...

Սփյուռքին ասում են՝ ստեղից էլ տուն չառնեք

Սփյուռքին ասում են՝ ստեղից էլ տուն չառնեք

Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ: Գույքը ներկայիս կադաստրային արժեքի փոխարեն հարկվելու է վերջինիս շուկայական գնին մոտարկած արժեքով: Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։

Խորհրդարանում  օրինագծի քննարկման ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ գույքահարկն իրականում վերին շեմի համար է փոխվում:

«Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքը ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա, բայց հարգարժան գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով, և որի համար շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»,- պարզաբանում են իմ քայլականները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սա համարում է սոցիալական հավասարությանն ուղղված բաղադրիչ՝ նկատի ունենալով նախկին իշխանության օլիգարխների շքեղ առանձնատները, որոնք ցածր գույքահարկ են վճարում:
Այս գաղափարը, սակայն, ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության մեջ և փորձագիտական շրջանակներում։ Նրանց մի մասը պնդում են, որ հարուստներից բացի, բեռի տակ է ընկնելու նաև շարքային քաղաքացին: Մտահոգվում են. կենտրոնում կան բնակիչներ, որոնք այդտեղ են ապրում օրինակ դեռևս 1970-ականներից և հարուստ չեն համարվում,  բայց այս պարագայում նրանք ևս պետք է գույքահարկ վճարեն փոփոխված գնով:

Փող հավաքելու միջոց

Գույքահարկի սպասվող գնային փոփոխությունն անշարժ գույքի շուկայում անհանգստությունն է առաջացել: Ոլորտի աշխատակիցների կարծիքով՝ այն կբերի շուկայի փլուզմանը:

«Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Բաղդասարյանն այս փոփոխության կարիքը չի տեսնում: «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը շուկայում բացասական հետևանքներ է թողնելու:

«Էլ տները չի վաճառվի: Նաիրի Զարյան 74-ում լրիվ ընտիր սարքած բնակարանը հազիվ ծախվավ, իսկ կողքի շենքի բնակարանը, որն էլիտար չէ և ամսական տալիս են 10 000 դրամ հարկ, այդտեղ ավելի էժանով վռազ ծախվավ: Մարդիկ մտածում են՝ ես տուն առնեմ ու իմ տան մեջ վարձով ապրեմ»,- նկատեց նա:

Գործակալության տնօրենն  ասում է, որ այսօր Հայաստանում նորակառույց, էլիտար բնակարանների գնորդների 80 տոկոսը սփյուռքի հայերն են:

«Սա ուղղակի փող հավաքելու միջոց է: Մեր երկիրը դեռ այդ աստիճանին չի հասել, որ շքեղության համար պետբյուջեին փող տա: Վերցնում են Ֆրանսիայի փորձը և այլ երկրների, բայց այնտեղի աշխատավարձերն ու այստեղինը նույնը չեն»,-  նշեց նա:

«Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրենի կարծիքով՝ եթե նպատակը նախկին պաշտոնյանների շքեղ բնակարանների գույքահարկը բարձրացնել է, կարող են այլ մեթոդներ մշակել, քանի որ այդպիսի շքեղությունները մեծամասնություն չեն:

«Մի քանի հոգու համար 1 միլիոն մարդուն չեն տանջում: Իրենք սփյուռքին ասում են, որ ստեղից էլ տուն չառնեք: Ցանկացած անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողի հարցրեք, թե մեծ տներն ո՞վ է առնում: Դրսի մարդիկ են միայն գնորդները»,- ասաց Էդգար Բաղդասարյանը:

Ռիսկեր տնտեսության համար

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այլ մտահոգություն ունի: Ըստ նրա՝ չպետք է ադմինիստրատիվ մեթոդներով պետական գանձարանի եկամտային մասը համալրել, այլ՝ առաջնորդվել պահանջարկվածությամբ:

«Այն գույքահարկը, որը պետք է գանձվի նույն  տարածքներից, որոնք կարող են արտադրական նշանակության համար օգտագործվել, կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղական արտադրության զարգացման համար:  Պետք է որոշ բացառություններ լինեն: Արտադրության, ստարտափների համար բարձր գույքահարկ վճարելը խոչընդոտ է: Կառավարությունն այս դեպքերում պետք է բացառություններ կիրառի: Միջազգային պրակտիկայում կա այդպիսի փորձ: Ես պետք է նշեմ, որ Վրաստանը շատ խորհրդանշական գին էր սահմանել ներդրողների համար, ովքեր տուրիզմի զարգացման համար հյուրանոցներ կառուցեցին: Վերջնանպատակը պետք է լինի ոչ թե գույքահարկի գումարների մուտքը պետբյուջե, այլ արտադրության զարգացում, աշխատատեղերի հարցի լուծում»,- կարևորեց տնտեսագետը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ