...

Վահե Գրիգորյանը խոսեց Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ճգնաժամի մասին

Վահե Գրիգորյանը խոսեց Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ճգնաժամի մասին

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորություններին:

ՍԴ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

Նախաբան.

Հայաստանի Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ճգնաժամի առնչությամբ քննարկումները եւ մեկնաբանությունները վերջին չորս ամիսների ընթացքում, որքանով նկատելի է, ունեն հիմնականում խնդրի հատվածական ընդգրկում, եւ մինչ այսօր, ցավալիորեն, չկա այս հարցի համապարփակ նկարագրություն, որը կներառեր ՍԴ-ի շուրջ երկու տասնամյակի գործունեության վերլուծություն, ՍԴ-ի սահմանադրական առաքելության եւ իշխանական առույթների գործադրման համեմատության, ՍԴ-ի կազմավորման եւ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության եւ անհրաժեշտ այլ ասպեկտների վերլուծություն ու, համապատասխանաբար, լուծումների առաջարկ կամ, առնվազն, որեւէ լուծման անհնարինության փաստարկում:

Փոխարենը, այս ընթացքում Հայաստանի սահմանադրական անվտանգության համար լրջագույն այս հարցի եւ դրա շուրջ մտահոգությունների լրջությունը կենցաղային մակարդակի հասցնելով նսեմացնելու եւ անձնական-կարիերիստական հակումներով, օրվա քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ հրամայական վերահսկողության հաստատման, գեոքաղաքական սցենարների մաս լինելու կամ անձնական ամբիցիաներով պայմանավորելու պարզունակ փաստարկումների պակաս չի զգացվել: Սրանով իսկ նսեմացվել է հենց ՍԴ-ի դերակատարությունը Սահմանադրության գերակայության ապահովմամբ սահմանադրական առաքելության մեջ՝ ներկայացնելով այս մարմինը որպես միայն նման նկատառումների բերումով իրավաքաղաքական ուշադրության արժանի։

Այս շարքը փորձ է հնարավորինս ընդգրկուն ներկայացնել խնդիրը, եւ ներքո իմ բոլոր պնդումները բացվելու են յուրաքանչյուրի հիմքում ընկած իրավական հիմնավորումների եւ փաստարկումների շարադրանքով՝ հետագա հրապարակումներով: Այլ խոսքով, այսօրվա հրապարակումը ներածական բնույթ ունի եւ ամփոփ ներկայացնում է խնդրի կապակցությամբ իմ դիրքորոշման առանցքը, իսկ դրա շարունակությունը լինելու է այստեղ կատարված պնդումների բացվածքը:

Այս թեմայով հրապարակման անհրաժեշտությունը, բացի խնդրի կարեւորությունից, նաեւ այն իրողությունն է, որ մեր Հանրապետության բարձր դատարանի՝ մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության՝ ընդհանրապես, ճգնաժամը յուրաքանչյուր քաղաքացու անհատապես եւ Հայաստանի ժողովրդին հավաքականորեն վերաբերող խնդիր է: Եւ որպես այդպիսին, խնդրի դրվածքի եւ ճգնաժամի էության ձեւախեղմանն ուղղված ձեռնածություններից զերծ մնալու վստահելի միջոցը խնդրի բաց եւ հրապարակային քննարկումն է: Ճգնաժամի բացակայության մասին գերակշռաբար հենց ՍԴ անդամներից կամ նրանց հետ խստորեն փոխկապակցված շրջանակներից եկող պնդումների ողջ էությունն այն է, որ ՍԴ-ն շարունակում է նիստեր հրավիրել եւ անցկացնել, որոնց միայն անհնարինությունն է, որ կարող էր վկայել ճգնաժամի մասին: Սա մի ֆորմալիստական մոտեցում է, որի նպատակը, բովանդակայինն ստվերում թողնելով, ձեւական պատճառաբանություններով պատնեշվելն է:

Այս ներածական հրապարակմամբ քննարկվող հիմնական շեշտադրումները թերեւս սրանք են.

- Հայաստանի Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման շարժիչ բանաձեւը հակիրճ կարելի է ձեւակերպել․ Ժողովրդավարությունը կայունյությանը ստորադասելիս Հայաստանը չի կարող ունենալ ո՛չ կայություն, ո՛չ ժողովրդավարություն․

- Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների, իշխանության, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության առանձնաշնորհն է, ուր օտարերկրյա կազմակերպությունների հարգանքի և ուշադրության արժանի կարծիքը միայն խորհրդատվական կշիռ կարող է ունենալ,

- Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ ճգնաժամից դուրս գալու նախապայման է ՍԴ նախորդ ողջ ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականը,

- Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության եւ ժողովրդավարական լեգիտիմության դեֆիցիտը խորը վիճահարույց է դարձնում Հայաստանում համապետական ընտրությունների եւ անմիջական ժողովրդավարության՝ հանրաքվեների միջոցով ժողովրդաիշխանության իրականացման հնարավորությունը, քանի որ կասկածահարույց է այդ գործերով վեճերը վերջնական լուծող ատյանը,

- Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակների շրջանակը կախված է լինելու ՍԴ անցյալի գործունեության գնահատականից։

ՍԴ ճգնաժամի էությունը.

ՍԴ ճգնաժամն ունի երկու ասպեկտ՝ ՍԴ ժողովրդավարական լեգիտիմության բացը եւ ՍԴ կազմի սահմանադրականության դեֆիցիտը:

ՍԴ կազմի սահմանադրականության մասին.

ՍԴ կազմի սահմանադրականության խնդրի հակիրճ նկարագրությունը շարադրել եմ 26/06/2019 թ.-ի նամակում: Մասնավորապես՝ դրա բովանդակությունն այն էր, որ ՍԴ անդամի եւ ՍԴ դատավորի կարգավիճակները նույնական չեն: Դրանց տարբերությունը պայմանավորված է թե՛ թեկնածուների նշանակման եւ ընտրության չափանիշների ու կարգի, թե՛ նրանց պաշտոնավարման ժամկետների և թե՛ պաշտպանվածության ծավալի տարբերությամբ: Իսկ եթե Սահմանադրի նպատակն էր այդ կարգավիճակների նույնականացումը, ապա, հաշվի առնելով ՍԴ կազմի սահմանադրականության նկատմամբ որեւէ ողջամիտ կասկածի բացառման բացարձակ անհրաժեշտությունը, նա հրամայաբար կարող էր նույնականացնել այս կարգավիճակները, ինչը տեղի չի ունեցել: Միաժամանակ, Սահմանադրության 213 հոդվածը չի կարող մեկնաբանվել ՍԴ անդամի եւ ՍԴ դատավորի կարգավիճակների նույնականության իմաստով, քանի որ նման մեկնաբանությունը բաց է կամայականությունների համար: Այդպիսի օրինակ, կարող է լինել ՍԴ ինքնավարության եւ անկախության երաշխիքների ոտնահարմամբ Սահմանադրության համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ Հայաստանում սահմանադրությունների կյանքի միջին ժամկետից բազմակի ավելի ժամկետով ՍԴ նախագահի կամ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետից կրկնակի ավելի ՍԴ դատավորի նշանակումը: Սա տեսական կանխատեսում չէ, այլ անհերքելի փաստ:

ՍԴ ժողովրդավարական լեգիտիմության ճգնաժամը.

ՍԴ ժողովրդավարական լեգիտիմությունն է, որ կարող է միայն չափելի եւ գնահատելի իրողություն դարձնել հանրային վստահության աստիճանն այս ատյանի նկատմամբ։ ՍԴ-ն, ի տարբերություն ներկայացուցչական մարմինների եւ պաշտոնյաների, չի կարող ունենալ իր նկատմամբ վստահության քանակական չափման հնարավորություն, այլ բացառապես՝ որակական։

ՍԴ ժողովրդավարական լեգիտիմության տեստն ունի երկու բաղադրիչ. ՍԴ կազմավորման դեմոկրատականության եւ ՍԴ գործունեության ընթացքում ժողովրդավարության եւ դրա հիմքում ընկած արժեքների պաշտպանության ուղղությամբ գործունեության արդյունքը:

Առաջին բաղադրիչը պատասխանն է այն հարցի, թե արդյո՞ք ՍԴ-ն կազմավորվել է մի մարմնի կողմից, որն ունի Հայաստանի ժողովրդին ներկայացնելու լիազորություն:

Եվ երկրորդ բաղադրիչն այն հարցի պատասխանն է, թե արդյո՞ք ՍԴ գործունեությունն ուղղված է եղել ժողովրդավարության եւ անհատական ազատությունների պաշտպանությանը: Հաշվի առնելով այս հարցի պատասխանի խիստ գնահատողական բնույթը՝ ես սա ավելի կնեղացնեի. արդյո՞ք ՍԴ գործունեությունը չի հետապնդել հակաժողովրդավարական եւ հակաիրավական նպատակ:

Այս կապակցությամբ մի քանի հարցախմբեր վաղուց ունեն լուրջ ուսումնասիրության եւ գնահատականի կարիք, որոնց վերաբերյալ շարադրեմ կարծիքս: Մասնավորապես (չսահմանափակվելով միայն սրանցով)՝

1. Զինված լինելով ժողովրդավարության՝ ժողովրդի իշխանության իրականացման համար Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված կարգի եւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների պաշտպանության համար անհրաժեշտ պատկառելի գործիքակազմով՝ ՍԴ վերջին՝ առնվազն մեկուկես տասնամյակի գործունեությունը պատկերավոր նկարագրությամբ կարելի է բնութագրել որպես «ժողովրդավարության պահապանից ժողովրդավարության բանտապանի» դերակատարություն: Այս բնութագրմամբ ես նկատի չունեմ միայն ընտրական վեճերի առնչությամբ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի զանգվածային ոտնահարումների նկատմամբ հանդուրժողականությունը: Հայաստանում ժողովրդավարության՝ հավաքականորեն, եւ ազատ ընտրության իրավունքի՝ անհատապես, ձեւախեղման եւ այդ արժեքների պաշտպանության հարցում հանրային իշխանության մարմինների նկատմամբ անվստահության հիմքում իր կայուն դերն ունի ՍԴ կողմից ընտրախախտումների դեմ պայքարը կաթվածահար անող այնպիսի միջոցի ներմուծումը, ինչպիսինՀայաստանում ընտրողների ստորագրած ցուցակների փաստացի գաղտնիացումն է եղել: Այս միջոցը, առնվազն մոտ մեկուկես տասնամյակ, Հայաստանում եղել է ամենավտանգավոր ընտրախախտումների շարժիչ ուժը: 2003թ.-ից մինչեւ 2016թ.-ն ընտրողների ստորագրած ցուցակների փաստացի գաղտնիության ռեժիմը լրջագույն կասկածի տակ է դրել այս ժամանակահատվածում անցկացված բոլոր համապետական ընտրությունների արդյունքների հավաստիությունը, որը որեւէ կերպ չի փարատվել այս հարցերով ՍԴ-ի կայացրած որոշումներով: Փաստացի, ընտրողների իրական մասնակցության նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում կամայական միջամտությունների առջեւ ընտրական համակարգի բաց լինելով, նման ընտրական համակարգի միջոցով ձեւավորված պետական մարմինների կողմից էլ կատարվել են ՍԴ անդամների նշանակումները, որոնք էլ փոխադարձաբար ապահովել են նույն համակարգի շարունակականությունը՝ հակառակ ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հնչեցրած շարունակական ահազանգերի: Եվ ի վերջո, այն պայմաններում, երբ իր իշխանության իրականացման հարցում ժողովրդի կամարտահայտությունն ապահովելու համար ընտրական վարչարարության մեխանիզմի (եւ դրա գագաթին ՍԴ մոդելի բարձրագույն դատարան ունենալով) գործարկման փոխարեն, շուրջ երեք տասնամյակի պատմություն ունեցող պետությունում քաղաքացիները փողոցներ պետք է դուրս գան եւ դրանք փակելու միջոցով իրենց ընտրությունը պարտադրեն՝ այն դեպքում, երբ ամեն առանձին վերցրած ընտրական վեճի շրջանակներում ՍԴ-ն ունեցել է իրավիճակի շեշտակի եւ անցնցում փոփոխության իրական հնարավորություն, սակայն դրանից չի օգտվել ուղիղ հակաժողովրդավարական նկատառումներով, ապա նման համակարգի գլխավոր օղակի դերակատարությունը հետեւանքի իմաստով եղել է իր իրավազորության պատասխանատվության տիրույթում ժողովրդավարության կատարյալ ձախողումը: Այս պնդումն անելով ես զերծ եմ այն մտայնությունից, որ ժողովրդավարության պաշտպանությունը միագիծ եւ միանվագ ջանք է պահանջում դրանում, բնականաբար, պետք է ներգրավված լինեին հանրային իշխանության մարմինների մի ընթարձակ շարք եւ այն արդյունավետորեն ապահովվել կարող էր միայն համատեղ գործունեության արդյունքում։ Այդուհանդերձ, իմ այս պնդումը վերաբերում է ոչ թե Հայաստանում ժողովրդավարության պաշտանությանն ուղղված համակարգային շղթայի բացակայության պայմաններում ՍԴ կրավորական դիրքին, այլ հակաժողովրդավարական միջոցներից ընտրական համակարգում ամենավտանգավորի գործարկման հարցում ՍԴ նախաձեռնողականությանը։

2. ՍԴ դերակատարությունը մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հարցում մինչ 2018 թ.-ի ապրիլը եղել է ոչ ավելի, քան քաղաքական իշխանության կողմից «թույլատրելի» արդարադատության շրջանակում իրականացրած գործունեություն: Այս առնչությամբ պետք է նկատել, որ որոշ գործերով ՍԴ-ն արժեքավոր որոշումներ է կայացրել: Սակայն դրանք հնչեցնելով որպես ՍԴ գործունեության արդարացում՝ հակառակորեն նշանակում է, որ ՍԴ-ի հիմնական առաքելության տապալման մեղադրանքը մեղմելի է այլ՝ իրենց կշռով անհամեմատ նվազ կարեւորության գործերում հաջողությամբ։ Այս հարցին վերաբերող հատվածում ես չեմ կարող քննության առարկա դարձնել ՍԴ-ի կայացրած բոլոր որոշումները, սակայն, վերը կատարված իմ պնդման մասով ընթերցողի ուշադրությունը պետք է հրավիրեմ հենց այն գործերի վրա, որոնք իմ նշած ժամանակահատվածում ՍԴ գործունեության հաջողության կողմնակիցները մեջբերել են որպես մարդու իրավունքների ոլորտում «հաջողության պատմություններ»: Իրականությունը, սակայն, այն է, որ սրանք այս ոլորտում ՍԴ-ի ձախողման ամենաուղիղ ապացույցներն են, որոնց ես առանձին անդրադարձ կունենամ հաջորդիվ հրապարակումներում:

3. Նմանապես, ՍԴ-ն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական եւ հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների սանձազերծման՝ ընտրական վեճերի շուրջ բացարձակ կրավորական դեր որդեգրելով ընտրական խախտումներին համարժեք գնահատական չտալով էլ ավելի ամրապնդելով իր՝ Հայաստանի ժողովրդավարության այս ճգնաժամային իրավիճակում «ժողովրդավարության բանտապահի» հնազանդ կարգավիճակը:

4. Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ ՍԴ-ն ի վիճակի չի եղել նաեւ իր՝ 2018-2019 թթ.-ի գործունեության ընթացքում կասեցնել նախկինում զարգացրած եւ 2018 թ.-ից հետո պահպանած իր առաքելությանը հակոտնյա իներցիան : Այս շրջանում կայացված մի քանի որոշում ոչ միայն անհիմն է եղել, այլեւ արդարացիորեն խոր կասկածներ է հարուցել դրանց կայացման հարցում ՍԴ որոշ անդամների անկողմնակալության եւ քաղաքական ներգրավվածության վերաբերյալ:

5. Սահմանադրության գերակայության ապահովման շրջանակներում իր գլխավոր առաքելության՝ սահմանադրական արդարադատության միջոցով ժողովրդավարության պաշտպանության ձախողմամբ եւ այդ գործում մշտապես կրավորական դիրքով խուսափելով ակնկալող հարվածներից ՝ ՍԴ-ն ծանր հարվածի տակ է դրել նաեւ դատական իշխանության անկախությունը։ Դատական եռաստիճան համակարգը խորապես խոցելի է դարձրել քաղաքական իշխանության՝ երբեմն ակնհայտորեն տեսանելի միջամտությունների համար։ Սա անխուսափելիորեն բացասաբար է անդրադարձել դատական իշխանության հեղինակության վրա Հայաստանի հասարակության աչքում: Ավելին, իր կրավորական դիրքավորմամբ եւ օրվա քաղաքական իշխանության վերահսկողության ներքո գտնվող գործադիր եւ օրենսդիր իշխանություններին հակակշռի կարգավիճակի ձախողմամբ, դատական իշխանությունը միայնակ եւ անպաշտպան է մնացել քաղաքական խտացված հետաքրքրության գործերով գործադիր իշխանության միջամտությունների դիմաց, որն էլ եւ եղել է դատական իշխանության անկախության հիմնական խոցը:

6. Եվ վերջապես, 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների ընթացքում ՍԴ անդամների դերակատարությունը՝ Սահմանադրությամբ մի քանի հիմնական իրավունքների պաշտպանության ստանդարտների նվազեցման հարցերի նկատմամբ խոր լռությունը, ՍԴ նախագահին ՍԴ դատավորների կողմից ընտրելու՝ դատարանի անկախության կարեւոր երաշխիքը վերացնելու նկատմամբ խոր լռությունը, ամբողջական է դարձնում ՍԴ անդամների կողմից Սահմանադրության գերակայության ապահովման իր սահմանադրական առաքելության ընկյալումը: Եվ, իհարկե, ՍԴ անկախության տրված կարեւոր երաշխիքը խախտվեց նույնիսկ Սահմանադրության ՍԴ-ին վերաբերելի կանոնակարգումները դեռեւս ուժի մեջ չմտած

Միով բանիվ, վերը թվարկված եւ մի շարք այլ գործառութային ձախողումներն սպառել են ՍԴ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պաշարները և պատճառ են հանդիսացել Հայաստանի հասարակության ու իշխանության թեւերի շրջանում նկատմամբ շարունակաբար ձեւավորված անվստահության աճին, որը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի սահմանադրական անվտանգությանը եւ իրավակարգին:

Ճգնաժամի լուծումն այլեւս ունի նաեւ իրավական-փիլիսոփայական խորություն: Սա յուրօրինակ բախման կիզակետ է դարձել ավտոկրատական լեգալիզմի եւ սահմանադրական ժողովրդավարության միջեւ: Ավելին, մեր պետականաշինության այս հանգրվանում ճգնաժամը վերածվել է «կայունության» եւ ժողովրդավարության միջեւ անհրաժեշտաբար ընտրություն կատարելու հանգրվանի: Քանի որ այս ասպեկտը, ինչպես եւ վերը թվարկված բոլոր այլ պնդումները, մտադիր եմ մոտ օրերս գրավոր քննարկման նյութ դարձնել, սահմանափակվեմ միայն հայտնի մտքի իմ մոտեցմամբ վերաշարադրումով. Ժողովրդավարությունը կայունությանը ստորադասող ազգը չի կարող ունենալ ո՛չ կայունություն, ո՛չ ժողովրդավարություն:

Այս ճգնաժամի լուծման հրամայականը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության անհրաժեշտությունն է։ Այս ճգնաժամի շարունակականությունը, այսինքն՝ ժողովրդավարական լեգիտիմության կորստով հեղինակությունից զուրկ եւ իշխանության թեւերի ու հայաստանյան հանրության վստահությունը չվայելող եւ սահմանադրականության բացեր ունեցող ՍԴ ունենալը, իսկ ավելի ստույգ՝ բացասականորեն փաստված կենսագրություն ունեցող ՍԴ-ի փոխարեն ժողովրդավարության եւ հիմնական իրավունքների պաշտպանության ատյան չունենալը լրջագույն մարտահրավեր է հայկական մանուկ ժողովրդավարության համար:

2018թ.-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները նոր շունչ են Հայաստանի իրավական-քաղաքական կյանքի համար, իսկ ինձ համար՝ որպես ՍԴ դատավորի, իրական հեղափոխությունը հենց այս ընտրության ազատ եւ անվիճարկելի բնույթն էր։ Սակայն սա կարող է մնալ զուտ որպես ժողովրդավարության առկայծում, եթե չունենա պաշտպանության եւ շարունակականության ապահովման մեխանիզմներ, որոնց թվում եւ առաջնահերթությամբ՝ ընտրական վեճերի քննության սահմանադրականության եւ ժողովրդավարական լեգիտիմության չափանիշները բավարարող եւ իր հեղինակությամբ, մասնագիտական ձեռնհասությամբ եւ բարոյական որակներով օժտված (նախկին հակադեմոկրատական որեւէ գործընթացից անմասն կենսագրությամբ) դատական կազմով ՍԴ:

Խորհրդանշորեն, սակայն առարկայորեն նկարագրված ՍԴ ճգնաժամի խնդիրը հանգում է հետեւյալ հարցին. արդյո՞ք այս պահին Հայաստանի քաղաքացիներն ի զորու են ազատորեն իրականացնել իրենց ազատ ընտրությամբ Ազգային ժողով ձեւավորելու կամ հանրաքվեի միջոցով անմիջական ժողովրդավարության իրականացման իրենց հիմնական քաղաքական իրավունքները: Արդյո՞ք դա հնարավոր է առանց այդ լրջագույն եւ բարդ իրավական-քաղաքական գործընթացների արդյունքում վերջնական որոշում կայացնող դատական ատյանի նկատմամբ բավարար վստահության, որը պետք է իրական հիմքեր ունենա:

ՍԴ ճգնաժամի լուծումը, ժողովրդավարության պաշտպանության հրամայական լինելով հանդերձ, միջանցիկ հանգրվան է սահմանադրականության հաստատման ճանապարհին, որի հաջորդ փուլը, հաջորդաբար՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները ժողովրդին վերադարձնելուց հետո, Սահմանադրությունը ժողովրդի ազատ կամարտահայտմամբ օժտելը/հաստատելն է: Այլ խոսքով, այս թե հաջորդ իշխանությունն անհրաժեշտաբար կանգնելու է մեր Հանրապետության ամենաառանցքային քաղաքական եւ իրավական ակտի՝ Սահմանադրության վրայից դրա ընդունման հանրաքվեների ընթացքում ընտրախախտումների բերումով եւ Սահմանադրության փոփոխությունները նեղ քաղաքական եւ իշխանական շրջանակների մտահղացումների բերումով ժողովրդից օտարված լինելու մթնոլորտը վերացնելու անհրաժեշտության առջեւ՝ նոր Սահմանադրության ընդունման քննարկումների ծավալմամբ: Ի դեպ՝ ոչ անհրաժեշտաբար Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, այլ՝ Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության երաշխիքների պահպանմամբ Սահմանադրության որեւէ տարբերակի, ներառյալ եւ գործող, ընդունելու միջոցով։ Պետության պարտականությունն է ընթացակարգային արդարության ապահովումը նախագծման, քննարկումների եւ հանրաքվեի ընթացքում՝ ապահովելով նաեւ համապատասխան մասնագիտական ներուժի ներգրավումը համապետական մասշտաբով եւ այդ գործընթացին քաղաքական-կուսակցական խտրականության բացառումը: Եւ, պատասխանելու կարիք ունեցող հաջորդ հարցը, համապատասխանաբար, այն է, թե արդյո՞ք այս ՍԴ-ն ի վիճակի է սահմանադրական փոփոխությունների այդ բարդ ընթացքում ապահովել որեւէ փոփոխության նախագծի՝ Սահմանադրության անփոփոխ դրույթների եւ մարդու հիմնական ազատությունների եւ իրավունքների համապատասխանության անկողմնակալ եւ բովանդակալից քննությունը։

ՍԴ խնդրի կարգավորման մեջ մասնակիորեն ներգրավված են նաեւ միջազգային կազմակերպություններ: Նրանց՝ հայկական ժողովրդավարության պատմության ընթացքին մասնակցությունը նույնպես կարեւոր քննարկման հարց է եւ չի կարող դուրս մնալ ՍԴ ճգնաժամի շուրջ ծավալվող քննարկումների շրջանակից: Այս խնդիրը վերաբերելի է հիմնականում «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողովին), որին անդրադառնալով կմանրամասնեմ միջկառավարական հեղինակավոր փորձագիտական այս հարթակի՝ առկա խնդրի վերաբերյալ հրապարակած հայտարարությունները եւ այս կազմակեպության անունն ու հեղինակությունը չարաշահելու միջոցով կուսակցական-քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելու արդեն շուրջ մեկուկես տասնամյակ ձեւավորված պրակտիկան: Միջազգային բարձրակարգ եւ հեղինակավոր փորձագետներից բաղկացած այս մարմնի մանդատի առանցքն իրավական բարդ խնդիրների վերաբերյալ կառավարությունների պահանջների հիման վրա խորհրդատվական եզրակացությունների տրամադրումն է: Սակայն, մինչ այս հարցի մանրամասն անդրադարձը, պետք է նկատեմ, որ անցած 3 տասնամյակը մեր լավագույն եւ դաժան ուսուցիչն է եղել այն հարցում, որ հայկական ժողովրդավարությունը ընկերներ չունի եւ չի ունենալու: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների նկատմամբ իմ հարգանքով եւ այս մարմնի ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ուղղությամբ աշխարհում ունեցած անուրանալի ներդրման ճամաչմամբ հանդերձ, ես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորս, ապավինելով հայկական ժողովրդավարության մոտ 15-ամյա պատմությունից քաղած խիստ ուսանելի դասերին, համոզված եմ, որ Հայաստանի նորամանուկ ժողովրդավարությանը պատուհասած արհավիրքի կրկնության դեպքում՝ «Վենետիկյան նավերը հայոց լեռները չեն բարձրանալու»: Հայկական ժողովրդավարությունը բացառապես մեր՝ Հայաստանի քաղաքացիների, իշխանության, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության խնամքի եւ լուծումների կարիքն է զգում:

Լուծումներ.

Մինչ լուծումներից յուրաքանչյուրի մասով մանրամասներին (առանձին հրապարակումներով) անդրադառնալը, պետք է նկատել, որ ՍԴ նախորդ ողջ ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականն է այն հիմքը, որին ապավինելու է ցանկացած լուծում կամ դրա տարատեսակը: ՍԴ-ի անցյալը գնահատականի արժանացնելը, Հայաստանի ներկա պատմական հանգրվանում ժողովրդավարական լեգիտիմության ամենամեծ պաշարն ունեցող ատյանի՝ Հանրապետության Ազգային ժողովի կողմից, թելադրված է Հայաստանի Սահմանադրության գերակայության ապահովման ապագա ատյանի ձեւավորման հարցում հանրային լայն ներգրավվածության եւ տեղեկացվածության անհրաժեշտությամբ։ Այդ գնահատականն ուրվագծելու է այդ ատյանի այն կարմիր գծերը, որոնք հատելու դեպքում որեւէ դատավոր չի կարող պաշտպանություն հայցել, եւ, միաժամանակ, մատնանշելու է այն պատասխանատվության շրջանակը ու դրա անխուսափելի բնույթը, որն ընկած է ՍԴ դատավորների ուսերին:

Այս խնդրի լուծումների շրջանակը մեծապես պայմանավորված է ՍԴ անցյալում գործունեության, դրա կազմի սահմանադրականության եւ ապագայում հայկական ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ունեցած հավաքական մոտեցումից:

Լուծումների շրջանակը, ըստ այդմ, ինչպես նշել եմ 26/06/2019թ.-ի նամակում, տեսականորեն սկսվում է եղած կազմի սահմանադրականության անվերապահ ճանաչմամբ եւ ժողովրդավարական լեգիտիմության հարցում պատասխանատվությունը հավասարապես կրելուց։ Այս լուծումն, այնուամենայնիվ, ստվեր թողնելու է ՍԴ վրա, եթե նույնիսկ քաղաքական ուժերի կողմից ընդունելի լինի։

Իսկ հնարավոր լուծումների շրջանակն ավարտվում է դատարանակազմական մարմինների կողմից դատավորների թափուր տեղերի (այս պահին թվով՝ 7) համար թեկնածուների առաջադրմամբ եւ ընտրությամբ: Այս լուծումը, բնականաբար, հնարավոր է սահմանադրական կոնսենսուսով։

Լուծումների այս միջակայքը ենթադրում է նաեւ Սահմանադրության փոփոխությունների միջոցով նոր դատավորների ընտրությունը կամ ՍԴ անդամների եւ դատավորների կարգավիճակների հավասարեցումը բոլոր ասպեկտներով՝ ներառյալ պաշտոնավարման ժամկետների եւ դատավորի երդման պարտականության նախատեսմամբ:

Հաջորդիվ՝ ՍԴ կողմից ընտրական իրավունքի պաշտպանության եւ ընտրական վեճերի միջոցով ժողովրդավարության վիճակի նկատմամբ ունեցած ազդեցության մասին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ