Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
24.11.2019   20:00
878

Սերժ Սարգսյանը վերաշարադրում է ՀՀԿ-ի և դրա «պոչին» կպածների մահախոսականը

Հեղափոխությունը և մասնավորապես անցյալ տարի տեղի ունեցած Աժ արտահերթ ընտրությունները պարզաջրեցին քաղաքական դաշտը, որը նախկին ռեժիմի օրոք հասցրել էր մի լավ շահագործվել, մասնավորապես` «դոդացվել», «դհոլացվել», «հաճախորդացվել», «րաֆֆիացվել», «իդիոտացվել», «դեմ ըլլալով` կողմ ըլլալացվել» ու այսպես շարունակ: 

Բոլոր այն կուսակցությունները, որոնք ճիշտ ժամանակին կողմնորոշվեցին ու «կպան» հեղափոխության «պոչին»` իրենց «կպումը» արդարացնելով որպես համաժողովրդական շարժմանը միանալու փառապանծ քայլ, կարողացան մի կարճ ժամանակաշրջան թոթափել քաղաքական թրաֆիքինգի զոհի  իրենց կարգավիճակը` հասնելով մինչև արտահերթ ընտրությունների հանգրվան: Եվ ահա, այս սահմանադրական միջոցառումը քաղաքական «գռդոնի» տարիների փորձ կուտակած ուժերի մեծ մասին ստիպեց առերեսվել սեփական վարկանիշի հետ` ընտրությունների արդյունքների տեսքով, և ցույց տվեց վերջիններիս իրենց իսկական տեղը`«քաղաքական մայրուղի»:

Հեղափոխությունից մեկուկես տարի անց, քաղաքական մայրուղում է'լ ավելի է հստակեցվել սևի ու սպիտակի սահմանագիծը, իսկ «երթևեկությունն» այդտեղ ընթանում է «պապան ոնց թույլ կտա»-ի սկզբունքով, այսինքն` խրախուսվում է հակաիշխանական բնույթի կարգազանցություն և խախտում: 

Ակնհայտ է, որ մի կողմում ունենք հեղափոխության միջոցով իշխանության եկած քաղաքական դաշինք, մյուս կողմում՝ իրենց պարտության հետ չհամակերպվող և հեղափոխությունը չարիք բնորոշող, իշխանության լեգիտիմությունն ամեն կերպ վնասել փորձող քաղաքական ուժերի համախումբ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս վերջին խմբի ներկայացուցիչներն անգամ ՀՀԿ-ի` իշխանությունից հեռանալուց հետո էլ չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և ռեաբիլիտացվել` դուրս գալով զոհի, շահագործվածի իրենց հոգեվիճակից և, ինչպես ասում են` կյանքը նոր էջից սկսել: Մինչդեռ ակնկալվում էր, որ հետհեղափոխական իրավիճակը կարող է կուսակցական գործունեության նոր մշակույթ ձևավորել, հավասար, մեկնարկային պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար և որպես փոխհատուցում թույլ տալ վերջիններիս վերադառնալ իրենց սկզբնական, անաղարտ գաղափարական ակունքներին, ինքնամաքրվել ու դառնալ գործող իշխանության իրական, հավակնոտ այլընտրանք:  

Քաղաքական դաշտի վերոհիշյալ պարզաջրման գործողությանը, փաստորեն, այժմ էլ հաջորդել է այդ դաշտի փոշիացման, ռևանշի հողի վրա համահարթեցման գործողությունը, երբ ամենատարբեր գաղափարական հենքով, ահել ու ջահել քաղաքական ուժերը` պահպանողականից մինչև սոցիալիստական, «խոշորացվել են» մեկ ընդհանուր շահի շուրջ` «մահ Նիկոլի իշխանությանը», а дальше-будет видно: Սա է պատճառը, որ այդ դաշտից լսվող ցանկացած «սիգնալ», եթե անգամ այն իշխանությանը սթափեցնելու և հնարավոր «ազգակործան վթարներից» ապահովագրելու ազնիվ նպատակ ունի, լսելի չի դառնում, քանի որ «սիգնալի» ոճը նույնականացվում է Մելիք-Ադամյան փողոցի հայտնի գրասենյակի ղեկավարի հետ: 

Ի դեպ, այս կուսակցության վերջին մեկուկես տարվա գործունեությունը հուշում է, որ դրա ղեկավարի խոհեմության ու իմաստնության, իր ունեցած քաղաքական փորձն ու գիտելիքները պետության զարգացմանն ի սպաս դնելու մասին մինչհեղափոխական պնդումները խիստ չափազանցված են: Խոհեմության չնչին առկայությունը պետք է հուշեր ՀՀԿ նախագահին իր հրաժարականի հաջորդ օրն իսկ կազմակերպել սեփական ինքնամերժումն ու բռնել ապաշխարության, քաղաքական դաշտն իր ներկայությունից ազատելու ճամփան: Եթե նա դա աներ, ապա այսպիսով  նրան կհաջողվեր օդանցք բացել ՀՀԿ-ի ինքնամաքրման համար`այդ կառույցին թույլ տալով վերադառնալ իր սկզբնական առաքելությանն ու նպատակներին՝ «ծառայել ազգի և հայրենիքի հավիտենության գաղափարին», «նպաստել ՀՀ քաղաքական համակարգի կայունացմանը, զարգացմանը և ամրապնդմանը», «օժանդակել քաղաքացիական հասարակության կառուցմանը» և այլն: 

Թե որքանով են սույն կուսակցության կանոնադրության մեջ ձևակերպված այս վեհ նպատակներին ներդաշնակվում վերնատան ֆասադով, բայց «չուլանի» ֆունկցիոնալությամբ զանազան ակումբների ստեղծումը, ներքաղաքական տարաբնույթ սադրանքներ ու սաբոտաժ հրահրելը, փեսա-փուսաների քերթած հոդված-ստատուսների միջոցով իշխանությանը հաթաթաներ տալն ու այդ ամենի միջոցով ռևանշ ապահովելը` թող դատի ընթերցողը:  

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը կուսակցության «հավաքներից» մեկի ժամանակ բարձրացրել էր ՀՀԿ նախագահությունից իր հեռացման հարցը: Բայց քանի որ ինքը, ինչպես վերջին ելույթներից մեկում էր հայտարարել, մեկն է, որը իր որոշումները երբեք չի փոխում, շարունակում է ցայսօր պաշտոնավարել որպես ՀՀԿ նախագահ: Այսինքն` իր նախագահության ամեն հերթական օրվա հետ վերաշարադրել ՀՀԿ-ի և այժմ էլ դրա «պոչին» կպածների մահախոսականը:     

Հեղինե Մանուկյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019



 Պիտակներ

         Չորրորդ իշխանություն, Հեղինե Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497