...

Շրջափակված փոքրիկ Հայաստանն այլևս չի կարող դիմակայել ևս մեկ 1998թ.

Շրջափակված փոքրիկ Հայաստանն այլևս չի կարող դիմակայել ևս մեկ 1998թ.

Երեկ մեղադրյալ Քոչարյանի զինակից Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս խորհրդի կազմից, ինչի մասին արդեն իսկ գրավոր տեղեկացրել է Կառավարությանը: Իհարկե, հրաշալի է, որ Վազգեն Մանուկյանն ինքնակամ թողնում է Հանրային խորհուրդը, բայց խորհրդի անդամներին գրած նամակում մտահոգիչ տողեր կան, որոնք նույն բանն են ասում, ինչ որ մեղադրյալ Քոչարյանն էր օրեր առաջ ասել «Sputnik Արմենիային», ինչին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։ 

Ահա այսպես։ Պարոն Մանուկյանը Հանրային խորհրդի անդամներին ուղղված նամակում ասել է․«Այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»: Այնուհետև Վազգեն Մանուկյանն իշխանություներին մեղադրելով հասարակության մեջ առկա ճաքերը մեղմել չկարողանալու, համերաշխության մթնոլորտ չստեղծելու, ժողովրդին չհամախմբելու մեջ՝ նկատել է․«Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է»:

Վազգեն Մանուկյանն իր հետագա գործունեությունն անիմաստ համարելով ասել է, որ ինքն իր պայքարը շարունակելու է հանուն պետության ու ժողովրդի շահերի, ինչպես պայքարել է իր ողջ կյանքի ընթացքում։ Դիմենք ժամանակակից բառապաշարին՝ տեղ հասանք։

Շատերն են հիշում, թե ինչպես է Վազգեն Մանուկյանը պայքարել ողջ կյանքի ընթացքում նախագահ դառնալու համար՝ իրեն նույնացնելով պետության հետ և հայտարարել, թե պետության համար է պայքարում։ Պատերազմի տարիներին, երբ իր ԱԺՄ-ով և դաշնակներով ատելություն, թշնամանք էր քարոզում իշխանությունների հանդեպ, դա չէր համարում հասարակության պառակտում, համարում էր համերաշխության քարոզ։ Այնուհետև պատերազմում հաղթանակած նախագահի դեմ ատելության և թշնամանքի քարոզի չափաբաժինն այնքան ավելացրեց, որ ոչնչի դեմ չէր կանգնում և 1996թ-ին ամբոխը տարավ ԱԺ և ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահին ու տեղակալին, ինչը և ազդարարեց իր քաղաքական կարիերայի անփառունակ վախճանը։ Պատերազմի տարիներին ատելություն ու թշնամանք  քարոզելը հասարակության պառակտում չէր, իրեն թվում էր, թե հասարակությունն էր համախմբում և համերաշխություն տարածում, որ «նախագա» դառնա։ Փաստորեն Վազգեն Մանուկյանը նորից նույն ձևով է պայքարելու պետության ու ժողովրդի համար։ Մտահոգիչ է։ Գուցե Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ ներողություն խնդրի։ 

Իսկ հիմա, թե ինչու մեկ տասնամյակ անց Հանրային խորհրդի նախագահը նոր է հիշում սեփական գործառույթների մասին։ Երբ մարտի մեկի սպանդից հետո Սերժ Սարգսյանը ստեղծեց Հանրային խորհուրդ կոչվող ամուլ կառույցը և նվիրեց Վազգեն Մանուկյանին, ավելին՝ ինչպես իր վաղեմի բարեկամ Արշակ Սադոյանն էր մամուլին ասել՝ իրենք Հանրային խորհրդով տարին երկու անգամ խաշ ուտելու են գնում Սերժ Սարգսյանի հետ։ Ստացվում է, որ նրանք տասը տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի հետ մոտավորապես քսան անգամ խաշ են կերել։ Ենթադրվում է, որ խաշի սեղանին անպայման Սերժ Սարգսյանի հետ բաժակ է բարձրացրել նաև Վազգեն Մանուկյանը։ Նույնիսկ սա չխանգարեց, և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Վազգեն Մանուկյանն առաջինը բաժակ բարձրացրեց ու առանձնակի հրճվանքով նշում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչը մամուլն աննկատ չթողեց։ Վազգեն Մանուկյանն այս կերպ հայտնեց երախտագիտությունն իր երբեմնի շեֆին։ Երբ ստանձնեց Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնը, իշխանության ու  հասարակության միջև ոչ թե ճաքեր էր առաջացել, այլ անդունդ։ Իշխանությունը կրակել էր խաղաղ ցուցարարների վրա. 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, տասնյակներով շինծու գործերով քաղբանտարկյալներ, որոնց գործերը ՄԻԵԴ-ը հերթով արդարացնում է։

Չգիտես ինչու Հանրային խորհրդի նախագահն իր գործառույթների մասին չէր հիշում։ Իսկ հիմա, մեկ տասնամյակ անց նոր է հիշում իր ամենակարևոր գործառույթը։ Ընդհանրապես, հանրային խորհրդի նախագահը մեկ տասնամյակ լուռ է եղել, հանրությանը հայտնի չի էլ եղել, որ նման կառույց գոյություն ունի, իսկ հիմա աշխարհի ու տարածաշրջանի փոխվելուց է խոսում, որ մարտահրավերներ կարող են լինել մեր անվտանգության և Արցախի հարցում։ Ապրիլյան քառօրյային լուռ էր, երբ 800 հա տարածք կորցրինք, սահմանին հարյուրավոր զոհեր էր լինում, դարձյալ լուռ էր։ Արձանագրենք, որ սահմանին զոհերի թիվը համեմատած անցած քսան տարիների՝ պակաս է, և եթե հավելենք համանախագահող երկրներից մեկի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունը, ապա Ղարաբաղի հարցում մեր դիրքերն ավելի նպաստավոր են, քան եղել է անցած քսան տարիներին, իսկ հիմա նոր է Վազգեն Մանուկյանն անհանգստանում։ Կարող ենք ենթադրել, որ նամակի տեքստը պատրաստ է եղել մինչև Լավրովի հայտարարությունը և ընդհանրապես նամակի բովանդակությունը մեղադրյալ Քոչարյանի «Sputnik Արմենիային» տված հարցազրույցից քաղվածք է հիշեցնում և եթե հավելենք, որ «Վերնատուն» ակումբում էլ Քոչարյանի աջակիցներին է համախմբում, ապա պատկերն ամբողջական է դառնում, ինչը չի կարող չանհանգստացնել թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը։

1998թ. պալատական հեղաշրջումը երկիրը հետ տարավ մի քանի տասնամյակով, իսկ 1998թ կրկնությունն արդեն պետության ու հասարակության համար կործանարար կլինի։ Պատերազմական իրավիճակում գտնվող, շրջափակված փոքրիկ Հայաստանն այլևս չի կարող դիմակայել ևս մեկ 1998թ։ Իշխանություններն օր առաջ պիտի իրականացնեն դատաիրավական համակարգի բարեփոխումները։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ