...

Խոշոր բիզնեսը թափ տալու ժամանակը

Խոշոր բիզնեսը թափ տալու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հրապարակում տնտեսության վիճակը բնորոշող թվեր: Կարելի է ասել, որ դրանք նրա նախընտրած ֆեյսբուքյան գրառումներն են, իհարկե զիջելով սատանա փնտրողներին նվիրված թրոլինգներին: Այս վերջին ուղղությունը հատկապես դուր է եկել վարչապետին և նա նորանոր ուղիներ է փնտրում՝ ծաղրելու իշխանության վերնախավում սատանիստներ փնտրողներին: Վարչապետի նոր նախասիրությանը ավելի հանգամանալից կանդրադառնանք մի ուրիշ առիթով:

Վերադառնանք տնտեսության վերաբերյալ հրապարակվող թվերին: Նախկինում դա արվում էր տնտեսության ակտիվության ցուցանիշի հրապարակման միջոցով: Մի ցուցանիշ, որ վաղուց լուրջ չեն ընդունում տնտեսագետները, քանի որ այն չի արտացոլում տնտեսության իրական վիճակը: Այն չի կարող հստակ պատասխանել գլխավոր հարցին՝ կա՞ արդյոք տնտեսական աճ, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն ՀՆԱ-ի ցուցանիշները, որոնք վարչապետի կողմից առանձնապես չեն տիրաժավորվում, քանի որ անհամեմատ համեստ են:

Արդեն քանի ամիս է, ինչ վարչապետը քարոզչական նոր հնարք է գտել՝ թմբակահարելու կառավարության տնտեսական հաջողությունների մասին: Դա ավելի շատ ՀԴՄ տպելու վերաբերյալ ցուցանիշների հրապարակումներն են: Վերջին հրապարակումը Փաշինյանը արեց երկու օր առաջ: Ներկայացնենք հատված դրանից. «Այս տարվա տասը ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը՝ 38.3 տոկոս: Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է»: 

Հիշենք այս թվերը և համեմատենք այլ ցուցանիշների հետ, որ ավելի մատչելի կդարձնեն վարչապետի հրապարակած թվերի ընկալումը: Եվ այսպես, կառավարության 1.5 տարիների գործունեության արդյունքում ՀՆԱ-հարկեր ցուցանիշը բարելավվել է 1.3 կետով: Սա ինքնին վատ ցուցանիշ չէ, քանի որ ստվերի այդքան կրճատումը լրջագույն աշխատանք է պահանջում և ապահովում միլիարդավոր դրամների հոսք բյուջե: Բայց կա կարևոր մի նրբություն. մի կողմից՝ հարկային վարչարարության պատասխանատուները հայտարարում են, որ խոշոր հարկ վճարողների մոտ արդեն գրեթե չկա հարկ թաքցնելու իրողություն, դրան զուգահեռ առևտրի շրջանառությունը ավելանում է 21.8 տոկոսով, բայց ՀՆԱ-հարկեր ցուցանիշը բարելավվում է միայն 1.3 կետով: Կառավարությունը նախատեսում է, որ հաջորդ տարի այդ ցուցանիշը կկազմի 22.3-22.5-ի միջակայքում: Կարճ ասած, մի բան այն չէ: 

Այսինքն, եթե տեղի ունենա հրաշք՝ հավաքագրված լրացուցիչ 274 միլիարդ դրամը, որն ապահովել է ընդհանուր առևտրի շրջանառության 21.8 տոկոս աճ և այն դառնա, ասենք, 1.5 տրիլիոն դրամ, որը կհանգեցնի առևտրաշրջանառության 100 տոկոսանոց աճի, միևնույն է, ՀՆԱ-հարկեր ցուցանիշը լավագույն դեպքում կկրճատվի 7.5 կետով, և կունենանք 15.0 ցուցանիշ: 

Կառավարությունը պետք է ուժ գտնի և խոստովանի, որ չի կարող այդքան միջոցներ շրջանառվել միայն փոքր ու միջին բիզնեսում: Այդպիսի ահռելի միջոցներ թաքնված են խոշոր բիզնեսում: Խոշոր հարկ վճարողները նախորդ տարվա համեմատ իրենց ցուցանիշները ավելացրել են ընդամենը 14 տոկոսով: Օլիգարխիան չէր կարող երկար տարիներ կատաղի պայքար մղել, սպասարկել քաղաքական գործընթացները՝ հանուն 14 տոկոս հարկեր թաքցնելու: Ժամանակն է վերջ տալ աչքակապոցիով զբաղվելուն և լրջագույնս թափ տալ խոշոր բիզնեսը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1183 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ