...

Երկու կարևոր դետալ, որոնք բնորոշում են Սերժ Սարգսյանին

Երկու կարևոր դետալ, որոնք բնորոշում են Սերժ Սարգսյանին

Երեկ Ավան և Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների դատավարությունը: Ըստ էության, բուն դատավարությունը դեռ չի մեկնարկել, բայց առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած երկու փոքր դետալը չափազանց լավ են բնորոշում, թե ինչն ենք մերժել և, Աստված մի արասցե, նախկինների վերադարձի դեպքում ինչ խորը և համապարփակ գաղջի մեջ ենք հայտնվելու: 

Առաջին. Սերժ Սարգսյանը ոտքի չկանգնեց դատավորի հարցերին պատասխանելիս: Դրանով նա իր վերաբերմունքն արտահայտեց ոչ թե դատավորի, ոչ թե գործող իշխանության, այլ ՀՀ-ի և նրա ժողովրդի հանդեպ: Հայտնի է, որ արդարադատությունը իրականացվում է հանուն Հայաստանի Հանրապետության: Անցած երկու տարին բավարար ժամկետ էր, որպեսզի Սարգսյանը վերաիմաստավորեր իր անցած ճանապարհը, հասկանար, թե երբ շեղվեց Արցախի հերոսի ճանապարհից և դարձավ կոռուպցիայի ինստիտուցիոնալ հիմքի հիմնադիրը և ինչու ժողովուրդը իրեն տոտալ մերժեց: Երեկ դատարանի դիմաց անհոդաբաշխ բացատրությունները, ոտքի չկանգնելը եկան հաստատելու այն տեսակետը, որ նախկինները ոչինչ չեն սովորել: 

Երկրորդ. Փաստաբանը միջնորդեց, որ քրեական գործում ներառեն Սարգսյանին բնութագող փաստեր: Այն է, նա եղել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարը և 10 տարի հանդիսացել է երկրի գերագույն գլխավոր համանատարը: Դա ամենևին տարեց մարդու քմահաճույք չէ: Այնպես չէ, որ եթե այդ տվյալները չներառվեն քրեական գործում, հանրությունը չէր իմանալու Սարգսյանի կենսագրությունը: Դա համոզմունք է, որ իրենք վեր են օրենքից ու արդարադատությունից: Իրենք համոզված են, որ եթե կռվել են Արցախի համար, ուրեմն իրենց դատել չի կարելի: Մի կողմ թողնենք, որ իրենց իշխանության ժամանակ դատել են բազում փառապանծ ազատամարտիկների: Այդ քայլով ենթագիտակցորեն իրենք իրենց ասոցացնում են պետության ու Արցախի հաղթանակի հետ: 21-րդ դարում այդպիսի հիվանդագին ամբիցիաներ ունեցողները չափազանց վտանգավոր են պետության համար: 

Արդեն նշված երկու դետալին ավելացնենք ևս մեկը: Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանի աջակիցների պատասխանները լրագրողների հարցերին, նրանց քամահրական և ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները վկայում են, որ ռևանշի դեպքում մեզ ավելի դժնդակ օրեր են սպասվում, քան ինչ ապրեցինք 1998-2018 թվականներին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2068 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ