...

Խոսքի՞, թե՞ գաղջի արտահայտման ազատություն

Խոսքի՞, թե՞ գաղջի արտահայտման ազատություն

Թվում էր, թե հեղափոխությունից հետո խոսքի ազատությունն ու բազմակարծությունը ավելի բարձր նշաձողի կհավակնեն,  ԶԼՄ-ները կթոթափեն  երկրում առկա գաղջ մթնոլորտի մեղավորը համարվելու բեռն ու կսկսեն աշխատել հավասար պայմաններում` անկաշկանդ կիրացնեն հասարակությանն իրազեկելու իրենց առաքելությունը`միմյանց հետ մրցակցելով ամենաօպերատիվ, ամենաանաչառ ու ամենաբազմակողմանի լրատվությունն ապահովելու հարցում: 

Մինչդեռ հայկական մասմեդիայում այսօր բոլորովին այլ կլինիկական պատկեր է. խոսքի ազատության ու բազմակարծության անվան տակ գնալով տիրապետող է դառնում լրատվական «բեսպրեդելն» իր բոլոր գաղջ երանգներով: 

Տպավորություն է, թե նացիստական Գերմանիայի հայտնի պրոպագանդիստ, Հիտլերի «կատաղի շունը» համարվող Գեբելսը, որին ֆյուրերը քսի էր տալիս իր հակառակորդների վրա, ունի հայաստանյան իր դավանորդները, որոնք հաջողությամբ կիրառում են տխրահռչակ պրոպագանդիստի հայտնի տեխնոլոգիան` տվեք ինձ լրատվամիջոց և ես հասարակությանը կվերածեմ խոզերի բոլուկի: 

Հասարակությունը, ըստ այդմ, ամեն օր կերակրվում է «գենետիկորեն մոդիֆիկացված» մեդիա-լափով, մանիպուլյացիաներով, ֆեյքնյուզով, վիրավորանք, լուտանք ու ատելության խոսք պարունակող գռեհկաոճ ստատուսներով ու լայվերով, որոնք կայծակնային արագությամբ տիրաժավորվում են լրատվական գործունեություն իրականացնող որոշ միջոցների կողմից: Կան նաև կայքեր, որոնք այս ամենից բացի մեկ այլ նախասիրություն ունեն` մասնավորապես ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների նյութերը թարգմանում ու տիրաժավորում են ճիշտ նույն շեշտադրումներով ու աղավաղումներով, ինչպես որ սկզբնաղբյուր կայքն է ներկայացրել: 

Այսինքն` տվյալ նյութում ադրբեջանցի լսարանի համար ապահովված քարոզչական մանիպուլյացիաները այդ կայքերը մատուցում են նաև հայ ընթերցողին, առանց խորամուխ լինելու այնպիսի կարևոր հարցի մեջ, ինչպիսին է քարոզչական պատերազմը. մի իրադրություն, երբ ազգային անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացվում քաղաքացիների ոչ միայն ֆիզիկական, այլև տեղեկատվական անվտանգության ապահովմանը: Մեդիադաշտը կարգավորելու նպատակով արմատական լուծումների կարիքը թեև վաղուց է հասունացել, և այդ ուղղությամբ կարծեք որոշակի օրենսդրական քայլեր են արվում, սակայն դրանք առայժմ շոշափելի արդյունքներ չեն տվել:  

Կարգավորման քըննարկվող տարբերակներից մեկն էլ ԶԼՄ-ների սեփականատերերին ու ֆինանսավորման աղբյուրները բացահայտելն է, որպեսզի լսարանը կողմնորոշվի, թե ինչպիսի լրատվություն ակնկալել այս կամ այն ԶԼՄ-ից, եթե դրա տերը իքս գործիչն է: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես ժամանակ առաջ նշեց Ն. Փաշինյանը,   մեդիադաշտի 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ էլ ընդդիմությանը, լրատվական դաշտում  այժմ տիրող անարխիան հղի է անկանխատեսելի հետևանքներով: Հատկապես, որ Ֆեյսբուքից օգտվող շարքային քաղաքացիների գրառում-մեկնաբանություններում վաղուց արդեն նշմարվում են «խոզացման» ախտանշանները: 

«Հայելի.ամ»-ի դեմ տեղի ունեցածը մեսիջ էր մյուս ԶԼՄ-ներին 

Օրեր առաջ, ինչպես հայտնի է, «Հայելի.ամ» կայքը վերլուծություն էր հրապարակել Ալիևի` Սոչիում տեղի ունեցած հայտարարության վերաբերյալ և Ալիևի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպել այսպես. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից»: Նման վերնագրով նյութի հրապարակումից վրդովված մի քանի երիտասարդ, ի նշան բողոքի, պաստառներ էին փակցրել կայքի խմբագրության պատերին, ապաև ձվեր նետել պատի վրա (դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ):

Մասնագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ տեղի ունեցածը որակեցին որպես ոտնձգություն խոսքի ազատության և մեդիայի դեմ: Անժելա Թովմասյանը` կայքի խմբագիրը, տեղի ունեցածը բնութագրեց որպես «այլանդակ ոտընձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով»: 
Նկատենք, որ հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը մեղադրվում է  «մամուլի ազատության դեմ ուղղված» քայլեր անելու և կամ նման քայլերը խրախուսելու մեջ: Թե ինչպես են դրսևորվել այդ քայլերը ու դրանց հետևանքով քանի լրագրող ու խմբագիր է ծեծի ու բռնության ենթարկվել, ինչպես նախկին իշխանության օրոք էր, քանի լրագրողի ու խմբագրի գույք է հրկիզվել կամ կոտրվել, քանի հեռուստաընկերություն, թերթ ու կայք է փակվել կամ սնանկացվել դրանց դեմ ներկայացված դատական հայցերի կամ այլ ոտնձգությունների հետևանքով` վիճակագրությունը լռում է: 

Մինչդեռ Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով։ Վերադառնալով «Հայելի.ամ»-ի դեմ իրականացված բողոքի ակցիային` ընդգծենք, որ խոսքի, արտահայտման ազատության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: 

Սակայն միաժամանակ պետք է ընդգծել, որ արտահայտման իրավունքը իրացման տարբեր  դրսևորումներ ունի: Մեկը մամուլի էջերում` գրավոր տեքստի միջոցով է իրացնում այդ իրավունքը, մյուսը` ծաղրանկարի կամ կոլաժի, հաջորդը` ակցիայի միջոցով, ասենք` Թուրքիայի դրոշն այրելու կամ կուսակցության գրասենյակի արտաքնոցի դռանը «թուրքական դեսպանատուն» գրելով, մյուսներն էլ ֆիզիկական բռնության կամ ձու, լոլիկ, կոշիկ նետելու, ալյուր շփելու միջոցով են արտահայտվում:  

Մենք դեմ ենք արտահայտման հատկապես այս վերջին` վուլգար ու բռնություն պարունակող դրսևորումներին, սակայն միաժամանակ կողմ ենք, որ յուրաքանչյուրը, անկախ նրանից` լրատվական գործունեություն իրականացնող է, թե անհատ քաղաքացի, պատասխանատվություն կրի արտահայտման իր նախընտրելի դրսևորման համար: 

Ժամանակ առաջ «Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, թե հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի՝ ապահովելով արտահայտվելու և  հավաքների ազատություն: Դեսպանը նաև հիշատակել էր Եվրոպական դատարանի եզրակացություններից մեկը, ըստ որի` ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի քաղաքավարի, փափուկ, այն կարող է լինել կոպիտ, երբեմն ցավեցնող, բայց դա էլ ունի իր սահմանները, հետևաբար պետք է հակադրվել դրան: «Ինչպե՞ս հակադրվել, այս հարցի պատասխանը պետք է տան լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, շահագրգիռ կողմերը»,- ասել էր դիվանագետը:  

Ձեռնպահ մնալով հակադրվելու մասին որևէ հեղինակային առաջարկ անելուց` ուզում ենք այս  համատեքստում կարևոր մի արձանագրում անել. եթե ԶԼՄ-ն ստանձնել է հանրային իրազեկման առաքելության պատասխանատվությունը, ուրեմն հարկավ պետք է պատրաստ լինի հաշվի առնել նաև իր առաքելության շահառուների «սպառողական կապրիզները» և ոչ մի դեպքում  դրանք չանվանել որպես արշավ  մեդիայի դեմ: Այսինքն` կարողանալ լսել ինչպես իր մատուցած լրատվական արտադրանքը սպառողների ծափերն ու գոհունակության խոսքերը, այնպես էլ բողոքները, կշտամբանքներն ու քաշել դրանց հետևանքները: 

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5492 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ