...

Տաշիրյան սարդոստայն

Տաշիրյան սարդոստայն

Հայաստանյան տխուր իրողություններից մեկն այն է, որ երկրի համար ճակատագրական իրադարձությունների մասին մենք տեղեկանում ենք ոչ թե դրանց անմիջական մասնակիցներից, մեր կառավարությունից կամ հայկական մամուլից, այլ, ասենք, ռուսական թերթերից։ Այսպես, նոյեմբերի 28-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը ազդարարեց «Սևան-Հրազդան Կասկադի» շուրջ կայացած գործարքի մասին, համաձայն որի «ՌուսՀիդրո»-ն վաճառելու է Միջազգային էներգետիկ ընկերության բաժնեմասերի 90 տոկոսը Հրազդանի էներգետիկ ընկերությանը։ Այս լուրը ուշագրավ է նրանով, որ վերջինս պատկանում է ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին։ 

Դեկտեմբերի 4-ին 1in.am-ին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով «Սևան-Հրազդան Կասկադի» վաճառքին, պնդեց, որ Սամվել Կարապետյանը գնել է նաև «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը և բանակցություններ է վարում «Բիլայնի» գնման մասին։ Նա հայտարարեց, որ կառավարության անգործության պատճառով Հայաստանի էներգետիկայի և կապի ռազմավարական ձեռնարկությունները կենտրոնանում են Կարապետյանի ձեռքում, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում երկրի տնտեսական և քաղաքական համակարգի համար։

Փորձենք վերլուծել ստեղծված իրավիճակը։ Սամվել Կարապետյանն ու նրա եղբայր Կարեն Կարապետյանը մշտապես թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հավակնություններ և հետաքրքրություններ են ունեցել Հայաստանում։ Նրանց լոբբինգի և Հայաստանում 250 միլիոն դոլարի ներդրումներ անելու խոստման շնորհիվ Կարեն Կարապետյանը անգամ 2008-ին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահական աշխատակազմի ղեկավար։ Ճիշտ է, ընդամենը երեք տարի հետո Կարեն Կարապետյանը ազատվեց այդ պաշտոնից աղմկոտ քաղաքական սկանդալի պատճառով։ Եթե հիշում եք, նա լրագրողների ներկայությամբ բողոքավոր քաղաքացիներին անվանել էր «համբալներ»։ Սեփական քաղաքացիների հետ վարվելու քաղաքավարությամբ սարգսյանական վարչակազմը երբեք առանձնապես չի փայլել, բայց անգամ նրանց համար դա դժվար մարսելի էր։ 

Բացի այդ, կար նաև մեկ այլ նրբություն։ Իրականում ռուսական կապիտալի վրա հիմնված Կարապետյանների քաղաքական-տնտեսական նկրտումներին Սերժ Սարգսյանը հակադրել էր քրեական, բայց տնաբույծ «հայաստանյան» օլիգարխիայի բևեռը, որի մեջ մտնում էին ինքը՝ Սերժ Սարգսյանը, նրա եղբայրները, փեսա Միքայել Մինասյանն ու Գագիկ Խաչատրյանը։ Այդ երկու բևեռների միջև ընթանում էր թաքնված պայքար Հայաստանի ռազմավարական ռեսուրսներին տիրանալու համար։ 

2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ իրավիճակը դուրս եկավ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի վերահսկողությունից և, բողոքի ցույցերը ցանկալի ուղղությամբ օգտագործելու նրանց ծրագրերին հակառակ, Հայկական էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) անցան Սամվել Կարապետյանի վերահսկողության ներքո։ Այնուհետև Կարապետյանը վերահսկողություն հաստատեց Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի (ԲԷՑ) կառավարման նկատմամբ։ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների նախօրեին Սամվել Կարապետյանի օգտին խաղացող վարչապետ Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով նրան վաճառվեց նաև Հրազդանի ՋԷԿ-ը, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։ Իսկ հիմա նաև «Սևան-Հրազդան Կասկադը» գնելով, Սամվել Կարապետյանը, առանց չափազանցության, գրավել է Հայաստանի էներգետիկայի բոլոր կարևոր ռազմավարական բարձունքները և կարող է բառիս բուն իմաստով թելադրել արտադրվող էլեկտրաէներգիայի գնման և սպառողներին վաճառքի գները մի միջավայրում, որը բացառում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որևէ արդյունավետ կարգավորում կամ հակադրում։

Թավշյա հեղափոխությունը ոչնչացրեց Հայաստանի ռազմավարական ռեսուրսների տնօրինման պայքարում Սերժ Սարգսյանի առանց այդ էլ պարտվող կլանի դիրքերը։ Քրեական հետապնդումից խուսափելու նպատակով Հայաստանից հեռացել են Սարգսյանի եղբայրները և փեսան, վերջինիս նկատմամբ գործ է հարուցվել Ձորահէկը ապօրինաբար սեփականացնելու առթիվ։ Կալանքի տակ է գտնվում Գագիկ Խաչատրյանը։ Այս վիճակից օգտվելով, Սամվել Կարապետյանը սկսել է դիրքեր գրավել նաև հեռահաղորդակցության բնագավառում։ Նրա վերահսկողության ներքո են անցել «Յուքոմ»-ում Միքայել Մինասյանի և Գագիկ Խաչատրյանի բաժնեմասերը, ինչի հետևանքով նա ձեռք է բերել բաժնեմասերի ավելի քան 80 տոկոսը։ Եթե ճիշտ են Զուրաբյանի պնդումները, Կարապետյանն այսօր բանակցություններ է վարում նաև «Բիլայնի» գնման շուրջ։ 

Ակնհայտ է, որ կապն ու էներգետիկան տալով մեկ մարդու ձեռքը, մեր պետությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու թե՛ տնտեսության և թե՛ ժողովրդավարության ապագայի համար։ Հեղափոխական հանրային վերելքի պայմաններում այդ խնդիրները դեռևս չեն երևում, բայց ապագայում, երբ հեղափոխական ոգևորությունը իր տեղ զիջի կոշտ տնտեսական իրողություններով թելադրված կենցաղին, պարզվելու է, որ մեր ամբողջ քաղաքական և տնտեսական համակարգը բացառապես շահույթ հետապնդող մի հրեշավոր մենաշնորհի պատանդ է դարձել, իսկ երկրի հպարտ քաղաքացիները նորից վերածվել են այդ մենաշնորհը սնելու համար իրենց կյանքը քարշ տվող «համբալների»։  

Ցավոք, պարզամիտ ֆեյսբուքյան փիառի և սելֆի անելու մեջ մասնագիտացած մեր երիտասարդ կառավարությունը չի տեսնում այս խորքային վտանգը և ոչինչ չի անում դեպքերի նման ընթացքը կանխելու ուղղությամբ։ Հետևաբար, հպարտ բոլոր քաղաքացիներիս խնդիրն է այս մտահոգությունները հասցնել երիտասարդ կառավարությանը ֆեյսբուքով թե նրան հասանելի այլ խողովակներով, և ստիպել ընդունել հակամենաշնորհային օրենսդրություն, որը կբացառի մի նոր, Չարենցի բառերով ասած, «աներևույթ հսկայական մի սարդի» ստեղծումը։ 

Գաբրիել Թորգոմյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   96347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ