...

«Ցավում եմ, որ կլասիկ պատգամավոր լինելով, կլասիկ սուտ բաներ են խոսում». Հրաչյա Հակոբյան

«Ցավում եմ, որ կլասիկ պատգամավոր լինելով, կլասիկ սուտ բաներ են խոսում». Հրաչյա Հակոբյան

Նախօրեին Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քաղաքացիները, գործարարները վախենում են իշխանություններից: Այսօր փորձել ենք լսել Ազգային ժողովի պատգամավորների մեկնաբանություններն այդ առնչությամբ: 

Հրաչյա Հակոբյան. «Իմ քայլը» խմբակցություն

- Պետք է ասեմ, որ Էդմոն Մարուքյանի այդ մոտեցումը հերթական այն շարքն է, որը որդեգրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ուղղակի մերկապարանոց, կլասիկ սուտ հայտարարություններ անելով: Ցավում եմ, որ լինելով կլասիկ պատգամավոր նաև կլասիկ սուտ բաներ են խոսում իրենք: Ինչպես Գորգիսյանն էր վերջերս նման սուտ հայտարարություններ անում, թե իբր տեղեկություն ունեն, որ իշխանությունները լցոնումներ են անելու: Էդմոն Մարուքյանն էլ նույնպես հիմա նույն գիծն է շարունակում: Եթե նա կոնկրետ դեպք գիտի, թող անուն ազգանունով ասի՝ թե ով է վախեցել, ով է վախեցրել: Ավելին ասեմ, որևէ գործարար այսօր ոչ թե չի վախենում իշխանություններից, այլ՝ ավելի ազատ, քան երբևէ նա չի եղել: Այսօր գործարարները գիտեն, որ իրենք իրենց բիզնեսների տերն են, որևէ մեկն իրենց որևէ բան չի ստիպում, այնպես որ՝ այդ հայտարարությունները ես դասում եմ իրենց հերթական մերկապարանոց սուտ հայտարարությունների շարքին:

- Գործարարները գումարներ չե՞ն փոխանցում «Իմ քայլի» հիմնադրամին:

- Ես տեղեկություն չունեմ: Էդմոն Մարուքյանը եթե ունի նման տեղեկություն, թող ասի, որ այսինչ գործարարը «Իմ քայլի» հիմնադրամին փոխանցել է, իրենց չի փոխանցել: Եվ անգամ, եթե որևէ գործարար «Իմ քայլին» կամ մեր ինչ-որ ուրիշ հիմնադրամի փոխանցել է:

- Աննա Հակոբյանի հիմնադրամը նկատի ունե՞ք:

- Չէ, եկեք հիմա կոնկրետ քաղաքական ուժերից խոսենք: Իմ քայլը հիմնադրամին, եթե անգամ փոխանցել է մեկը և իրենց չեն փոխանցել, թող դա չդիտարկեն որպես վախ իշխանություններից, ուղղակի թող դիտարկեն, որ իրենք որպես ընդդիմություն, այն վստահությունը չեն ներշնչում այդ գործարարների մոտ, որ այդ գործարարները իրենց գումար փոխանցեն:  Թող մեղավորությունը իրենց մեջ փնտրեն, թե ինչու գործարարները իրենց գումարներ չեն փոխանցում, ինչու հասարակությունը այդքան չի վստահում իրենց: Ինչու էին մարդիկ համատարած գրում՝ մենք ձեզ ենք ընտրել, բայց հանրաքվեի ձեր որոշումից հետո մենք ձեր կողքին չենք կանգնելու, որովհետև դուք ժողովրդի կողքին չեք, և մենք հիասթափված ենք ձեր այս քայլից: Այսինքն, թող իրենք համադրեն իրենց կատարած քայլերը և իրենց կայացրած որոշումները, հետո ժողովրդի ռեակցիան՝ այդ ամենի հետ կապված և հետևություն անեն, որ գործարարներն էլ ժողովրդի մի մասն են կազմում, և  գործարարները նույնպես կարող են պարզապես չվստահել այդ քաղաքական ուժին:

- Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում պնդեց նաև, որ ընտություններին մասնակցության լիցենզիա ունեցող քաղաքացիները վախենում են մասնակցել «Ոչ»-ի շտաբի աշխատանքներին, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց կարող են ազատել աշխատանքից: Ի՞նչ կասիեք այս մասին:

- Մարուքյանը շատ բան կարող է պնդել առանց փաստարկների: Եթե ունեն փաստարկներ, ունեն փաստեր, որ սպասվում են լցոնումներ, ինչո՞ւ մենակ ասացին, թե մենք ունենք տեղեկություն, որ իշխանությունները լցոնումներ են իրականացնելու, դրա համար մենք մեր տեղերը տվեցինք և հանձնաժողովներում իրենց տեղերի մասին մի գեղեցիկ հեքիաթ պատմեցին: Թող այդ հայտարարությանը կից այդ փաստերը, այդ տեղեկությունները շատ կոնկրետ հրապարակեին և դիմեին իրավապահ մարմիններին՝ հանցագործության մասին հայտարարություն ներկայացնելով, այլ ոչ թե կլասիկ դասական ստեր հորինեին:

Ռուստամ Բաքոյան. «Իմ քայլը» խմբակցություն

- Պետք է ասեմ, որ դա պարոն Մարուքյանի սուբյեկտիվ մոտեցումն է: Եթե նման բան լիներ, այդ մասին բոլորդ տեղյակ կլինեինք: Ոչ մի բիզնեսմեն չի կարող վախենալ այս իշխանություններից, որովհետև այս իշխանությունները երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ ավելի քան թափանցիկ են և ժողովրդավար: Այս պարագայում կարծում եմ պարարտ հող է ստեղծված նույն բիզնեսմենների, նույն ներդրողների համար:

- Մարուքյանի խոսքը վերաբերում էր նրան, որ գործարարները իշխանությանը գումարներ տալիս են, բայց ընդդիմության հիմնադրամին վախենում են գումարներ տրամադրել:

- Տրամաբանություն չեմ տեսնում այդ հայտարարության մեջ, որ որևէ գործարարի վրա ճնշում գործադրվի, դա բացառված է: Եթե գործարարը ցանկացել է հանգանակություն կատարել, ապա դա միայն պայմանավորված է նրանով, որ սա ժողովրդի իշխանությունն է, և նույն գործարարը ժողովրդի մի մասնիկն է: Ինչ վերաբերում է լիցենզիա ունեցող քաղաքացիներին, որոնք վախենում են մասնակցել «Ոչ»-ի շտաբի աշխատանքներին, սա վարկած է, որը ընդդիմությունը ուզում է այդ քողի ներքո ներկայացնել:

Սուրեն Գրիգորյան. «Իմ քայլը» խմբակցություն

- Թող Էդմոն Մարուքյանը նախ ասի, թե ինչով է պայմանավորված իր խոսքը, ես պատրաստ եմ մեկնաբանել: Գործարարները կամ քաղաքացիները մեր հիմնադրամին գումար են հնարավորություն ունեցել փոխանցել դրամահավաքի միջոցով, և մենք բոլոր գործընթացները միշտ շատ թափանցիկ ենք արել: Ինչո՞ւ են այդ նույն մարդիկ վախենում պարոն Մարուքյանին կամ «Լուսավոր Հայաստանին» գումարներ փոխանցել, ես դրա համար իշխանության կողմից կատարված որևիցե գործողություն, որով կարող է դա պայմանավորված լինել, առհասարակ չեմ տեսնում: Ուրիշ բան, եթե գործարարները նրանց ուղղակի գումար չեն ուզում փոխանցել:

- Ի՞նչ կասեիք Մարուքյանի այն հայտարարության մասին, թե ընտրություններին մասնակցելու արտոնագիր ունեցող քաղաքացիները խուսափում են են ոչ-ի շտաբում աշխատելուց, քանի որ վախենում են հետագայում կորցնել աշխատանքը:

- Որևիցե գործողություն իշխանության կողմից ինչ-որ մեկի աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին չի դիտարկվում և չի կարող դիտարկվել, եթե, իհարկե, դա քաղաքական պաշտոն չէ և չի դիտարկվում որպես քաղաքական դիրքորոշում:

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Հատկանշական է, որ երկրի խոշոր գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ խմբակցության անդամները խուսափեցին մեկնաբանել Մարուքյանի՝ գործարարների վախի մասին արած հայտարարությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը , օրինակ ասաց, որ ինքը գործարար չէ և չի կարող հարցին պատասխանել: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ ուղղակի հայտարարեց, որ ուրիշ պատգամավորների խոսքերը մեկնաբանելու սովորություն չունի, իսկ Վարդևան Գրիգորյանն էլ հորդորեց գործարարներին աշխատել օրենքի շրջանակներում և չվախենալ իշխանություններից:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ