...

«Ազնիվ մղումներով» պետականությունը ոտնատակ տալու «թրենդը»

«Ազնիվ մղումներով» պետականությունը ոտնատակ տալու «թրենդը»

Ադրբեջանի դրոշն այրելու դեպքին կարող էինք նաև ընդհանրապես չանդրադառնալ, որովհետև դե հիմա միջադեպ էր՝ անցավ-գնաց, ընդ որում՝ նման ակցիաներ կարող էին լինել և լինում են աշխարհի ցանկացած երկրում։ Արտառոցն այդ ակցիային հաջորդած բուռն քննարկումների որակն էր, որն առանձնապես կապ չուներ բուն ակցիայի հետ և ավելի շատ վերաբերում էր հայրենասիրության ընկալմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ պետականության նկատմամբ հանրության վերաբերմունքին։ 

Ըստ երևույթին որևէ մեկը չի առարկի, որ իրական հայրենասերը պարտավոր է իր ցանկացած արարքից առաջ մտածել՝ դրանով իր սիրած հայրենիքին ավելի շատ օգո՞ւտ կտա, թե՞ վնաս։ Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, քննարկելու բան առանձնապես չկա․ ինչ-որ մեկը, թեկուզ՝ ամենաազնիվ մղումներով, ինչ-որ քայլ է արել, որի արդյունքում հայրենիքն ավելի շատ վնաս է կրել, քան օգուտ ստացել։ Հետևաբար, միակ հարցը, որ կարող էր քննարկվել, հետևյալն է՝ գիտակցաբա՞ր է արել, թե՞ հետևանքների մասին չի էլ մտածել։ Բայց մեզանում, ինչպես միշտ, ավելի շատ ոչ թե հետևանքներն են քննարկվում, այլ մղումները, ու ամենամտահոգիչը հենց սա է։ 

Պատկերացրեք՝ մի զզվելի, կեղտոտ ճանճ անընդհատ տզզում է, բոլորին նյարդայնացնում ու ի վերջո կանգնում մեկի ճակատին, դիմացինն էլ վերցնում է ու տախտակի կտորով տուր թե կտաս՝ ուղիղ սրա ճակատին, ինչի արդյունքում ճանճը սատկում է, «փրկվածի» ճակատին էլ ուռուցք է հայտնվում․․․

Հասկանալի է, չէ՞, որ ներկաների միակ արձագանքը կլինի «արա՛, դու հո ապո՞ւշ չես», թեև ակնհայտ է, որ էմոցիոնալ առումով ճանճի նկատմամբ զզվանքը համընդհանուր է, ճանճն իսկապես էլ բոլորին նյարդայնացրել էր, և ընդհանրապես՝ ճանճից ձերբազատվելու մղումը միանգամայն ազնիվ էր ու վկայում էր դիմացինին այդ տհաճությունից ազատելու, այսինքն՝ նրա հանդեպ սիրո և հոգատարության մասին։ Իսկ մեզանում փաստորեն ոչ թե հետևանքն է քննարկվում, այլ մղումը՝ թե որքան զզվելի էր ճանճը, ինչ կարևոր էր նրան սատկացնելը, ինչպիսի անսասան վճռականություն և հերոսական կամք դրսևորեց խփողը, իսկ հետևանքների մասին խոսողները միանգամից պիտակավորվում են որպես ճանճի իրավունքների պաշտպաններ․․․  

Ուշադրություն դարձրեք՝ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ նրանք, ովքեր «ազնիվ մղումներն» ավելի են կարևորում, քան դրա կոնկրետ հետևանքները, Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու իրավունք չունեն։ Ինչ-որ մեկն ազնիվ մղումներով ինչ-որ դրոշ այրեց, որի արդյունքում Հայաստանը տուժեց, Նիկոլ Փաշինյանն էլ նոր պատերազմ և նոր զոհեր թույլ չտալու՝ նույնքան ազնիվ մղումներով քայլ առ քայլ կործանում է երկիրն ու նորանոր աղետներ բերում։ Ի՞նչ տարբերություն, երկուսի մղումներն էլ ազնիվ են, երկուսի քայլերի կոնկրետ հետևանքներն էլ՝ վնասաբեր, հետևաբար՝ կամ երկու դեպքում էլ կարևորում ենք արդյունքը, և արձագանքը լինում է նույնը՝ «արա՛, դու հո ապո՞ւշ չես», կամ երկու դեպքում էլ կարևորը համարում ենք էմոցիաները, և այդ դեպքում երկուսն էլ «հայրենասերներ» են, որովհետև իրենց ախմախություններն ազնիվ մղումներով են արել՝ առանց հետևանքների մասին մտածելու։ 

Մեծ հաշվով՝ այս «կամ-կամ»-ը պետականությունը լուրջ ընդունելու կամ չընդունելու մասին է, որովհետև կարևոր հարցերում էմոցիաներով կամ «հայրենասիրական մղումներով» առաջնորդվել կարող են միայն պետականություն չունեցող ժողովուրդները, իսկ անկախ պետականության գոյությունը պարտադրում է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով կամ «մղումներով», այլ պետության համար դրական կամ բացասական հետևանքների հաշվարկով։

Մարկ Նշանյան 

Հ․ Գ․ Իսկ Նիկոլիշխանությունը դրոշ այրած այդ ջահելին պատասխանատվության ենթարկելու որևէ բարոյական իրավունք չունի։ Որովհետև նա, այո, կարող էր այդ դրոշն այրել իր արտադրամասում, «և այդ դեպքում արդյունքը նույնը կլիներ, ճիշտ է՝ առանց 300 հազար եվրո կորստի և Հայաստանի միջազգային հեղինակության անկման», բայց որոշել է գնալ այլ ճանապարհով։ Այս մոտեցումը ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ