...

Նոր պատուհաս Սևանա լճի համար

Նոր պատուհաս Սևանա լճի համար

Սիգի որս

Կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության արդյունագործական ձկնորսության մշակած կարգն այժմ քննարկման փուլում է: Այն պիլոտային ծրագիր է լինելու և կիրառվելու է 150 տոննա ձկան համար:  Ընդ որում, ծրագրի նպատակը նախարարությունը երկու տարբերակով է բացատրում. վերջին 2 տարիներին սիգի արդյունագործական պաշարներն ավելացել են և արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել, որպեսզի սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը վերահսկողության տակ լինի:

Կասկածելի ծրագիր

Թեև վերջին տարիներին արդյունագործական սիգի պաշարների ավելացում կա, բայց այն դեռ այն ծավալի չէ, որ կարելի է որսալ: «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: 

Ամեն տարի ուսումնասիրում են արդյունագործական սիգի պաշարները: Անցյալ տարվա դրությամբ՝ այն մոտ 740 տոննա է կազմել: Որսը թույլ տալու համար, սակայն պաշարը  պետք է 1000 տոննան գերազանցի: Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին, վերջինս էլ խորհուրդ է տվել, թե ինչպես կազմակեպել որսը, որ քիչ վնաս հասցվի ձկնապաշարին: 

«20 տոկոսի չափով կարող են բռնել՝ մարտի մեկից  հոկտեմբերն ընկած շրջանում, որովհետև հետո սկսվում է նախաձվադրման և ձվադրման շրջանը: Նախարարի խորհրդականը զանգեց և ասեց, որ փոխենք մինչև դեկտեմբեր, իսկ  դեկտեմբեր-հունվարը ձվադրման շրջանն է, այսինքն՝ այս շրջանում չի կարելի որսալ»,- նշեց նա:

Բարդուղ Գաբրիելյանը մտավախություն ունի, որ 150 տոննա սիգ որսալու դեպքում սիգի պահածո արտադրողները կարող են խույս տալ պատասխանատվությունից, քանի որ այժմ չեն կարող պատասխանել, թե որտեղից իրենց այդ քանակությամբ սիգ, իսկ պիլոտային ծրագիր գուցե սիգի պահածոյացման համար հիմնավորումներ ունենան։

Զարմանալի զուգադիպություն

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին մարզպետարանը հրավիրել էր նաև Սևանում սիգի պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն իրականացնող ընկերությանը: Տնօրեն Ռոբերտ Մարտիրոսյանը մասնակցել է Էքսպո ցուցադրությանը: Ընկերությունն արտադրությունը կազմակերպելու համար նաև դրսից է ձուկ ներկրում: Մարզպետարանից հայտնեցին, որ գործարարը բիզնես ծրագիր չի ներկայացրել: Ապրանքների ցուցադրության ժամանակ, սակայն վարչապետի հետ մասնավոր զրույց է ունեցել: Իսկ թե ինչ են քննարկել, հայտնի չէ:

«Արգելված պտուղի» բացահայտ կողմերը

2006 թ․-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի մինչ օրս որսն արգելված է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձկան որսի  մաֆիա է գոյություն ունեցել: Ոտիկանապետին հանձնարարել էր գտնել որսագողության և կոնկրետ Սևանա լճից սիգի ապօրինի որսի դեմ պայքարի ձևերը։ Գլխավոր դատախազությունն էլ հայտարարեց, որ սիգի որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել են պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։

Թեև արգելված է Սևանա լճից արդյունագործական նպատակներով սիգի որսը, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում վաճառվում է սիգ ձկան պահածո:

Պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից է «Գալիլիա» ՍՊԸ-ն, հիմնադիրը Հեղուշ Գալստյանն է։ Ըստ մամուլի՝ նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է: Սևանի սիգի պահածոներ արտադրող մյուս ընկերություններից  են  «էկո ֆուդն»-ը, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն, «Հարությունյաններ հայր և որդի» ընկերությունը և այլն:

Ճահճացող Սևան

Բնապահպաններն ու մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են լճի խնդիրների մասին, մատնանշում ձկան քիչ պաշարները: Այս տարի էլ Սևանի շուրջ բնապահպանական աղմուկը չդադարեց՝ լիճը կանաչել էր: Պատճառը  ջրիմուռների բուռն աճն է՝ ծաղկումը, որը բերում է ջրի գույնի փոփոխության: Բնապահպանների բնորոշմամբ՝ այս տեսակի ջրիմուռներն արտադրում են թունավոր նյութեր, և խիստ վատթարացնում են ջրի որակը։ Դրանք նաև կարող են վտանգավոր լինել թե՛ մարդկանց, թե՛ լճում ապրող ձկների համար։ 

Ըստ մասնագետների՝ ջրի մակարդակի իջեցման և դրա որակի վատթարացման պատճառով սկսվեց ճահճացման պրոցես, ինչը բերեց ջրիմուռների աճին: Մասնագետների մի խումբ էլ կարծիք հայտնեց, որ պրոցեսը կապված է նաև ձկան որսի հետ, ուստի պետք է ձկնորսությունը լճում բացառել:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ