Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև ՀԱՊԿ-ի «մոմենտով» թեժ լեզվակռիվ է սկսվել՝ է՛լ «հարսի պար», է՛լ «փեսուն ուրիշ բան դեմ տալ»․․․ Իմաստն էլ սա է՝ Սերժի կողմնակիցները պնդում են, որ իրենց օրոք ՀԱՊԿ-ը մեր կողմից էր, իսկ հիմա ամբողջ աշխարհում մենակ ենք մնացել, Նիկոլի կողմնակիցներն էլ հակազդում են, թե «դե լավ, էն ժամանակ է՛լ մի զիբիլ չէր»։ Ու ոչ մի խոսք՝ այն մասին, թե հատկապես ո՞ր պահից սկսած մենակ մնացինք ամբողջ աշխարհում ու հայտնվեցինք «էս զիբիլի» մեջ։
Սկսենք «մենակ մնալուց»։ Իսկ ինչո՞ւ ենք հատկապես մե՛նք մենակ, և ոչ թե Ադրբեջանը։ Ամենահեշտը, իհարկե, այս վիճակը «հայի բախտով» բացատրելն է, որովհետև, ինչպես հայտնի է, բոլորը դժգոհում են բախտի բացակայությունից, բայց որևէ մեկը խելքի բացակայությունից չի դժգոհում։ Չնայած՝ ի սկզբանե պետք է հասկանալի լիներ, որ եթե բակում բոլորը ֆուտբոլ են խաղում, իսկ մեկը պահանջում է «թարգել» ֆուտբոլն ու, ասենք, չլիկ-դաստա խաղալ, նա մենակ է մնալու։ Կարող էր ինքն էլ ֆուտբոլ խաղալ, լինել փայլուն խաղացող կամ ոչ այնքան, լինել հաղթող կամ պարտվող թիմի կազմում, բայց՝ չէ․ ինքը չլիկ-դաստա է խաղում, և վերջ։ Ու զարմանում է, որ մենակ է մնացել։
Ամեն ինչ «հայի բախտով» բացատրելը նույնիսկ մի առաջին հայացքից բավականին ծանրակշիռ հիմնավորում ունի՝ «դե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ համաշխարհային քաղաքականությունը դրա շուրջ է կառուցված»։ Ճիշտ է։ Բայց Վրաստանը նույնպես նավթ չունի, իսկ Իսրայելի մասին նույնիսկ անեկդոտ կա՝ «էդ հրեաներից չէր, որ 40 տարի անապատում թափառեցին ու հաջողացրեցին հաստատվել Մերձավոր Արևելքի միակ հողակտորի վրա, որտեղ նավթ չկա»։ Նաև թուրք-բրիտանական համատեղ ծրագրի մասին է խոսվում, որի նպատակը Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի էներգակիրներն Արևմուտք հասցնելն է՝ Ռուսաստանը շրջանցելով, իսկ դրա համար այդ հզորագույն դաշինքին «Զանգեզուրի միջանցք» է պետք։ Դա էլ է ճիշտ։ Բայց պատկերացրեք՝ ինչ-որ միջազգային ծրագիր դարձել է «հանրային գերակա շահ», դրան դիմակայելը գործնականում անհնար է, ու ծրագրի պոտենցիալ խոչընդոտներից մեկին այլընտրանք է առաջարկվում․ կամ մասնակցել ծրագրին ու դառնալ փայատեր, կամ աչքի առաջ ունենալ, որ դիմադրելու դեպքում ծրագիրն ուժով են կյանքի կոչելու, և այդ դեպքում ոչ թե փայատեր ես դառնալու, այլ բոլորի աչքի փուշը, և ի վերջո՝ զոհ։ Ո՞րն է տրամաբանական ընտրությունը։
Ժամանակին մեզ այդ ընտրությունն առաջարկվել է։ Արցախյան հակամարտության իսկապես փոխզիջումային լուծման դիմաց առաջարկել են Բաքու-Ջեյհան նավթամուղը կամ առնվազն դրա մի ճյուղն անցկացնել Հայաստանի տարածքով։ Բայց իշխանությունների «ռազմահայրենասիրական թևը», որը քիչ ժամանակ անց պիտի պալատական հեղաշրջմամբ հասներ իշխանության, համարել է, որ պատմական արդարությունն ավելի կարևոր է, քան համաշխարհային քաղաքականության «նավթային կեղտոտ շահերը», պարզ ասած՝ որոշել է չլիկ-դաստա խաղալ։ Մեծ հաշվով՝ Հայաստանը հենց այդ պահից էլ աշխարհում մենակ է մնացել, որովհետև մեզ այնուամենայնիվ դեռ երկար տարիներ համոզում էին ընդունել միջազգային քաղաքականության՝ բոլորի կողմից ընդունված կանոնները, իսկ մենք, լինելով տարածաշրջանի՝ բոլոր առումներով ամենաթույլ և խոցելի երկիրը, աշխարհի երեսին գոռում էինք «ուժն է ծնում իրավունք», և վերջ։ Առանց հասկանալու, որ միջազգային հարաբերություններում ուժն առաջին հերթին խելքն է։ Ի վերջո այդպես էլ եղավ՝ «ուժը ծնեց իրավունք»։ Բայց ոչ թե Ադրբեջանի ուժը, այլ այդ երկրի՝ դաշնակիցներ գտնելու և իր կողմից կամ իր փոխարեն կռվելու կարողությունը, ճիշտ պահն ընտրելու հմտությունը, միջազգային հանրության ու անգամ Հայաստանի նոմինալ դաշնակիցների «դաբրոն» ստանալու շնորհքը, և այլն։
Իսկ Նիկոլն ու նախկինները դեռ միմյանց են մեղադրում «անցյալի սխալների» ու աշխարհում մենակ մնալու համար՝ առանց հասկանալու, որ գործընթացը շարունակվում է, հետևաբար՝ անցյալ չէ։
Մարկ Նշանյան