...

Հասարակությունը կազմված չէ միայն «վարչապետ ջան, դու միշտ ճիշտ ես, թիկունքիդ ենք» գրողներից

Հասարակությունը կազմված չէ միայն «վարչապետ ջան, դու միշտ ճիշտ ես, թիկունքիդ ենք» գրողներից

Պետք է արձանագրել, որ այս պահին Կորոնավիրուսը և Հայկ Ստվերի երգը ստվերել են սահմանադրական փոփոխությունների բովանդակային մասը: Եթե առաջինը իշխանության կամքից հակառակ է տեղի ունենում, ապա երկրորդում կա իշխանության ուղիղ սխալը: 

Հեղափոխության ժամանակը անցել է և ժողովրդին հնարավոր չէ նման արհեստական միջոցներով նորից բերել էյֆորիայի հարթություն: Եթե անգամ Հայկ Ստվերի հեղինակած երգը լիներ շատ լավը: Մինչդեռ գործ ունենք «Էն ում ամանորն է, լու է, լու է» պատվիրված հիթից ավելի անհաջող երգի խոսքի և կատարման հետ:

Նման միջոցներով դժվար կլինի բացատրել, թե ինչու է խիստ անհրաժեշտ գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ԱՅՈ:

Երկու տարի առաջ հեղափոխություն արած ժողովրդին պետք է ավելի լուրջ վերաբերվել և ավելի հանգամանալից ու բովանդակային զրույց ունենալ նրա հետ: Որքան էլ մեծ լինի Փաշինյանի ժողովրդական աջակցությունը՝ 650 հազար չկա այն մարդկանց քանակը, ովքեր ողջունում են վարչապետի ցանկացած գործ ու խոսք, իսկ լայվերի տակ գրում՝ «դու միշտ ճիշտ ես, ու մենք հավերժ քո թիկունքին ենք»: Պակաս մոլորություն չի լինի, եթե իշխանությունն իսկապես հավատա ու սպասի, թե սփյուռքից գալու և քվեարկելու են: Դա կարող է լրջագույն ինքնախաբկանք լինել և շատ թանկ կնստի իշխանության վրա:

Հասարակության մի ստվար հատված, հատկապես այն հատվածը, որ ողջունեց և մասնակցեց հեղափոխությանը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը, ցանկանում է լսել իշխանության խոստովանությունը: Պետք է ասվի, որ սխալ հաշվարկի արդյունքում ենք հասել այս հանգրվանին և ստիպված ենք հանրաքվե անցկացնել, որպեսզի ազատվենք Սարգսյանի և Քոչարյանի վերջին բաստիոնից:

Չպետք է վախենալ ժողովրդի հետ ուղիղ խոսելուց: Հստակ պետք է ներկայացվի, թե ինչ հեռանկար է սպասվում երկրին, եթե ԱՅՈ-ն չհաղթի: Խոստովանի իշխանությունը, թե չխոստովանի, միևնույն է՝ ԱՅՈ-ի պարտությունն ունի մեծ պոտենցիալ՝ վերածվելու վերջի սկզբի: Դա ամենևին մարդկանց մոտ վախեր առաջացնելու միջոց չէ, այլ մոտ ապագայի հստակ ուրվագծում, որ իշխանությունը պետք է կիսվի ժողովրդի հետ:

Երկիրը այլևս շանս չի ունենալու ձերբազատվել ՍԴ ներկա կազմից, և վերջին փամփուշտը պետք է ծառայի նպատակին: Այլընտրանքը կլինի ռևանշի ուժերի հետ ռուսական ռուլետկա խաղալը, և ինքն իրեն կրակողի դերում հանդես կգա գործող իշխանությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2028 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ