...

Թիրախում են հեղափոխությունն իրագործողները

Թիրախում են հեղափոխությունն իրագործողները

Հեղափոխությունից հետո Հայաստանի ներքին կյանքում ինտրիգների պակաս չի նկատվում: Նախկիններն իրենց ֆինանսական և լրատվական ռեսուրսներով պատերազմ են հայտարարել լեգիտիմ իշխանությանը, ասել կուզի՝ ժողովրդին: Նրանք նույնիսկ չեն խորշում Արցախի և Հայաստանի միջև բախում առաջացնելուց: Իշխանությունների համար այդքան վտանգավոր չէ նախկինների քարոզչությունը, որքան իրենց թիմակիցներինը: Իհարկե, նախկիններն այդքան միամիտ չեն, որ մտածեն իրենց վերադարձի մասին, նրանք հրաշալի գիտեն, որ իրենց վերադարձ չկա, ժողովրդի հիշողությունն այդքան կարճ չէ, բայց վարկաբեկում են իշխանություներին:

Ինչո՞ւ է այս քարոզչական պատերազմն այսքան կատաղի: Պատասխանը միանշանակ է: Խուսափել են ուզում արդարադատությունից: Մի մասն ուզում է նախկինում թալանածը բարեհաջող վայելել, իսկ մյուս մասն էլ ուզում է մեղադրյալ Քոչարյանին տեսնել ազատության մեջ, ինչը նշանակում է դարձյալ խուսափել արդարադատությունից: 

Հայտնի է, որ Քոչարյանին առաջադրված է ծանրագույն մեղադրանք: Փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն, թե թալանչիներն ովքեր են եղել, մամուլը գրեթե ամեն օր մի թալանչու մասին ազդարարում է: Իսկ մարտի մեկի սպանդն էլ բոլորիս աչքի առջև է եղել: Կրակել են սեփական ժողովրդի վրա: Քաղաքացին հրաշալի գիտի, թե որ լրատվամիջոցն ու՞մ շահերին է ծառայում: Նախկինների նույնիսկ կատաղի հակաքարոզչությունը լումայի արժեք չէր ունենա, եթե իշխանությունների թիմակիցները չզբաղվեին սեփական թիմի՝ հանրության շրջանում հեղինակություն ունեցող, իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներին վարկաբեկելով և ներսից թուլացնելով իշխանությանը, ինչը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է: 

Եթե նախկինում  «Իմ քայլի» պատգամավորն իր թերթում վարկաբեկող հոդվածներ էր հրապարակում Արսեն Թորոսյանի մասին, հիմա արդեն  բանակին է հասել:  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու բանակում ծառայության հարցն էր քննարկման առարկա դարձրել, որ Արտակ Դավթյանն իր տղային արտոնյալ պայմաններում ծառայության է ուղարկել Վայք: Բայց թերթը չի մանրամասնել, թե ի՞նչ արտոնյալ պայմաններում է ծառայում Արտակ Դավթյանի տղան: Պատկերացնու՞մ եք, իշխանական պատգամավորի թերթը բավարար է համարում այդ փաստը. եթե Արտակ Դավթյանի տղան Վայքում է ծառայում, ուրեմն Արտակ Դավթյանը պիտի հրաժեշտ տա պաշտոնին և նույնիսկ հեռու մնա բանակից: Հանցագործությու՞ն է, երբ պաշտոնյայի տղան Վայքում է ծառայում: Իսկ Արտակ Դավթյանը բանակում Նիկոլ Փաշինյանի վստահելիներից է: 

Իհարկե, «Իմ քայլի» պատգամավորի թերթն իր «բարձունքում» չէր լինի, եթե «չհիմնավորեր», որ Արսեն Թորոսյանն էլ պիտի հեռանա իր պաշտոնից: Իսկ հիմնավորումը ժպիտ է առաջացնում: Արսեն Թորոսյանը բժշկական փաստաթղթերով  է ազատվել բանակում հետագա ծառայությունից և համացանցում էլ գրված է եղել, որ հիմքերն այդքան էլ ամուր չեն, և պիտի հեռանա պետական համակարգից: Դարձյալ թերթը չի մանրամասնում, թե համացանցում ո՞վ է որոշել բժշկական փաստաթղթի ամրության աստիճանը: Թերթի համար էլ համացանցի լուրերը վերջին ճշմարտություններն են քարոզչական պատերազմում, երբ համացանցը ֆեյքերի պակաս չունի, և համացանցի լուրերը պիտի որոշեն նախարարի ճակատագիրը: Ո՞ւմ մտքով կանցներ: 

Բանակում դրական տեղաշարժերն ակնհայտ են, զինծառայողների սննդակարգն ու արտահագուստն է փոխվել և դրանից անմասն չէր կարող լինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Առողջապահության ոլորտում նույնպես դրական դրական տեղաշարժերը նկատելի են: Այլ հարց է, որ Արսեն Թորոսյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, ինչը  շատերին դուր չի գալիս և քարոզչական պատերազմ են հայտարարել նախարարի դեմ:

Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա, թե ովքեր կարող են սասանել իշխանության հիմքերը և պիտի իմանար, թե ու՞մ էր ուղարկում ԱԺ: Վտանգը լինելու է իշխանության ներսից, և թիրախ են ընտրում վարչապետ Փաշինյանի առավել վստահելիներին, ովքեր հանրության շրջանում հեղինակություն են վայելում և իրենց ոլորտների պրոֆեսիոնալներն են: Իշխանությունը թուլացնելու ամենակարճ ճանապարհն է: Անհնար է այլ կերպ որակել, քան հիբրիդային պատերազմի բաղադրիչ: Հայտնի բան է՝ գողը, որ տանից է լինում, եզը երդիկից է դուրս գալիս:

Ջավահիր Այվազյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ