...

Քեթրինի Միհրանի Հայաստանը

Քեթրինի Միհրանի Հայաստանը

Սեպտեմբերի 20-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ գործով, այն է՝ հանցավոր գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:

Իհարկե, Մ. Պողոսյանի «հերոսությունները» այսքանով չեն սահմանափակվում, նրա բիզնես-գործունեության մասին հարյուրավոր սկանդալային հրապարակումներ են եղել, որոնք դեռ սպասում են իրենց նախաքննությանը: Ներկայացնում ենք «ՉԻ» հրապակումներից մեը՝ «Քեթրինի Միհրանի» մասին:

***

«Քարոզարշավի եռուն շրջանն է։ Կուսակցություններն ու նախընտրական դաշինքները, ի տարբերություն Երեւանի տարբեր ընտրատարածքներում առաջադրված ռեյտինգային թեկնածուների, դեռեւս չեն հասել Երեւան։ Երեւանի ռեյտինգային թեկնածուներն էլ՝ խոսքը առաջին հերթին ՀՀԿ-ի մասին է, կարծես թե չեն շտապում կլասիկ քարոզարշավի ֆորմատը աշխատեցնել։ Ցուցակագրումներ, փողի բաժանման յուրատեսակ սխեմաների կազմում, տարածքի կրիմինալ ռեսուրսի ներգրավում, ինտրիգներ եւ այլն։

Այս ֆոնին կա մեկը, որն առանձնանում է։ Խոսքը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանի մասին է, որը վերը թվարկված տեխնոլոգիաների կիրակմանը գումարել է նաեւ բակային հանդիպումների ու հրապարակային ելույթների (նաեւ հեռուստաելույթների) ձեւաչափը։ Բայց արի ու տես, որ այս ձեւաչափն այնքան էլ ընկալելի չէ հասարակության համար, եւ խնդիրն այստեղ ոչ թե հասարակական ընկալումներն են, այլ կոնկրետ թեկնածուն։

Ո՞վ է Միհրան Պողոսյանը՝ երեւի չարժե ծավալվել։ Նրան ճանաչում են գրեթե բոլորը, եթե մինչեւ վերջերս կային անտեղյակներ, ապա նրանք էլ հիմա գիտեն «Քեթրին գրուպի» Միհրանին՝ օֆշորի սկանդալի արդյունքում պետական պաշտոնը լքած, իր իսկ պաշտոնավարման տարիներին բանանի ու ցիտրուսային մրգերի ներկրմամբ զբաղվող տղային, որի հետեւում թաքնված օլիգարխ քեռիներն են՝ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ։

Թվում էր, թե օֆշորի սկանդալով պետք է փակվեր Միհրան Պողոսյանի կարիերան, բայց այդ էջը ոչ միայն չվնասեց Միհրանին, այլեւ նրան քաղաքական հարթակ դուրս գալու հնարավորություն տվեց։ Եվ այնուամենայնիվ Միհրան Պողոսյանին պետք է տարանջատել բոլոր ռեյտինգայիններից ու նրան որպես առանձին «երեւույթ» դիտարկել այս քարոզարշավում։ Կետ առ կետ թվարկենք՝ ինչո՞ւ.

1. Միհրան Պողոսյանը այս ընտրարշավի միակ թեկնածուն է, որը երկար տարիներ եղել է բարձրագույն պաշտոնի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։ Պաշտոնավարման ընթացքում արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հաստատվել է օֆշորային գոտիներում։ Համաձայն հետաքննող լրագրողների հրապարակումների` օֆշորում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանը բիզնես է արել, իր պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի զարգացման համար եւ թաքցրել է եկամուտները։ Արդեն հրապարակված օֆշորային տվյալների բազայում Միհրան Պողոսյանն ու նրա քեռիներն են՝ Գրիգորի եւ Միխայիլ Հարությունյանները, նրանց ընտանիքների անդամներն ու բարեկամները։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ նքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.)։

2. Միհրան Պողոսյանն այն թեկնածուն է, որը հրապարակային ստում է՝ հակադրվելով իր իսկ կուսակցությանը։ Ընտրարշավի սկզբում հեռուստաեթերում Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե օֆշորի գործ իրականում գոյություն չունի, որ դա իր դեմ ուղղորդված սադրանք էր, որն ինքը հաղթահարեց հեշտությամբ։ Այդ հայտարարությունից բառացիորեն օրեր անց՝ ՀՀԿ-ական արդարադատության նախարարուհին հերքեց Միհրան Պողոսյանին։ «Օֆշորի գործը փակված չէ», հայտարարեց նա՝ փաստելով, որ կուսակցական ընկերը ստում է՝ հեշտությամբ ու սահուն։

3. Միհրան Պողոսյանն այն թեկնածուն է, որը չխորշեց քարոզարշավի մաս դարձնել քառօրյա պատերազմի զոհված հերոսների մայրերին։ Չամաչեց նրանց օգտագործելուց. բանն հասավ այնտեղ, որ վերջինս իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ բարձրախոս տրամադրեց ապրիլին զոհված տղաների մայրերին։ Նրանցից մեկը հրապարակային հայտարարեց, որ Միհրան Պողոսյանն աջակցել է իրենց։ «Սա անբարոյականություն է». այսպիսին էր հանրային գնահատականը, որը Միհրան Պողոսյանը վերագրեց իբր «իր դեմ պատվեր կատարող լրատվական օղակներին»։ Ասել է թե՝ անբարոյականության մեջ մեղադրվող Միհրան Պողոսյանն իրեն ուղղված որակումները վերահասցեագրեց այն լրատվամիջոցներին ու հանրային դեմքերին, որոնք նրա արարքը մեկնաբանել ու համապատասխան գնահատականի էին արժանացրել։

4. Միհրան Պողոսյանն այն միակ թեկնածուն է, որն իր պաշտոնավարման տարիներին հսկայական գումարներ կուտակելով, այսօր արդեն հնարավորություն ունի ընտրողների ձայները գնել քառասուն հազար դրամով։ ՀՀԿ-ականները Քանաքեռ-Զեյթուն համայնքից դուրս, փորձում են ձայն գնել 10-15 հազար դրամով, իսկ երեւանցիներից շատերը հեռուն են ուղարկում այդ գումարը տնօրինողներին՝ հիշեցնելով, որ Քանաքեռում 40 հազար արժե ձայնը, ուրեմն պետք է բարձրացնել ընտրակաշառքի գինը։

Առանց մեկնաբանության։ Երեկ Միհրան Պողոսյանը հերթական հանդիպումն է անցկացրել իր ընտրողների հետ, որի ժամանակ հայտարարել է. «Պետք ա ընդամենը նայել՝ ով ի՞նչ ա արել իրա կյանքում, ով ինչի՞ ա հասել իրա կյանքում, ով իր ճանապարհն ինքն ա՞ հարթել, ում համար ճանապարհ են հարթել եւ դրել են որոշակի տեղ, որ ինքը ապրի էդտեղ։ Ով ունի հետագիծ, ով ունի անցած ճանապարհ, ով ունի փորձ պետական կառավարման ոլորտում, ով ունի փորձ՝ բիզնեսի կառավարման ոլորտում, կարճ ասած՝ ով իրենից ինչ ա՞ ներկայացնում, ինքը ինքն է, թե ինքը ինչ-որ մեկինն է։ Ում մեջ կայծ եք տեսնում, էդ մարդուն էլ ձեր ձայնը տվեք։ Ով որ սառած ա, դրածո ա, պետք չի ձայն տալ, հերիք ա արդեն ժամանակավոր մարդկանց փորձեք դարձնել վերին ատյանների մարդ, չկան-չկան։ Ժողովուրդ, եթե մարդ իրանից բան չի ներկայացնում, ինչքան էլ ուզում ես հետեւից բրդի, ինքը առաջ չի կարողանալու գնալ։ Պետք են մարդիկ, որոնք քաշում են, պետք չեն մարդիկ, ում որ քաշում են կամ բրդում են առաջ։ Դրա համար խնդրում եմ՝ ապրիլի 2-ին լուրջ վերաբերվեք, ապրիլի 2-ին մեր բալիկների համար ձայն տվեք»։

Հ. Գ. Քեթրինի Միհրանն իր կյանքի կարճ տեւողության ընթացքում հասցրել է դառնալ միլիոնատեր։ Ազնիվ աշխատանքով հնարավոր չէ այս երկրում կարճ ժամանակում միլիոնատեր դառնալ։ Միհրան Պողոսյանն ինքն իր համար ճանապարհ է հարթել օֆշորում, իր համար պետական կառավարման ոլորտում ճանապարհ են հարթել քեռիները։ Կարճ ասած՝ Միհրանն ինքն իրենը չէ, թե ինքը ումն է՝ գիտեն վերջինիս քեռիներն ու ԱԱԾ նրա գործընկերները (իր մասնագիտական կարիերան Միհրան Պողոսյանը սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից։ ՀՀ ԱԱԾ պետի ֆինանսական գծով տեղակալը այդ տարիներին եղել է Գրիգորի (Գրիշա) Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանի քեռին)։ Կարճ ասած՝ Միհրան Պողոսյանին քաշել ու բրդել են առաջ, նա առաջ չէր գնա, եթե Հայաստանում ամեն ինչ այնպես չլիներ, ինչպես այսօր է։ Ու հենց դրա համար էլ պետք է ապրիլի 2-ին լուրջ վերաբերվել՝ բացառել մեր երազած Հայաստանում Միհրան Պողոսյանի տեսակի հաղթանակը»։

«ՉԻ», 14.03.2017

ՎԱՐԿԱՆԻՇ

   4580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ