...

Զբոսաշրջիկը վճարած գումարի դիմաց ստանում է քիչ ծառայություն

Զբոսաշրջիկը վճարած գումարի դիմաց ստանում է քիչ ծառայություն

Ամանորին ընդառաջ արդեն սկսվել են հյուրանոցների ամրագրումները: Տուրիստական գործակալությունների տրամադրած տեղեկության համաձայն՝ շատերը նախընտրում են տոները նշել երկրից դուրս, հիմնական ուղղությունը հարևան Վրաստանն է: Սա բացատրում են այն հանգամանքով, որ Հայաստանում հանգստի արժեքը թանկ է՝ թեև օրեցօր ավելանում է հյուրանոցների քանակը:

Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալի աճել է: 2013 թվականին 379 հյուրանոց է եղել, 2018 թվականին այդ թիվը հասել է 600-ի: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության մեջ:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց, որ օրեցօր բացվող հյուրանոցները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, բայց առաջարկվող ծառայությունների դիմաց բարձր գին են սահմանում, ինչը վնասում է ոլորտի առաջընթացին:

«Մեզ մոտ թե՛ հոսանքը, թե՛ ծախսերը, որոնք կատարվում են, թանկ արժեք ունեն: Հարկերի խնդիրը կա, որոնք ևս բավականին բարձր են: Սրանք են այն պատճառները, որ հյուրանոցները չեն կարողանում մատչելի գներ առաջարկել զբոսաշրջիկներին: Ծախսերը, որը կատարում են պետականորեն, թանկ են»,- նշեց նա:

Փորձագետը մատնանշում է, որ մեր երկրում սնունդը թանկ արժե, ինչը նույնպես ազդում է առաջարկվող հյուրանոցային ծառայությունների գնի վրա: Ասում է՝ զբոսաշրջիկն այսօր մեր երկրում վճարած գումարի դիմաց ստանում է քիչ ծառայություն:

«Եթե Եգիպտոսի հետ համեմատում ենք, այնտեղ 1 գիշերակացի արժեքը 25 դոլար է, որի մեջ մտնում է ամբողջական սնունդը, սենյակն իր անհրաժեշտ իրերով և պարագաներով, իսկ Հայաստանում ոչ մի հյուրանոց նման արժեքով նմանատիպ ծառայություն չի կարողանում մատուցել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Խաչատրյանը ևս մեկ խնդիր է մատնացույց անում: Նրա կարծիքով՝ մեր հյուրանոցները ժամանցի ծառայություններ մատուցելու գործում թերանում են՝ հանգիստը պասիվ է կազմակերպվում, զբաղմունք չկա:

«Հյուրանոցները գումար են վերցնում գիշերակացի և սննդի համար, մինչդեռ բառից, սրճարանից օգտվելու ծառայությունները պետք է ներառված լինեն հյուրանոցի ընդհանուր արժեքի մեջ: Մեզ մոտ այդպես չէ: Դա սխալ է»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը փաստում է, որ անհամեմատ ավելի էժան գներով են ծառայություններ առաջարկում հյուրատները: Նա սա լավ ցուցանիշ է համարում, քանի որ վերջին տարիներին մեծ թափով զարգանում է գյուղական տուրիզմը:

«Այս տարվա ընթացքում շատ է ակտիվացել գյուղական տուրիզմը, և այն իր տեղը գտավ շուկայում: Դրսից եկած զբոսաշրջիկը ցանկանում է տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում համայնքները և ինչպես են ապրում այնտեղ»,-ընդգծեց նա:

Զբոսաշրջության ոլորտը զարգացնելու հարցում փորձագետը կարևորում է հատկապես մատուցվող ծառայությունների որակի բարելավվումը:

Հավելենք, որ նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեծ մասը կառուցվել է Երևանում և մայրաքաղաքի մերձակայքում: Այսօր Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող 13 հյուրանոց:

Հայաստանն ունի առաջարկվող կացարանների բազմաթիվ տարբերակներ՝ գյուղական բնակավայրերում տեղացիների բնակարաններից ու տներից մինչև 5-աստղանի շքեղ հյուրանոցներ:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ