...

9 ճշմարտություն՝ Միքայել Մինասյանից

9 ճշմարտություն՝ Միքայել Մինասյանից

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իշխանությունների դեմ պայքարի նոր փուլ է ազդարարել: Իր ֆեյսբուքյան իր էջում նա փաստարկներ է ներկայացրել, թե ինչու պետք է ազատվել իշխանություններից:

Որքան էլ զարմանալի լինի, նրա ներկայացրած փաստարկները լիովին ճշմարտություն են: Չափազանց դիպուկ է գրել, շեշտադրումները տեղին արել: 

Այժմ ներկայացնենք, թե ինչ է ասել Միքայել Մինասյանը և բացատրենք, թե ինչ է նկատի ունեցել:

1. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար»:

Ճիշտ է ասում. 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իսկապես չցավակցեցին, չայցելեցին նրանց ընտանիքներ, ՀՀԿ-ն տոնախմբություններ էր անցկացնում, երբ դեռ մարդկանց չէին հուղարկավորել, ավարտվեց այդ խրախճանքը Ազատության հրապարակում տոնական երդմնակալությամբ:

2. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները»:

Ճիշտ է ասում. Վանո Սիրադեղյանի 75-ամյա եղբորը գյուղից հանում, տանում էին դատում, որովհետև Վանո Սիրադեղյանի եղբայրն էր, Սափեյանների ընտանիքի հետևից էին ընկած, բոլորին բանտ նետեցին: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չէին խնայում անգամ իրենց ընտանիքներին, որոնց անդամները Հայաստանի ամենահարուստ մարդկանց շարքում էին, քրեական բարքերով, ապրելակերպով բոլորին հայտնի դեմքեր էին:

3. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք»:

Ճիշտ է ասում. Սերժ Սարգսյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում որևէ պաշտոնի չի հավակնի, ոչ նախագահի, ոչ՝ վարչապետի, բայց պարզվեց, որ ստում էր համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջացավ նոր սուտ հորինելու կարիք, թե ինչու ինքը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանը:

3. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին»:

Ճիշտ է ասում. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկզբում Արցախում Արթուր Մկրտչյանի արյան վրայով հասան իշխանության, հետո 1998թ. Հայաստանում հեղաշրջման գնացին, հետո պաշտոնները պահելու համար զոհաբերեցին Վազգեն Սարգսյանին՝ ուրանալով Արցախում և Հայաստանում իրենց երբեմնի զինակիցներին: 2008թ. մարտին էլ 10 մարդու կյանք զոհաբերեցին ու Արցախի սահմանները դատարկեցին՝ իրենց իշխանությունը պահելու համար:

4. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն»:

Ճիշտ է ասում. Մի հատ բարևի համար բորենիների պես հարձակվում էին մարդկանց վրա ու ֆիզիկապես ոչնչացնում: Բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին՝ վերջիններիս դարձնելով հաճախորդներ: Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե հաճախորդներ չունեն:

5. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն»։

Ճիշտ է ասում. Երբ Հայաստանի իշխանությունները արցախյան պատերազմի համար զենք ու զինամթերք էին հայթայթում, բնակչության բերանից հացն ու լույսը կտրում էին, Արցախին հացով ու լույսով ապահովելու համար, երբ միջազգային ատյաններում հայ զինվորի ազատագրական պայքարը լեգիտիմացնում էին, երբ զինվոր ու գեներալ` կատարելով Հայաստանի իշխանության հրահանգները, շրջան շրջանի ետևից ազատագրում էին, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի և նրա թիմի ձեռքբերումներն իրենց վերագրեցին, իսկ վերջում էլ շնորհակալության փոխարեն 20 տարի զբաղվեցին հեղինակազրկմամբ ու քրեական գործեր հարուցելով:

6. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները»:

Ճիշտ է ասում. Միայն 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կազմակերպած տեռորի արդյունքում մի քանի հարյուր քաղբանտարկյալ ենք ունեցել: 20 տարի շարունակ քրեական գործեր են հարուցել հազարավոր ընդդիմադիրների վրա: Ստուգումներ անցկացրել իրենց չենթարկվող բիզնես-կառույցներում, խլել նրանց բիզնեսը, տվել իրենց հնազանդ օլիգարխներին: Մինչև հիմա Եվրադատարանը նրանց տեռորի համար Հայաստանին է պատժում՝ բազմաթիվ շինծու գործեր բեկանելով:

7. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարար գծերը»:

Ճիշտ է ասում. 1998 թվականին իշխանությունը զավթելով, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մտցրեցին ամենանողկալի բաժանարար գծերից մեկը՝ հայաստանցի-ղարաբաղցի: 20 տարի շարունակ այդ բաժանարար գիծը փորձել են խորացնել: Թշնամություն են տարածել ընդդիմադիրներ նկատմամբ, բոլորի, ովքեր իրենց չեն ենթարկվել:

8. Միքայել Մինասյան. «Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ»:

Ճիշտ է ասում. Սերժ Սարգսյանի փեսան՝ լինելով աննկատ մի մարդ, մի փոքր չինովնիկի զավակ, երկրի ղեկավարի փեսա դառնալուց հետո ընդամենը մի քանի տարում դարձավ Հայաստանի թիվ մեկ մեդիա մագնատը, որի ձեռքում են կենտրոնացած հայկական հեռուստաընկերությունների մեծ մասը, բազմաթիվ թերթեր ու կայքեր, որոնք տարիներ շարունակ իրենց եթերից բացահայտ շանտաժ, սուտ, կեղծիք են տարածել, այդ թվում՝ իրենց նախկին կոլեգաների մասին:

9. Միքայել Մինասյան. «Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը»։

Ճիշտ է ասում. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում զավթելով իշխանությունը, բացի նրանից, որ երախտամոռ էին, 20 տարվա ընթացքում հասցրեցին երկրի հարստությունները փոշիացնել, երկրի գազաէներգետիկ համակարգը, հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները, ատոմակայանը, բաշխիչ ցանցերը ամբողջությամբ նվիրել այլ երկրների, երկրի ընդերքը իրար միջև մաս-մաս անել, ժողովրդին 7,5 մլրդ դոլարի արտաքին պարտք թողնել ու դառնալ Հայաստանի երկու ամենահարուստ կլանները, որոնց ազգուտակը՝ հատկապես փեսաներից ոմանք, էսօր հոխորտում են իշխանությունների դեմ, քանի որ ներկայացնում են քաղաքական անհհաջողությունից ագրեսիվացած խմբերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ