...

Զոքանչս էնքան հարուստ է, որ իր ունեցվածքն իմ անունով է գրում. գյուղապետ

Զոքանչս էնքան հարուստ է, որ իր ունեցվածքն իմ անունով է գրում. գյուղապետ

Քննարկվում է բոլոր համայնքների ղեկավարների համար հայտարարագրերը պարտադիր դարձնելու նախագիծը: 

Օրինագիծը նախատեսում է, որպեսզի 15 հազարից պակաս բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները և նրանց տեղակալներն ու ընտանիքների անդամները հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։ 

Նման օրենքի ընդունումը օրինագծի հեղինակները բացատրում են նրանով, որ այսօր փոքր համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, սոցիալապես շատ անապահով ընտանիքներ կան, համայնքի ղեկավարները պաշտոնավարման ընթացքում հսկայական գույք են կուտակել: Այդ համայնքապետերի մոտ սեփական միջոցներն ավելի շատ են, քան համայնքների բյուջեում:

Հեղափոխությունից հետո բազմաթիվ համայնքապետերի արածները ջրի երես դուրս եկան: Նախորդ տարվանից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով ոստիկանությունն ու իրավապահ մարմինները բացահայտումներ են անում գյուղապետերի կատարած չարաշահումների, պաշտոնական դիրքի օգտագործման և ապօրինի ճանապարհով հարստություն կուտակելու վերաբերյալ:

Նմանօրինակ բացահայտումներից էր Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել նախկին գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի ապամոնտաժած ու իրեն վստահված մետաղական խողովակներն իր առանձնատան բակում պահելու, մնացած խողովակները համայնքի բնակիչներին անհատույց բաժանելու մեջ:

Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ ևս հարուցվել է քրեական գործ:
Ապօրինության հետևանքով պետությանը առանձնապես խոշոր չափերի` 22 մլն 297 հազար դրամի չափով վնաս է պատճառել Վայոց ձորի մարզի Մալիշկայի նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը: Չարաշահումներ կատարած գյուղապետերից է նաև Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքի նախկին ղեկավարը:

Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետին խոշոր չափերով յուրացման մեղադրանք է առաջադրվել: Ցանկը դեռ կարելի է շարունակել: Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս խուսափելու համար նման օրենքի առկայությունն անհրաժեշտություն է:

Պարզվում է՝ ունեցվածքը հայտարարագրելուն դեմ չեն այն գյուղապետերը, որոնք մեծ կարողությունների տեր են:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքին կողմ է: Նրա խոսքով՝ այսօր երկիրն այնքան զարգացած է, որ որևէ բան դժվար է թաքցնել և իմանալն էլ րոպեների հարց է: 

ՀՀԿ-ական Վահրամ Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների շրջանակներում հայտարարագրել է մեծ թվով անշարժ գույք:
2 բնակարան ունի Սևան քաղաքում և Ծովագյուղում, յուրաքանչյուրը՝ 40 քմ մակերեսով, ինչպես նաև մեկ կիսակառույց առանձնատուն՝ Ծովագյուղում: Համատեղ սեփականությամբ ունի 1200 քմ մակերեսով տնամերձ հողամաս, 0,6 հեկտար մակերեսով վարելահող և 0,7 հեկտար խոտհարք: Միանձնյա սեփականությամբ՝ Գևորգյանը հայտարարագրել է 10 հեկտար վարելահող և 12,8 հեկտար խոտհարք: Բոլոր հողամասերը Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում են: Վստահեցնում է՝ ոչ մի գույք իր հետ որևէ այլ անձի հետ փոխկապակցված չէ:

«Իմ զոքանչն էնքան հարուստ է, որ ինքն է իր ունեցվածքն իմ անունով գրում, տենց խնդիր չկա: Իմ զոքանչը շատ հարուստ է, իր ունեցվածքն իմ վրա է գրանցում, ուր մնաց թե ես իրա վրա գրանցեմ: Իմացիր, ինչն իմ վրա գրանցած է, զոքանչինս է»,- ծիծաղելով պատասխանեց նա:

Ասում է՝ մինչև գյուղապետ ընտրվելը բիզնեսմեն է եղել՝ գյուղատնտեսությամբ է զբաղվել և շատ հողեր ունի:

Մոտ 3497 բնակիչ ունեցող Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Հովիկ Թադևոսյանն էլ է բիզնեսմեն: Առավել հայտնի է Կալբաս Հովո մականունով: 2012 թվականից գյուղապետի պաշտոն զբաղեցնող այս անձը միլիոնների տեր է: «Ռազմիկ-92» մսամթերքի արտադրության սեփականատերն է:

Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ ունի 10 մլն դրամ, 20 հազար դոլար և 10 հազար եվրո: Մամուլն այս համայնքապետին է վերագրել մի շարք այլ բիզնեսներ՝ մանրամասնելով, որ դրանք փոխկապակցված են Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի ընկերությունների հետ:

2005թ.-ից զբաղվել է ձկնաբուծությամբ, 2006թ.-ին հիմնադրել է «Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ն, 2007թ.-ին հիմնադրել է «Ռապս» ՍՊԸ-ն: Անշարժ գույքից գյուղապետն ունի 3 շենք-շինություն, երեք հողամաս և մսի շուկան:

Հովտաշատի մեծահարուստ գյուղապետը ևս կողմ է, որ ունեցվածքը հայտարարագրի:

«Խի՞ չպետք է կողմ լինեմ: Հա»,- հազիվ լսելի ձայնով ասաց գյուղապետը, հետո էլ նույնքան անվստահ ավելացրեց՝ գնացեք, հետաքրքրվեք, թե որտեղից եմ այն ձեռք բերել և ում անունով է:

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը պնդում է, որ ունեցվածքը հայտարարագրողների շարքում է: Ըստ գյուղացիների՝ Ախուրյանի դաշնակցական գյուղապետին են պատկանում գյուղի ամենաշքեղ շինությունները:

Ե՞րբ հետաքրքրվեցինք, թե ինչ գույք է ներկայացրել, բարկացավ. «Քեզ ի՞նչ, թե ինչ ունեմ: Օրենքով սահմանված կարգով հայտարարագրել եմ իմ ունեցվածքը: Մեծ հարստություն էլ չունեմ: Ընդամենը վարկեր ունեմ, կարող եմ փոխանցել Ձեզ»:

Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել և բարձրաձայնել կուտակված խնդիրների մասին: Տարիներով լուծում չեն ստացել ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրի հարցերը: 

Գյուղացիների բողոքների վերաբերյալ էլ ասում է. «եթե բողոքում են, թող դիմեն դատարան»:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ