...

ՍԴ որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատական գործընթացի վրա

ՍԴ որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատական գործընթացի վրա

Երբ մեղադրական եզրակացությունը հայտարարվի, ժողովուրդը Մարտի 1-ին կատարված իրադարձության ամբողջական պատկերը կստանա:

Երևանի ընդհանուր իրավասությունների  Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Դա արդարությո՞ւն է. երկրի ղեկավարը տասը տարի թալանի պետությունը, հետո էդ թալանածը պահելու համար կրակի՞ ժողովրդի վրա»,- նկատեց նա:

Նրա խոսքով՝ ժողովուրդը, գիտի, թե ինչ է իրականում կատարվել: Բայց, երբ քննված, ստուգված, փաստերը համադրած մեղադրական եզրակացություն է կարդացվում, այդ ժամանակ արդեն հանցագործության մասին ամբողջ ճշմարտությունը դառնում է հասանելի՝ կոնկրետ ով, ինչ է արել, ում է հրամայել, ինչ կազմակերպչական գործողություններ են կատարվել, որոնք ի վերջո բերել են Մարտի 1-ի ոճրագործությանը:

Հարցին՝ ի՞նչպես է վերաբերվում Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու տեսակետին, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «2008 թվականի մարտի 1-ից հետո բազմաթիվ հանրահավաքներում խոսել ենք, որ մի օր արդարադատությունը Հայաստանում տոնելու է իր հաղթանակը, մենք Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էինք իրականացնո՞ւմ, ուղղակի ծիծաղելի է: Պարզ բան ասեմ՝ Քոչարյանի որոշ աջակիցներ անգամ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը նրան բերեց քաղաքականություն, և դա մատուցում են իբրև փաստ, որն ապացուցում է քաղաքական հետապնդումը: Իրականում դա լրիվ հակառակն է ապացուցում»:

Նրա դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չկար, հանգիստ իր թալանածը վայելում էր: Ըստ Զուրաբյանի՝ այն պահին, երբ հասկացավ, որ հանգիստ թալանելու ժամանակը վերջացել է և պետք է արդարադատության առջև պատասխան տա, նա սկսկեց զբաղվել քաղաքականությամբ:

«Այդ Քոչարյանն է օգտագործում իբրև քաղաքականությամբ զբաղվելու գործունեությունը քրեական գործով պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այդպես չէ՞»,- նշեց նա:

Անդրադառնալով «ՉԻ»-ի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման հարցին՝ ՀԱԿ փոխնախագահը նախ նշեց, որ ՍԴ-ն որպես լեգիտիմ մարմին գոյություն չունի: Նրա կարծիքով՝ գոյություն ունի ոչ լեգիտիմ մարմին՝ կա ճգնաժամ կապված դատարավոր-անդամներ տարբերակման հետ:

«Գիտեք, որ Վահե Գրիգորյանի միջնորդությունը չի քննարկվել, որն արդեն կասկածի տակ է դնում այդ դատարանի պատշաճ լինելը: Բացի դրանից, մենք գիտենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, քանի որ չեն կարողացել Աժ պատգամավորի մանդատից ազատվելու 2 շաբաթվա ժամկետը պահել, և դա արել են մի պարզ պատճառով, որ ինքը 6 տարով չդառնա Սահմանադրական դատարանի նախագահ, այլ՝ ցմահ»,- ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրական  դատարանի նախագահ  է դարձել մի շարք պաշտոնյանների քրեորեն դատապարտելի արարքների հետևանքով, հետևաբար, չկա համոզմունք, որ գործ ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարանի հետ: ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝  Սահմանադրական  դատարանի որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատական գործընթացի վրա:

«ՍԴ տեքստն ասում է՝ արդյո՞ք Քոչարյանի արարքները հանցագործություն  են, թե՝ ոչ, որի համար նա կարող է քրեորեն հետապնդվել և կալանավորվել կախված է  հետևյալից, թե արդյոք այդ գործողությունները բխել են նրա կարգավիճակից որպես նախագահ, թե՝ ոչ: Իսկ այդ  հարցը կարող է լուծել միայն վարույթն իրականացնող մարմինը: Իրենք ասել են՝ քանի որ նախագահական անձեռնմխելիության հետ կապված խնդիրն արտացոլված  չէ 35-րդ հոդվածի մեջ, ուրեմն  կա օրենսդրական բաց, որի պատճառով կարող են խախտվել նրա իրավունքները: Նախ վիճելի է, որ օրենսդրական բաց կա, իրականում չկա: Եթե կա օրենսդրական բաց, դրա հասցեատերն Աժ-ն է: Բայց Սահմանդրական դատարանի որոշումը որևէ կերպ չի անդրադառնում կալանքի օրինականության վրա: Բոլոր հարցերում սխալ են, լեգիտիմ չեն, բայց անգամ լեգիտիմ լինելով այնպիսի որոշում են ընդունել, որը Քոչարյանի հետապանդման և կալանավորման  վրա որևէ ազդեցություն չի թողնում»,- տեսակետ հայտնեց Լևոն Զուրաբյանը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ