...

Վանեցյանի փուչիկը

Վանեցյանի փուչիկը

Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր հետ հեռակա բանավեճ մղելուց հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գործնական քայլ է կատարել իր քաղաքական գործունեությունը ակտիվ հունի մեջ դնելու ուղղությամբ։ Նախօրեին նա հայտնել էր, որ այսուհետ Twitter-ից է օգտվելու իր առաջիկա ծրագրերի ու գործունեության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար, որից անմիջապես հետո Twitter-ի իր նորաբաց էջում առաջին գրառումն էր կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձած ծննդատների խնդրին։ Գրառման բովանդակությանը հատուկ անդրադառնալու հարկ չկա, քանի որ այն իրենից որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Հետաքրքրական է զուտ այն փաստը, որ Վանեցյանը, ըստ էության, սկսում է հանդես գալ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին անդրադարձով, ինչը նշանակում է նրա հասարակական-քաղաքական բաց գործունեության սկիզբ։ Այս տեսանկյունից առավել ուշադրության է արժանի, թե քաղաքական ու հանրային ինչ կապիտալով է նա մուտք գործում քաղաքականություն։

Արթուր Վանեցանը ակնհայտորեն սխալ հաշվարկ է կատարել՝ իր քաղաքական բեմելն ու հնարավոր գործունեությունը տեղավորելով հանցագործ ու մերժված իշխանության և դրա տարբեր շրջանակների աջակցության տիրույթում։ Այդ շրջանակներն իրենք են զրկված հանրային քիչ թե շատ աջակցությունից, դրանք մերժված էին ինչպես իշխանություն եղած ժամանակ, առավել ևս մերժված են հիմա՝ որպես «ընդդիմություն»։ Այսինքն՝ դրանցից ոչ կարգին իշխանություն դուրս եկավ, ոչ էլ՝ դուրեկան ընդդիմություն։

Այսպիսով, ովքե՞ր են Վանեցյանի քաղաքական «հենարան» և աջակցող շրջանակները, ամեն դեպքում՝ նրան դեպի քաղաքականություն առաջ մղողներն ու «բալետ» անողները։ 

Այո, այո, չեք սխալվում. ռոբասերժական ավազակապետության նախկինները, այդ ավազակապետության սերժսարգսյանական շրջանի գորշ կարդինալ Միշիկն ու յուր փիառ խումբը, ժամանակին Ռոբերտ Քոչարյանին քրեական հանցագործ համարող ու Հաագայի դատարան ուղարկող, իսկ այսօր նույն Քոչարյանին պաշտպանող ու քոչարյանապաշտ դարձածները, քաղաքական ու մարդկային իդիոտիզմի դասականները, յեղափոխական հին ընկերները, հավերժական հաճախորդները (որպես այս դասի հավաքական կերպար ու խորհրդանիշ կարելի է դիտարկել քաղաքական փալաս Արամ Հարությունյանին, որի վարկանիշը տատանվում է 0,55-ի ու 0,99-ի միջակայքում), տարատեսակ «ադեկվատներ» ու անադեկվատներ, ըստ ամենայնի՝ նաև որոշ քրեական հեղինակություններ։ 

Ինչ խոսք, քաղաքական «փայլուն», էլ չասած՝ «հրաշալի» հենարան է, որի աջակցությունն ի սկզբանե ապահովում է հիմնավոր տապալումն ու կատարյալ անհեռանկարայնությունը և դատապարտված է քաղաքական ֆիասկոյի։
Մեր մեջ ասած, Արթուր Վանեցյանի քաղաքական կերպարն ինքնին դատարկություն է, էլ չասած քաղաքական պատրաստվածության ու ինտելեկտի մասին։ Ո՞վ էր սույն անձը հեղափոխությունից առաջ. ԱԱԾ-ի միջին կարգի աշխատակից, որի ճանաչելիությունը սահմանափակվում էր իր շատ նեղ շրջապատում։

Վանեցյանը հանրային ճանաչողություն ստացավ հեղափոխությունից հետո ու հեղափոխության արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվելով ԱԱԾ տնօրեն։ Նրա ճանաչելիությունն ու հեղինակությունն ավելացավ բացառապես այն հանգամանքի հետ կապված, որ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պաքարում ԱԱԾ-ին ու Վանեցյանին վերապահեց առաջին ջութակի դերը, նրան օժտեց լայն լիազորություններով, իշխանության մեջ դարձրեց, պայմանական ասած, երկրորդ դեմքը։ Այսինքն՝ դեմք դառնալու հարցում Վանեցյանը բացառապես պարտական է հեղափոխությանն ու Փաշինյանին։ Այս իմաստով պատահական չէ, որ հեղափոխությունից ու Փաշինյանից հեռանալուց (կամ հեռացվելուց) հետո նա կորցրեց իր դեմքը, հանրային հեղինակությունն ու վարկանիշը, որոնք, ըստ էության, իրենը չէին։

Քաղաքական խոսքի կշռի ու գործունեություն ծավալելու առումով Վանեցյանը, լավագույն դեպքում, կարող է շարունակել բանավեճերը Փաշինյանի դուստրերի հետ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1921 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ