...

Վախ ներդրողների համար

Վախ ներդրողների համար

Եթե մասնագետների մատնանշած կասկածները չփարատվեն, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը կարող է անուղղակի հարված լինել տնտեսությանը: Այս կարծիքին է տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Գործող կարգի համաձայն, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն իրավապահները կարող են ստանալ, եթե տվյալ անձը մեղադրյալ է կամ կասկածյալ: Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որոնց վերաբերյալ քննիչը հիմնավոր կասկած ունի։

Կասկածներից մեկն, ըստ տնտեսագետի, ավանդների հետ է կապված: Նախատեսվող փոփոխությունները կարող են ազդել ավանդների վրա:

«Բանկերում հիմնական ֆինանսական կապիտալը կուտակվում է ավանդներից, իրենց սեփական ռեսուրսները քիչ են: Պետք է ավանդատուների հանդեպ վստահությունը չկորցնել: Եթե մարդիկ սկսեն անհանգստանալ, կարող են նոր ավանդներ չդնել: Ավանդների մի մասը կարող են հանել, կլինեն նաև այնպիսիք, ովքեր չեն հանի, բայց չեն էլ ավելացնի»,- նկատեց նա:

Մյուս վտանգն այն է, որ օրենքը կարող է ներդրողներին վախեցնել: Նրանք կխուսափեն ներդրումներից՝ կարծելով, որ իրենց էլ կհետևեն:

«Մենք մի տարվա համար չենք օրենք ընդունում: Կարող է ներկայիս կառավարությունը մտադրություն չունի այլ կերպ օրենքը շրջանցելու, բայց կարող են այլ իշխանություն լինել, այլ տրամադրություններ»,- ասաց նա:

Տնտեսագետի այս կասկածները որոշակի փարատվել են, երբ բանկերից մեկի իրավաբանի բացատրությունն է լսել: 

«Բանկերը տնտեսվարող սուբեկտներ են, իրենց բիզնեսի  հաջողությունը կարևոր է տնտեսության համար: Այս նախագծում ամենախոցելի խումբը բանկերն են: Եթե կապացուցեն, որ այս  նախագիծը իրենց չի վտանգում, ապա առաջացած տարակարծություններին վերջ կդրվեն՝ բոլորը կհանգստանան և կնստեն իրենց տեղերը»,- նշեց մեր զրուցակիցը:

Արձագանք՝ ԿԲ

Նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմ՝ հայտարարեց Կենտրոնական բանկը:

Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

Նախագծի շուրջ ստեղծված աղմուկն ուղորդված է  

Կենտրոնական բանկն ինչպես մինչև հիմա, այնպես էլ օրենքի ընդունելուց հետո երկրի ֆինանսական կայունությունը կապահովի՝ ասում է «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ օրենքի ընդունումից հետո ինֆորմացիա ստանալն այդքան էլ հեշտ չլինի՝ որոշակի փուլեր պետք է անցնել:

«Քննիչն  ուղղակի չի կարող այդ որոշումը կայացնել, պետք է այն Գլխավոր դատախազը հաստատի, այնուհետև դատախազի տեղակալը, որից հետո դատարանն այն հաստատի: Դա հեշտ պրոցես չէ»,- ներկայացրեց նա:
Բացի այդ էլ, այն միջազգային պրակտիկայում գոյություն ունի: Պապոյանը նշեց, որ Սկանդինավյան երկրները, որոնք ժողովրդավարական են և ունեն տնտեսական բարձր զարգացում, այնտեղ այս տարբերակը կիրառվում է: Նրա խոսքով՝ օրենքը ճիշտ կիրառելու դեպքում երկրում ֆինանսական կայունություն կլինի:

Իմ քայլի պատգամավորը նախագծի շուրջ ստեղծված աղմուկն ուղորդված է համարում:

«Կոռումպացված ճանապարհներով միջոցներ ձեռք բերած մարդիկ մտածելու տեղ կունենան և եթե ունեն մտահոգություն, ինչ-որ միջոցներով կփորձեն պայքարել այդ օրենքի ընդունման դեմ: Միգուցե, իրենք  գիտեն, որ նման մարդիկ կան, որոնք ապօրինի են հարստացել, հետևաբար, այդ ապօրինի հարստությունը ստիպված են լինելու դուրս տանել: Բայց օրենքով մենք թույլ չենք տալու ապօրինի ճանապարհով հարստացած որևէ պաշտոնյայի լինելիությունը»,- շեշտեց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանկային գաղտնիքի մասին նախագիծն ընդունվելու է՝ այն նպաստելու է կոռուպցիայի բացահայտմանը:

Ի դեպ,  նախագծի վերաբերյալ բանկերի կարծիքն իմանալու համար հարցում ենք ուղարկել: Պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ