...

COVID-19. ՀՀ-ն միլիոններ է ծախսել Չինաստանից ու Լեհաստանից գնումներ կատարելու համար

COVID-19. ՀՀ-ն միլիոններ է ծախսել Չինաստանից ու Լեհաստանից գնումներ կատարելու համար

Աշխարհին, այդ թվում և ՀՀ-ին պատուհասած կորոնավիրուսը բավական թանկ է նստում դրա դեմ պայքարող պետությունների պետական միջոցների վրա: Մասնավորապես ՀՀ-ն, ի դեմս վարչապետի աշխատակազմի, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մի շարք պետական գնումներ է իրականացրել, որոնց մասին տեղեկանքները զետեղված են gnumner.am կայքում: 

Առաջին խոշոր գնումը` չորս չափաբաժնով, ընդհանուր 288 մլն 158 հազար դրամ արժողությամբ, տեղի է ունեցել մարտի 31-ին: Գնման առարկաներն են` պաշտպանիչ հանդերձանք` 20 հազար հատ (224 մլն 400 հազար դրամ), դիմակներ` 20 հազար հատ (13 մլն 770 հազար դրամ), պաշտպանիչ հատուկ ակնոցներ` 20 հազար հատ (23 մլն 460 հազար դրամ), դիմակներ` 40 հազար հատ (26 մլն 520 հազար դրամ): Պայմանագիրը կնքվել է HEBEI LINK-ALL SUPPLY CHAIN MANAGEMENT CO., LTD-ի հետ:  

Գնման հաջորդ պայմանագիրը թվագրված է ապրիլի 1-ով. կորոնավիրուսի վարակի ախտորոշման միջոցառումների իրականացման շրջանակներում բժշկական սարքերի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման (երկու չափաբաժնով) արդյունքում պայմանագիր է կնքել «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ: Գնման առարկան` թթվածնի մատակարարման սարք: Սարքերից մեկը 400 լ/ր  թթվածին արտադրող գեներատոր է, մյուսը` 80 լ/ր:

Առաջինի համար պետությունը վճարել է 23 մլն 562 հազար, երկրորդի համար` 13 մլն 592 հազար դրամ: Ընդանուր` 37 մլն 154 հազար դրամ: Ուշագրավ է, որ «Արպանիվ» ՍՊԸ-ն հայտնի է որպես անվադողերի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն, որը հիմնադրվելէ 2003-ին, սեփականատերը Երևանի բնակիչ Արտյոմ Խանդանյանն է: Այս ընկերության հետ տարիներ շարունակ տարբեր` տրանսպորտային պարագաների գնման նպատակով պայմանագրեր են կնքել ՀՀ մի շարք պետական մարմիններ` ՊՆ-ն, ԱԻՆ-ը ԱՎԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմը և այլն:  

Ապրիլի 5-ին էլ կորոնավիրուսային վարակի ախտորոշման միջոցառումների իրականացման նպատակով բժշկական նյութերի ձեռքբերման նպատակով 175 մլն 296 հազար դրամի պայմանագիր է կնքվել լեհական ընկերության հետ` D-LAC sp z o.o. sp. k.: 

Կորոնավիրուսային վարակի ախտորոշման միջոցառումների իրականացման նպատակով բժշկական նյութերի ձեռքբերման նպատակով մեկ այլ պայմանագիր էլ ապրիլի 3-ին է կնքվել` չինական BIOTECH BIOMEDICINE (SHENYANG) GROUP Ltd-ի հետ, պայմանագրի արժեքն է 128 մլն 665 հազար 102.82 դրամ:

Այսինքն՝ «չինական արտադրության» վիրուսի պատճառած հետևանքների չեզոքացման համար ՀՀ-ն, դատելով վերոհիշյալ գնման երկու պայմանագրերից, Չինաստանին է վճարել շուրջ 500 միլիոն դրամ:  

Ապրիլի 6-ին մեկ այլ պայմանագիր է կնքվել Covid-19 արագ թեստ հետազոտության անցկացման (41 հետազոտություն) նպատակով: Պետական միջոցներից 820 հազար դրամ է վճարվել «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին` Վարդանանց նորարարական բժշկության կենտրոն, որը պատկանում է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին: Ի դեպ, Վարդանանց կլինիկայում, ինչպես տեղեկանում ենք կլինիկայի կայքից, իրականացվում է թեստավորում`/Կորոնավիրուս (COVID-19) IgM, IgG-Rapid test/, արժեքը` 20 հազար դրամ: Այս արագ թեստերի կիրառման համար լաբորատոր հնարավորությունների կարիք չկա, դրանք կարելի է կիրառել տնային պայմաններում: Նկատենք, որ մարտի 30-ին տված իր ասուլիսում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր այս թեստերի մասին: Նրա խոսքով՝ դրանք հայտնաբերում են վիրուսի վրա եղած անտիգենը կամ օրգանիզմում վիրուսի նկատմամբ սինթեզած հակամարմինը, բայց ոչ վիրուսը։ Ավելին՝ դրանք միայն կողմնորոշիչ են և վերջնական ախտորոշում չեն դնում, արդյունավետությունն ապացուցված չէ։

Այս պահի դրությամբ, ըստ հրապարակված պայմանագրերի, կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պետությունը բժշկական նյութերի ու պարագաների վրա շուրջ 600 միլիոնից ավելի դրամ է ծախսել: Ահռելի միջոցներ են ծախսվում նաև պոտենցիալ վարակակիրներին կարանտինում պահելու և այլ ածանցյալ միջոցառումների վրա:

Այնպես որ՝ եթե ՀՀ քաղաքացիները չեն ուզում, որ պետության միջոցները հետայսու ևս ծախսվեն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, ապա պետք է ստանձնեն սոցիալական պատասխանատվություն` հետևեն պարետատան ցուցումներին` այսպիսով օգնելով պետությանը վիրուսի տոտալ բռնկումը կանխելու հարցում:   

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ