...

Վազգեն Մանուկյանը մի կարևոր հարցից խուսափում է արդեն 23 տարի

Վազգեն Մանուկյանը մի կարևոր հարցից խուսափում է արդեն 23 տարի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի նախկին երեք ղեկավարներն էլ չարիք են եղել, ասել է. «Շատ ճիշտ հայտարարություն է արել վարչապետը, որովհետև ընտրությունները ով էլ կեղծում է ու ուզում է այդ կեղծիքով իշխանությունը պահել, չարիք է: Ընենց էլ հարց եք տալիս, փաստորեն 96-ի՞ն…մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար: Ով ուզում է լինի: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակվա նախագահը եղել և կեղծիքներ է իրականացրել, որ իր իշխանությունը պահի, ուրեմն իրեն է վերաբերում, ի՞նչ կա դրա մեջ զարմանալի: Այլ բան է, որ հետո ՀԱԿ-ը արձագանքում է, ասում է՝ բա էդ դեպքում խի՞ էր հետո աջակցում և այլն… Էդ էլ կարելի է հետևյալ ձևով մեկնաբանել՝ փորձել է չարիքն օգտագործել չարիքի դեմ, որ հետո փոխվի»:

Էդմոն Մարուքյանի այս մտքերը մի շարք հարցեր են առաջացնում: Եվ ոչ միայն 1996թ. իրադարձությունների վերաբերյալ: Նախ, եթե այդպես է, ստացվում է, որ Մարուքյանը արդարացնում է նույն «Վերնատան», նախկինում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ պայքարած, իսկ այսօր՝ այդ երկուսի կողքը կանգնած, նրանց փողերով սնվող մարդկանց գործողությունները: Վերջիններս կարող են շատ հանգիստ հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը չարիք է, ու իրենք փորձում են Քոչարյան-Սարգսյանը չարիքը օգտագործել նրա դեմ: 

Մարուքյանի ասածը դա է: Որ մի հանցագործի դեմ պայքարելու համար նորմալ է մեկ այլ հանցագործի կողքին կանգնել: Հասկացանք, որ քաղաքականությունն իր մեջ նաև անբարոյականության տարրեր է պարունակում, բայց ա՞յս աստիճանի: Չունենալ որևէ սկզբունք, որևէ համոզմունք, փաստորեն, խաբել մարդկանց, ընտրողներին, համախոհներին, ընկերներին: 2008 թվականին նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած ու նրան աջակցած ուժերը երբևիցե այդպիսի բան չեն ասել, չեն հայտարարել, թե իրենց ստիպելով են նրան աջակցում, որպես՝ չարյաց փոքրագույնի: 

Իսկ եթե վաղը որևէ մեկը իշխանության դեմ պայքարում համագործակցի ադրբեջանական ինչ-որ ուժերի հետ, Մարուքյանը սա էլ է՞ նորմալ համարելու: Ի՞նչ կա որ. մի չարիքին հեռացնելու համար օգտագործում ես մեկ այլ չարիքի: Հետո՞ ինչ, որ ադրբեջանական չարիք է: Չարիքը ազգություն չի ունենում, ինչպես և՝ դավաճանությունը, ուրացողությունը, հանցագործությունը: Հեքիաթներում էլ ենք հաճախ տեսել, թե ինչպես է ինչ-որ արքայազն Կաշչեյ Բեսմերտնու դեմ պայքարում օգտվում Բաբա-Յագայի ծառայություններից: Նպատակն արդարացնում է միջոցները: Մարուքյանն ինքը կգնա՞ Քոչարյանի հետ համագործակցության՝ հանուն Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի: Մեծ հաշվով, եթե այս տեմպերով գնա, մի օր էլ դրա ականատեսը կարող ենք դառնալ:

Հիմա՝ 1996թ. ընտրությունների մասին: Որևէ մեկի մոտ հարց չի առաջացե՞լ. ինչո՞ւ 1998թ. հեղաշրջումից հետո Վազգեն Մանուկյանը երբևիցե չի նախաձեռնել 1996թ. ընտրություններում տեղ գտած ապօրինությունները, կեղծիքները, ցանկացած կարգի հանցագործությունները ուսումնասիրելու համար որևէ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, կամ՝ դիմել դատախազությանը, ձեռքի տակ ունեցած փաստերի հիման վրա պահանջեր քրեական գործ հարուցել: Եթե Վազգեն Մանուկյանը համոզված էր, որ 1996թ. ընտրությունները կեղծված էին, նշանակում է, տեղի էր ունեցել իշխանության յուրացում, բռնազավթում: 1998թ.-ից մինչև 2007 թվականը պատգամավոր է եղել, թող հարցը բարձրացներ, պահանջեր, ստորագրահավաք սկսեր: Արե՞լ է: Ոչ, չի արել: Լավ, Վազգեն Մանուկյանը չի արել, թող Ռոբերտ Քոչարյանը ստուգել տար, Սերժ Սարգսյանը, և հատկապես՝ Դաշնակցությունը: Միայն խոսել են և խոսում են՝ արդեն 23 տարի:

Հեղափոխությունից հետո հանրության ամենամեծ պահանջներից մեկը մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն ու կազմակերպիչներին դատելն է եղել: 10 տարի անց այդ ողբերգական իրադարձությունների առթիվ քրեական գործ է հարուցվել: 10 տարի անց: Ի՞նչն է խանգարել Վազգեն Մանուկյանին, 1996թ. նախագահական կեղծված ընտրությունների մասին թմբկահարող ուժերին նույնը անել, երբ իշխանություն էին: Վազգեն Մանուկյանը իշխանություն չէ՞ր: Էն էլ ոնց էր իշխանություն. կարող էր Հանրային խորհրդում քննարկեր և Սերժ Սարգսյանին դիմեր 96-ը իրադարձությունները քննել: 

Բա մեկը չկա, այդ հարցը մի օր տա. ինչո՞ւ չեք արել: Որովհետև խնդիրներ կունենան. հանկարծ ու կպարզվի, որ 1996 թվականի ընտրություններում ով և ինչ ծավալի կեղծիքներ է իրականացրել, ով է առաջին անգամ կիրառել «կարուսելը», իրականում ինչ արդյունքներ են գրանցվել այդ ընտրություններում, ինչպես հնարավոր դարձավ հարձակումը խորհրդարանի վրա, ինչպես է կազմակերպվել ԱԺ ղեկավարների ծեծը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ