...

«Վերնատունը» չկարողացավ աշունը թեժացնել

«Վերնատունը» չկարողացավ աշունը թեժացնել

Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովից հետո, դատելով քոչարյանական լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ենթադրել, որ սրանց միակ հույսը Վազգեն Մանուկյանն է ու իր «Վերնատուն» ակումբը։ Սրանք մի քիչ զարմանալի մարդիկ են։ Չեն մտածում, որ անկախ նրանից, թե Վազգեն Մանուկյանը կուսակցություն կղեկավարի, թե «Վերնատուն» անունով ակումբ, դա ոչինչ չի փոխելու իրենց կյանքում։ Հասկանալու համար, որ Վազգեն Մանուկյանն իրենց կյանքում ոչինչ չի փոխելու, առանձնապես մեծ խելք պետք չէ, պարզապես մի թեթև պետք է վերհիշեն Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի անցած ուղին։ 

Վազգեն Մանուկյանն անկախ պետականության կերտման ճանապարհին մի փոքր հատված կանգնած լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ իրեն քաղաքական գործիչ էր համարում, իսկ 1996թ-ի հայտնի դեպքերն այդ փշրանքներն էլ ոչնչացրին, ապացույցը՝ նրա նախագահի ընտրություններին հավերժ մասնակցությունն է իր մեկ տոկոսը չգերազանցող քվեների քանակով։ Այնուհետև նրա ստեղծած և ղեկավարած ԱԺՄ-ն ինչ ճակատագրի արժանացավ բոլորին է հայտնի։ Վազգեն Մանուկյանը հպարտորեն հայտարարաում է, որ հանդիպել է Քոչարյանին։ Ծանոթ լինելով Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալին կարող ենք ենթադրել, որ Քոչարյանն իր ահռելի ռեսուրսներով սրան «նախագա» է խոստացել, սա էլ ոգևորվել է և նոր հեղափոխության է պատրաստվում, բայց միայն Աստծուն է հայտնի, թե Վազգեն Մանուկյանի մտքին ինչ հեղափոխություն կա։ Իսկ Քոչարյանն էլ արդարադատությունից խուսափելու համար ոչինչ չի խնայում։ Այնպես որ, սույն գործիչների միավորումը «լուրջ» պատճառներ ունի։ Ամենայն հավանականությամբ սա հենց Քոչարյանի հայտարարած «Կոնսենսուս-1-ն» է, որ Վազգեն Մանուկյանն էլ անունը դրել է «Վերնատուն»։ Անշուշտ, ընդդիմություն ձևավորվելու է, բայց ոչ  այն տեսքով, ինչ որ պատկերացնում են Քոչարյան-Մանուկյան զույգը։ Վերջապես ընդդիմության առաքելությունն իշխանության ձգտելն է, ժողովուրդն իր իշխանությունը դրանց չի տա։ 

Քոչարյանականներն անընդհատ խոսում էին թեժ աշնան մասին, բայց «Վերնատունը» չկարողացավ աշունը թեժացնել։ Աշունն արդեն հրաժեշտ է տալիս։ Դժվար է ասել, Քոչարյան-Մանուկյան զույգը կկարողանա թեժացնել տարվա որևէ եղանակ, որ Քոչարյանը խուսափի արդարադատությունից, իսկ Վազգեն Մանուկյանն էլ հասնի իր մանկության երազանքին՝ դառնա «նախագա»։ Բայց որ Վազգեն Մանուկյանը լուրջ հավակնություններ ունի երկրի ղեկավարի աթոռին, կասկածից վեր է։ Աքսիոմատիկ է։ Այլ պարագայում դժվար թե Վազգեն Մանուկյանի փեսան՝ Սահրատ Պետրոսյանը հրաժարվեր  կադաստրի վարչության պետի պաշտոնից, ինքն էլ՝ Հանրային խորհրդի ղեկավարի։ Նիկոլ Փաշինյանի ներողությունը նպատակին չծառայեց։ Իսկ Քոչարյանի վարկանիշի մասին խոսելը պարզապես անիմաստ է։ Վազգեն Մանուկյանն էլ հնարավոր է՝ հրաշքների է հավատում։ Ինչպես գիտենք հրաշքներ չեն լինում։ 

Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պիտի ձեռքերը ծալած նստեն ու բավարարվեն միայն ասֆալտին փռելու և պատերին ծեփելու անկապ հայտարարություներով, ինչն իրենց վարկանիշն է փոշիացնում և հեղափոխության շահերից չի բխում։ Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսքից անցնի գործի, և եթե երկրի ղեկավարը հայտարարում է ինչ-որ թալանչու մասին, ապա հայտարարությունից հետո պիտի լինեն իրավական հետևանքներ, հանրությունը սպասում է։ Ժամանակն է և մի քիչ էլ ուշացած, որ իշխանությունները լինեն օրակարգ թելադրողը և կատարեն հեղափոխության պահանջներն ու իզուր ժամանակ չվատնեն։ Հանրությունն իշխանություններից ռադիկալ փոփոխություններ է սպասում։ Ուշացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Իսկ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» ակումբի միջոցով կպայքարի երկրի ղեկավարի իր վաղեմի երազանքի համար, թե ԱԺՄ-ն վերակենդանացնելու միջոցով՝ պարզապես անիմաստ է։ Վերջում համաշխարհային ազգի առաջնորդն ինքն էլ կհասկանա, որ իզուր տվայտանքներ են եղել։ Հանրությունը տեղեկացված է և արկածախնդրություն թույլ չի տա։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ