...

Խաղողագործներին ընդառաջել են

Խաղողագործներին ընդառաջել են

«Խարջի» տեսակի խաղողը կմթերվի կիլոգրամը 300 դրամով:  Երեկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Աղավնաձոր բնակավայրի խաղողագործներին: 

«Գինը մենք ենք պայմանավորվել մթերողների հետ, որ 300-ով մթերվի: Գործարանն էլ ասել է, որ այդ գնի շրջանակներում մթերում կիրականացնեն»,- ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: 

Օրեր առաջ Աղավնաձորում բողոքի ակցիա էր խաղողի գնի իջեցման դեմ:

Խաղողագործները բողոքում էին, որ մթերումն իրականացվում է նախորդ տարվա գնից 50-60 տոկոսով պակաս:

Անցյալ տարի «Ոսկեվազ» ընկերությունը «Խարջի» խաղողի մթերման մեկնարկային գինը սահմանել էր 400 դրամ: Գյուղացիները չհամաձայնեցին և միջպետական ճանապարհը փակեցին: Բողոքի գործողություններից հետո գործարանը խաղողի մթերման գինը դարձրեց 450 դրամ:

Այս տարի գործարանները «Խարջիի» մեկ կիլոգրամի դիմաց 200 դրամ են առաջարկել գյուղացուն, ինչը խաղողագործի համար ընդունելի չէ: 

Աղավնաձոր համայնքի խաղողագործ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ փոփոխված արժեքը՝ 300 դրամը, գործարաններին ձեռնտու է, իսկ խաղողագործը մի կերպ ծախսերը կհանի:

«Այդ գնով մենք էշը ցեխից մի կերպ կհանենք: 200 դրամի պարագայում ոչ ոք խաղող չի մշակի»,- նշեց նա:

Աղավնաձորում «Պռոշյանի կոնյակի» գործարանը գյուղացուն պարտավորվել էր մթերումների դիմաց վճարել 3-4 ամիս հետո:

Նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Պռոշյանը» խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարի գյուղացուն: 

«Վարկեր կտրամադրվի մթերող կազմակերպություններին, որ գումարը ոչ թե 3 ամսվա մեջ վճարեն, այլ շուտ: Երեկ զանգեցին և հայտնեցին, որ այդ խնդիրն արդեն կարգավորվել է»,- մանրամասնեց Սահակյանը:

Խաղողագործներն այլ խնդրանքով էլ են դիմել կառավարության անդամներին:

«Խնդրել ենք, որ Էկոնոմիկայի նախարարի անմիջական հսկողության տակ լինի գործարանների վերահսկողությունը, որ գործարանը գյուղացու հետ երկարաժամկետ պայմանագիր կնքի, ընդ որում՝ պայմանագրի մեջ ֆիքսվի նաև գումարը: Եթե բերքը շատ լինի, գինը մի քիչ կիջնի, հակառակ դեպքում՝ կբարձրանա: Խոստացան, որ մթերողների և գյուղացիների միջև հանդիպում կկազմակերպեն և քննարկում կլինի նշված հարցի շուրջ»,- փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել էր, որ Աղավնաձորում մթերումների հետ կապված խնդիրներ չկան։ Խնդիրը ֆերմերների և վերամշակողների առևտրային հարաբերություններն են խաղողի գնի շուրջ․ ֆերմերներն առաջարկում են վերամշակողների համար ոչ ընդունելի բարձր գին։

Մանյա Պողոսյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ