...

Հանրաքվե կամ «բաստիոնի յոթ բնակիչների տարհանում»

Հանրաքվե կամ «բաստիոնի յոթ բնակիչների տարհանում»

Ապրիլի 5-ին, եթե ՀՀ-ում ծավալվող քաղաքական-հասարակական զարգացումներն ընթանան առանց էքսցեսների ու ինտրիգների և բացառվի ֆորսմաժորի հեռանկարը, ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել ՍԴ դատարանի անդամներից յոթի նկատմամբ: Եվ սոսկ հանրաքվեի արդյունքները ցույց կտան` նախկին ռեժիմի «խրամատը» հսկող «յոթնյակը» կգնա տո՞ւն, թե՞ էլի կշարունակի աշխատանքը Բաղրամյան 10-ում:

Ակնհայտ է, որ այս ուղիղ ժողովրդավարական` մեկ գործողությամբ ակտը միտված է լինելու հեղափոխությանը երկրորդ շնչառություն հաղորդելուն` պարզելու, թե երկու տարի անց վստահության ինչ ցուցիչ ունի ՀՀ իշխանությունը, և երկրորդ` ոչ լեգիտիմ Սահմանադրության մեկ կոնկրետ հոդվածը լեգիտիմացնելուն: Խոսքը չարչրկված 213-րդ հոդվածի մասին է: 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը օրերս տված իր հարցազրույցում հայտարարեց, թե հանրաքվեի միջոցով ՍԴ-ի ճգնաժամի հաղթահարումը ՍԴ-ին բարձր լեգիտիմություն է հաղորդելու: Ի՞նչ է սա նշանակում. նախ` հանրաքվեի է դրվելու դատարանի 9 անդամներից 7-ին իրենց պաշտոններում թողնել-չթողնելու, այսինքն` դրան «այո» կամ «ոչ» ասելու հարցը, ապա երկրորդ փուլով իրականացվելու է դատարանի լիարժեք ձևավորման գործընթացը` հենց 2015-ի սահմանադրության ոգուն և տառին համապատասխան, երբ իրավասու մարմինների կողմից առաջադրվող դատավորների թեկնածուներին խորհրդարանն է ասելու «այո» կամ «ոչ»: Այս պահին այդ ընթացակարգով ընտրված ընդամենը երկու դատավոր կա` Արման Դիլանյան, որը նախորդ խորհրդարանի կողմից է ընտրվել` 2018-ին, և Վահե Գրիգորյան, որը գործող ԱԺ-ի ընտրած միակ դատավորն է: Այսինքն, եթե հանրաքվեի ժամանակ հաղթի «այո»-ն, դա կնշանակի, որ ապագա ՍԴ-ն լեգիտիմության կրկնակի բարձր աստիճան է ունենալու` ժողովուրդը հանրաքվեի միջոցով «լիազորագիր» է տալու լեգիտիմ ԱԺ-ին ՍԴ-ն նոր դատավորներով համալրելու համար: 

Նիկոլ Փաշինյանը գրիչի մասին հայտնի պատմության ժամանակ նշել էր, թե Հրայր Թովմասյանն այս ընթացքում քանիցս առաջարկել է իր ծառայությունները` ասելով. «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր», սակայն «ուղարկվել է համապատասխան տեղը»։ Եթե պատկերավոր ասենք, ապա սա ևս մեկ ապացույց է, որ մայր օրենքի «գլխավոր ճարտարապետը» միտումնավոր «չոռնի խոդեր» է թողել, որպեսզի դրանք օգտագործվեն հավանական ֆորսմաժորային իրավիճակներում, եթե ՍԴ-ն ինչ-որ պահի հաճո չլինի Սերժ Սարգսյանի քիմքին: Իշխանությանը, ըստ էության, հաջողվել է գտնել ու մուտք գործել այդ «չոռնի խոդերից» մեկով` փորձելով գլուխ բերել «բաստիոնի» յոթ բնակիչների տարհանումը: Կհաջողվի հաջողությամբ իրականացնել այս մարդասիրական ակտը, թե ոչ` ցույց կտան հանրաքվեի արդյունքները:

«Դեմ ըլլալով` յան քաշվել»   

Հանրաքվեի թեման երևակեց մասնավորապես խորհրդարանական ընդդիմության անկախության աստիճանը, որը պարզ է դառնում վերջինիս բռնած դիրքից` «դեմ ըլլալով` յան քաշվել»: Այստեղ գործ ունենք մի նոր ֆենոմենի հետ, երբ ընդդիմությունը ԱԺ տարբեր դահլիճներում կոկորդ է պատռում գործընթացի ապօրինի ու հակասահմանադրական լինելու մասին, սակայն «ձեռքերը լվանում» է ճիշտ այն ժամանակ, երբ պետք է տրամագծորեն հակառակն աներ` թևքերը քշտեր և անցներ լուսավորչական աշխատանքի` ժողովրդին հորդորելով հեռու մնալ «շառից ու փորձանքից»` «ոչ» ասել «հակասահմանադրական» գործընթացին: Սա նման է ենթադրյալ հանցագործությանը ականատես լինելուն, բայց միտումնավոր չկանխելուն, որը, եթե չենք սխալվում, նույնպես պատասխանատվություն է ենթադրում: Ակնհայտ է, որ «ոչ»-ի ճամբարում ընդգրկվելու գայթակղությունից լուսավորիչներին ու բարգավաճականներին հեռու է պահում ռևանշիստների հետ նույնացվելու վախը: Չէ՞ որ դեմ լինել «բաստիոնը» «ապամոնտաժելուն», նշանակում է կռվել ռևանշիստների բանակում: Բարերար Ծառուկյանն ու միամիտ լոռեցի Մարուքյանը վստահ չեն, որ կարող են իրենց շուրջ հանրային համախմբում ապահովել, և բացի այդ` չեն կարող բացառել, որ «ոչ»-ի քարոզի ժամանակ, ժողովրդի հետ անմիջական շփման ընթացքում անկանխատեսելի զարգացումներ տեղի կունենան` քարոզիչներին ուղղված թուքումուրից մինչև «համապատասխան տեղն» ուղարկելը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հասկացել են, որ չարժե իրենց հեղհեղուկ ռեյտինգն է'լ ավելի նոսրացնել` հանուն վարկաբեկված ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի: 

Մանիպուլյացիաներ

Մանիպուլյացիաներից ամենաակնբախն այն է, թե «հանրաքվե» օպերացիան մեկ թիրախ ունի` Հրայր Թովմասյան, իսկ մնացած դատավորները Թովմասյանի զոհաբերմանն ուղեկցող «երկրորդային զոհեր» են: Նկատենք, որ սա հատկապես Է. Մարուքյանի սիրելի մանիպուլյացիան է: Նրա ղեկավարած խմբակցությունը, ի դեպ, կողմ էր քվեարկել ՍԴ ուղարկված ԱԺ այն դիմումին, որը հենց անձնավորված բնույթ ուներ` դադարեցնել  ՍԴ նախագահի լիազորությունները: Այժմ, երբ ՍԴ նախագահից բացի նաև վեց դատավորների հեռացման հարցն է դրված, Մարուքյանը միամտաբար մոռացել է, որ մի քանի ամիս առաջ «այո» էր ասել մեկ մարդու` Հրայրի հեռացմանը: Ինչպես կասեր հայտնի լոռեցի Վիկտոր Դալլաքյանը` միամիտ են նրանք, ովքեր լոռեցիներին միամիտ են համարում: 

ԱԺ այդ որոշման քվեարկությանը, հիշեցնենք, ԲՀԿ-ն չմասնակցեց, պատճառաբանելով, թե Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմքերը «թույլիկ» են և «մանկամիտ»:  

Հաջորդ մանիպուլյացիան, որին ԲՀԿ-ի Գևորգ Պետրոսյանն է դիմում` սրտացավություն խաղալով, թյուր տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունն իրականում միտված չէ վերականգնել ՍԴ-ի բարի համբավը` ձևավորելով իսկապես սահմանադրական արդարադատության իրականացնող մարմին, այլ ուզում է գրպանային ՍԴ ձևավորել: Ուստի, ոչ մի երաշխիք չկա, որ նոր ՍԴ-ն չի լինելու հնի «կլոնը»` ծառայելով Նիկոլին: Եվ բացի այդ, ՍԴ-ն և դատական համակարգն ընդհանրապես, «պարապ վախտի խաղալիք չեն», որ ամեն եկող իշխանություն սկսի իր սրտի ուզածով «խաղացնել»: Սա ցույց է տալիս, թե մասնագիտությամբ իրավաբան Պետրոսյանի ենթագիտակցության մեջ որքան խորն է նստած «հաճկատար դատարանի» կարծրատիպը: Եվ ոչ միայն նրա:

Պետրոսյանը և նրա պես մտածողները թերևս կհամաձայնեն, որ ՍԴ-ի և ցանկացած այլ դատարանի դատավորի «պիտանիությունը» ենթակա է վերանայման, եթե վերջինս արդարադատության շահը սպասարկելու` Ֆեմիդային ստրուկ լինելու փոխարեն ստրկանում է այլ տիրոջ` օրվա իշխանությանը կամ որևէ խմբի` այսպիսով սպասարկելով կլանային շահը: Տարիներ շարունակ հենց այսպիսի վարքագիծ ցուցաբերելու մեջ էլ մեղադրվում է գործող ՍԴ կազմի մեծամասնությունը, և թե չլիներ այս բարձր դատարանի տխուր համբավը, դրանից ձերբազատվելու վրա այսքան ռեսուրս չէր ծախսվի` նյարդեր, ժամանակ, ֆինանս` դրվելով հանրաքվեի: 

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Անկախ այն բանից, թե ինչպիսի ելք կունենա հանրաքվեն, այն հնչելու է որպես «սթափության ազդ» ողջ դատաիրավական համակարգի համար, որին միտված բարեփոխումների գլխավոր երաշխիքը պետք է լինի «կախյալ դատարան» «մոդելի» մերժումը: Կապ չունի, թե որ տիպի դատարանի մասին է խոսքը` սահմանադրակա՞ն, թե՞ ընդհանուր իրավասության: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ