...

Պետական քաղաքականությունը անթույլատրելի է իջեցնել թրոլինգի մակարդակի

Պետական քաղաքականությունը անթույլատրելի է իջեցնել թրոլինգի մակարդակի

Հաջողակ սուբյեկտին (անհատ, կազմակերպություն, պետություն) անհաջողակից տարբերակում է առաջնային խնդիրները երկրորդականից զանազանելը և գլխավորի վրա կենտրոնանալու հմտությունը: Հաջողության հասնելու բանալիներից է սեփական օրակարգի գերակայությունը օտարի կողմից պարտադրված օրակարգի նկատմամբ:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը շատ վարպետորեն լուծեց այդ խնդիրները և հենց դրանով էր պայմանավորված նրա հաղթանակը: Այժմ, կարծես, կրկին իրավիճակ է փոխվում և ռևանշի ուժերը փորձում են առաջնային դարձնել իրենց օրակարգը: Քաղաքական բոլոր հարցերում և օրակարգերում պարտվելու պատճառով այդ ուժերը հիմա էլ փորձում են Հայաստանի թիվ 1 հարցը դարձնել սեռական փոքրամասնությունների և ստեղծագործական ազատությունների վերաբերյալ պետական քաղաքականության հարցը: Հարցեր, որոնք մի օր գուցե դառնան հասարակական օրակարգի գլխավոր հարցերը, բայց ոչ հիմա: Ներկայիս իշխանությունը չի ձևավորվել վերոհիշյալ երկու հարցերին լուծում տալու խոստման և հասարակական պահանջի արդյունքում: Հենց այստեղ է, որ կառավարությունը պետք է թելադրի սեփական օրակարգը և զանազանի առաջնայինը երկրորդականից: 

Այս կառավարության առաքելությունն է ժողովրդավարության անշրջելիության ապահովումը (ընտրությունների կեղծումը այլևս պետք է լինի պատմություն), աղքատությունը մինիմումի հասցնելը, դատաիրավական լրջագույն բարեփոխումները և դատարանների նկատմամբ վստահության ստեղծումը, թալանված բանակի մարտունակության վերականգնումը և այլն: Հաստատապես առաջնահերթությունների թվում չէ մշակութային մեծ հեղափոխությունը:

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը կեղծ օրակարգ է՝ պարտադրված ռևանշի ուժերի կողմից: Գործող իշխանությունը բազմիցս է հայտարարել, որ նրա վրա չկան միջազգային ճնշումներ և չեն էլ կարող լինել: Եթե դրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն, ապա իշխանությունը հանգիստ կարող է կոնվենցիայի ընդունումը հետաձգել և զբաղվել ավելի կարևոր հարցերով: Իսկ, եթե, այնուամենայնիվ, դա ընդամենը հռետորաբանություն է և կան ճնշումներ, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը չպետք է այսքան երկարեր: Իշխանությունը պետք է արագ և որակյալ հերքեր կոնվենցիայում առկա մտացածին վտանգները և քարոզչություն տաներ նրա ընդունման անհրաժեշտության համար: 1.5 տարի է այս թեման անընդհատ շահարկվում է, և միայն երեկ Հ1-ը հասկացավ, որ կարելի է հարցազրույց անել օտարերկրյա որակյալ փորձագետների հետ, որոնք կջախջախեն ռևանշի ուժերի պրոպագանդիստների կեղծ թեզերը: Այդպիսի հարցազրույցները հազար անգամ ավելի շատ օգուտ կարող են տալ, քան մետրոյի տարածքում ինչ-որ անհասկանալի պերֆորմանսները: Պետական քաղաքականությունն անթույլատրելի է իջեցնել թրոլինգի մակարդակի: Դժվար թե այդ անհասկանալի ներկայացումից հետո գտնվի մեկը, որ կոնվենցիայի ընդունման հակառակորդից վերածվի դրա կողմնակցի: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ