք ժողովրդից ու հանձնելու ոչինչ չունենք:
Կան խնդրի իրավական և բարոյական կողմեր: Այո, պատգամավորը օժտված է առաջնային մանդատով և նրանից ոչ-ոք չի կարող պահանջել մանդատի հանձնում: Բայց վերոհիշյալ պատգամավորները չպետք է իրենց երևակայեն իբրև մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ: Հայաստանում չկա այդպիսի ընտրակարգ:

Ընտրողներն իրենց ձայնը տվել են կուսակցություններին և միայն հետո առաջարկել, թե իրենց ընտրած կուսակցությունն ինչ հերթականությամբ իր շարքերից պատգամավորության թեկնածուներ տանի խորհրդարան: Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի սահմանադրությունը և Ընտրական Օրենսգիրքը հերթական անհեթեթությունն են ստեղծել Հայաստանի համար, իսկ նոր իշխանությունը չունեցավ բավարար կամք դրանից ազատվելու ընտրություններից առաջ:

Պատգամավորներն, որոնք կցանկանան դուրս գալ իշխող խմբակցությունից, կարող են հղում անել օրենքին, բայց երբեք չեն կարող նշել, որ ժողովուրդը իրենց ձայն է տվել:

Բայց այս ամենի մեջ կա մեկ բարոյական նրբություն: Մանդատը վայր դնելու պահանջով հանդես եկողը ժամանակին նույնպես դուրս է եկել խմբակցությունից, բայց վայր չի դրել մանդատը: Մինչդեռ Փաշինյանը 2012 թվականին ընտրվել էր համամասնական ցուցակով և առավել քան բարոյական կլիներ հանձնել մանդատը:

Կա ելք: Դեկտեմբերին հրաժարական տալ և նոր ընտրություններ նշանակել: Փաշինյանը կրկին կձևավորի մեծամասնություն, բայց առանց նախկին սխալները կատարելու:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ