...

Այս օրենքով քայլեր են ձեռնարկվում ապօրինի հարստացման դեմ

Այս օրենքով քայլեր են ձեռնարկվում ապօրինի հարստացման դեմ

Ազգային ժողովը ապրիլի 16-ին ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Օրենքը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այլ խոսքով՝ եթե կոռուպցիոն որևէ գործով անցնող քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների և ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան։ 

«Այս օրենքով  քայլեր են ձեռնարկվում ինչպես ապօրինի հարստացման դեմ պայքարելու, այնպես էլ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը ապահովելու ուղղությամբ և ըստ էության՝ առաջին անգամ նման գործընթացների հիմք է դրվում»,- «ՉԻ» հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

- Պետք է նշեմ, որ օրենքի առնչությամբ հնչող մտահոգությունները շատ են, որոնցում անվստահություն է հնչում, թե այն չի կարող նպատակին ծառայել տարբեր պատճառաբանություններով: Բայց ես պետք է ասեմ, որ այն գործիքակազմը, որ դրված է այս նախագծի հիմքում, միանշանակ աշխատող մեխանիզմ է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման միջազգային մեխանիզմները ենթադրում են ինչպես քրեական ճանապարհով, այնպես էլ առանց քրեական մեղադրանքի գույքի հետ վերադարձի հնարավորություն:

- Ինչպե՞ս կարելի է տարանջատել դրանք:

- Օրենքում հստակ նշված է, թե որ դեպքերում և ինչ հիմքեր կան վարույթ սկսելու համար: Օրենքի հինգերորդ հոդվածով նախատեսված են այդ ուսումնասիրությունների և վարույթների հիմքերը: Կարծում եմ, որ անտեղի են այն մտահոգությունները, որ մարդը, ով ազնիվ աշխատանքով է գույք  ձեռք բերել, այս օրենքի նախագծից որևէ անհանգստություն պետք է ունենա: Խոսքը վերաբերում է այն բոլոր հնարավոր դեպքերին, երբ կա դատական մեղադրանք, դատական ակտ կամ հարուցված քրեական գործ, որով անձը անցնում է, կամ կան բավարար հիմքեր՝ կասկածով, որ կա ապօրինի ծագում ունեցող գույք: Բոլոր այդ դեպքերում, երբ ակնհայտ է հակասություն և անհամապատասխանություն անձի եկամուտների և նրա ձեռք բերած ակտիվների միջև: Օրինակ, երբ անձը չունենալով եկամուտներ, ձեռք է բերել այնպիսի գույք, որոնք անհամադրելի են: Կամ անձը, զբաղեցնելով պետական պաշտոններ կամ այլ գործունեություն ծավալելով, չի ունեցել բավարար եկամուտներ, մինչդեռ ձեռք է բերել այնպիսի հարստություն կամ ակտիվներ, որոնք գերազանցում են իր եկամուտները. սրանք արդեն ուսումնասիրության համար հիմք են: Դա նկատի ունենալով՝ նախատեսվում է ընդլայնել դատախազության գործառույթները այն մասով, որ կձևավորվի գլխավոր դատախազի տեղակալի ինստիտուտ, որն էլ կկոորդինացնի հենց այդ կառույցի աշխատանքները:

- Իսկ ինչպե՞ս է լուծվելու երկուստեք շահերի հավասարակաշռության խնդիրը: Մասնագետները պնդում են, որ խնդիրներ կարող են լինել և՛ դատախազության, և՛ ենթադրյալ ապօրինի հարստացածի համար:

- Այո, օրենքում ներառված և կարգավորված է նաև ապացուցման բեռի բաշխման հարցը: Հայտնի է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված ավելի շատ գործում է մեղավորության կանխավարկածը, բայց այստեղ ապացուցման բեռ ունի նաև իրավապահ մարմինը: Այսինքն՝ չի լինի այնպիսի իրավիճակ, երբ բարեխիղճ գույք ձեռք բերողը պետք է ստիպված լինի ապացուցել իր գույքի ծագման օրինականությունը: Օրենքը պաշտպանում է նաև երրորդ անձանց՝ այն բարեխիղճ ձեռքբերողների իրավունքները, որոնք ողջամտորեն չէին կարող տեղյակ լինել այդ գույքի ապօրինի ծագման մասին: Այստեղ նրանց իրավունքները ևս համազոր պաշտպանված են:

- Տիկին Տիգրանյան, Դուք որպես երկար տարիների փորձ ունեցող իրավապաշտպան՝ չե՞ք կարծում, որ մանևրելու տեղերը շատ են և բազմաթիվ են դեպքերը, երբ ապօրինի հարստացածը կարող է ձեռք բերված գույքը իր բարեկամի, իր ընտանիքի անդամների անունով ձևակերպել և խույս տալ պատասխանատվությունից:

- Շատ ճիշտ դիտարկում է, և որևէ մեկը չի բացառում, որ այդպիսիք կարող են լինել, որովհետև զուտ հայտարարագիրը ուսումնասիրելով՝ կարող են երբևէ չբացահայտվել տվյալ անձի ունեցած իրական ակտիվները: Հետևաբար, ցանկացած պարագայում, այս կարգավորման շրջանակներում գործի օբյեկտիվ քննության համար հաշվի է առնվելու ոչ միայն նրան սեփականության իրավունքով պատկանող, նրա փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, այլ նաև նրան փոխկապակցված անձանց գույքը: Եվ եթե տվյալ անձնավորության գույքը գրանցված է ասենք նրա հորեղբորորդու թոռան անունով, բայց վերջինս չունի այդ եկամուտը, որ ձեռք բերեր նման ակտիվը, այստեղ անդրադառնալու ենք կրկին տվյալ պաշտոնյայի հետ կապին: Ես իհարկե հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու և ապացուցման մեխանիզմը երկարատև աշխատատար գործընթաց է, բայց չլիներ այս մեխանիզմը, ըստ էության, մենք չէինք ունենա որևէ իրավական լծակ հասանելիություն ունենալու ապօրինի գույքի հետվերադարձի մեխանիզմին ընդհանրապես:

- Արդյո՞ք այս օրենքի նախագիծը ևս իր նախորդների նման չի մնա թղթի վրա և կարո՞ղ ենք արձանագրել, որ ապօրինի հարստացման դեմ օրենսդրական այս պայքարը ևս ձևական չէ:

- Ես վստահ եմ, որ օրենքը միանշանակ գործելու է, չնայած չեմ կարող ասել, թե ինը կամ տասը ամիս հետո մենք ինչ-որ հաջողություն կգրանցենք, որովհետև բոլորս լավ պատկերացնում ենք, թե վարույթի հետ կապված որքան աշխատատար և ժամանակատար գործընթաց է սպասվում, եթե ուզում ենք հասնել ճշմարիտ արդարադատության և ոչ թե ձախողել այդ գործընթացը: Այն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և դատախազության համապատասխան կառույցի համալրում:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ