...

Քոչարյանի որդին շուստրիության մի «լեվել» էլ անցավ

Քոչարյանի որդին շուստրիության մի «լեվել» էլ անցավ

Նիկոլ Փաշինյանը Լոս-Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց կլաններով, մինչև ժողովրդից թալանած վերջին կոպեկը պետք է վերադարձնեն, որ նրանք պետք է 1998 թվականի կարգավիճակին հասնեն. «Ասել եմ՝ կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձնելու ենք։ Էդ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 1998-ից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին։ Էդ վունդերկինդնե՞ր են։ Հիմա ինչի՞ չեն աշխատում էդ միլիոնները։ Մե՞նք ենք խանգարում։ Խանգարում ենք՝ թող գնան արտերկրում աշխատեն։ Վերադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ։ Ստատուս-քվոն (նկատի ունի Քոչարյանների կապիտալը՝ խմբ.) պետք է վերադառնա 1998 թվից առաջ. ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը։ Ակտիվ քաղաքականության են վերադառնում, ուր ուզում եք՝ վերադարձեք, մինչև վերջին կոպեկը վճարելու են»:

Բնականաբար, սպասվում էր, որ այս հայտարարությանը արձագանքելու են նախկին իշխանությունները՝ «արժանի հակահարված» տալով: Բայց պատասխանողը Լևոն Քոչարյանն էր՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին: Այն, ինչ ինքն է գրել իր էջում, ուղղակի ցանկացած ռացիոնալ մտածող մարդու կարող է շոկի մեջ գցել:

Նա զարմանալիորեն հաջողացրել է պատասխանի մեջ ներառել... 1998թ. Արցախի ստատուս-քվոյի մասին թեման:

Գրել է. «Նա (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998-ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։

1998-ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին:

1998-ից հետո՝ հորս նախագահության 10 տարվա ընթացքում պետական բյուջեն մեծացավ 8 անգամ և երկնիշ տնտեսական աճերով տնտեսության չափերն ավելացան 6 անգամ։ Դրանից, ի դեպ, օգտվել է նաև Նիկոլը, ում թերթային բիզնեսը ծաղկել է այդ տարիներին, նա թանկարժեք շարժական ու անշարժ գույք է ձեռք բերել:
Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս քվոն, ապա թույլ չենք տալու։

1998-ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»,- սա Լևոն Քոչարյանն է գրել: 

Իսկապես, սա կոչվում է մանր գեղցիական շուստրիություն: Փաշինյանն ասում է. պիտի ունենաք այնքանը, որքան ունեցել եք՝ մինչև 1998 թվականը, Լևոն Քոչարյանը՝ ուղղակի, շրջանցում է իրենց ունեցվածքի մասին թեման ու կառչում արցախյան բանակցություններից, փուլային տարբերակից, ինչ-որ ոչ մի թզերից: Չի ցանկանում ասել, թե թույլ չենք տա, որ մեր գռփածը վերցնեք, փոխարենը իրենց ամենահարմար թեման են բացում. թե բա Նիկոլ Փաշինյանը 1998 ասելով, «նամիկատ» է անում, որ ինքը ծախելու է հողերը:

Բայց մի երկու նկատառում. որ Քոչարյանը ուրացել է իր մարտական ընկերներին, այն, որ հիմա ուրացողությունը փոխանցել է որդուն, այն որդուն, որի անվտանգության ու ազատության համար հարյուրավոր ազատամարտիկներ Հայաստանից գնացել ու Ստեփանակերտում կյանք էին տալիս, որ հետո Քոչարյանը նրանց բոլորին բանտերը լցնի, սա էլ է արդեն նորմալ իր դեպքում, դա իր կյանքի ամբողջ փիլիսոփայությունն է: 

Թե 1998-ից հետո՝ Քոչարյանի ղեկավարության օրոք որքան է մեծացել պետական բյուջեն, դեռ հարց է, բայց որ նրա ընտանիքի բյուջեն հազարապատիկ է մեծացել, սա փաստ է: Որ տասնյակ հազարավոր մարդիկ Քոչարյանի ղեկավարման արդեն առաջին տարիներին արտագաղթել են, ընդ որում՝ ընդմիշտ, դա էլ է փաստ: 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թերթային բիզնեսին. Քոչարյանի օրոք մատների վրա կարելի էր հաշվել ընդդիմադիր թերթերը, որոնցից մեկն էլ «Հայկական Ժամանակն» էր: Բնականաբար, Հայաստանում ամենաշատը մարդիկ ընթերցում էին Նիկոլ Փաշինյանի թերթն ու «Չորրորդ իշխանությունը»: Այսինքն, այդ բիզնեսը առաջ էր գնում Քոչարյանից զզվող, Քոչարյանին չընդունող, ազատության և ժողովրդավարության համար պայքարող  ընթերցողների շնորհիվ, ոչ թե՝ ԼՂԻՄ-ի «Մետաքսագործ» պատի թերթի նախկին գլխավոր խմբագրի, ինչպիսին՝ Ռ. Քոչարյանն է եղել:

Մենք դեռ անդրադառնալու ենք Ռ. Քոչարյանի քաղաքական անցյալին ու նրա ուրացողության բազմաթիվ դրսևորումներին: Բայց ավարտենք երեկ համացանցում տեղադրված տեսանյութով, որտեղ Վազգեն Սարգսյանը որոշ մանրամասներ է պատմում, թե ինչ քայլերի է գնացել ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հանուն արցախյան պատերազմում մեր հաղթանակների: Խորհուրդ կտանք Լևոն Քոչարյանին այն չդիտել. մեկ է, դրանից ուրացողության դոզան չի պակասի. ոնց որ թե դա ժառանգական է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ