...

ՀՀԿ-ն իրեն դրսևորել է ադրբեջանցի և թուրք պատգամավորների նման

ՀՀԿ-ն իրեն դրսևորել է ադրբեջանցի և թուրք պատգամավորների նման

Պարզվում է, որ կա այսպիսի անվանումով միջազգային կազմակերպություն՝ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն: Եվ այս կազմակերպությունը բանաձև է ընդունել Հայաստանի վերաբերյալ: Ներկայացնենք հատված բանաձևից:

  • Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝  իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;
  • Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական ​​համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական ​​որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց; 
  • Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական ​​համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց; 
  • Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:
  • Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին; 
  • Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների: 

«ՉԻ». Առաջին հայացքից կարող է տարակուսանք առաջացնել, թե այս անհայտ կազմակերպությունն ինչու է այսպիսի տենդենցիոզ հայտարարություն ընդունել Հայաստանի վերաբերյալ: Բայց ամեն ինչ տեղն է ընկնում, երբ պարզվում է, որ այս կազմակերպությանը Հայաստանից միայն ՀՀԿ-ն է անդամագրված: Իսկ բանաձևն էլ հենց ՀՀԿ-ն է ստեղծագործել և միջազգային գործընկերներին համոզել, որ ընդունեն:

Ուշագրավ է, որ այսօր միջազգային իսկապես ճանաչում և հեղինակություն ունեցող երկու կազմակերպություններ լրիվ այլ գնահատականներ են տվել Հայաստանի վերաբերյալ: Եվ այսպես. Առաջինը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից մինչ 42։

Հայաստանը դիրքը բարելավել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը):

Երկրորդը՝ Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում ներառված 165 երկրների և երկու տարածքների շարքում է նաև Հայաստանը:

Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը:

Փաստաթուղթը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:
 
Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են ռեժիմի չորս տեսակ՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:

Մեր երկիրը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետություններ շարքում և բարելավել է իր դիրքերը 2018-ի համեմատ` 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական:

Մեր հարևան Վրաստանը ցուցակում Հոնդուրասի հետ կիսում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը և Հայաստանի ու Վրաստանի հետ ներառված է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում:

Ադրբեջանը ցանկում 146-րդն է և ընդգրկվել է ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքում:

Կարելի է փաստել, ՀՀԿ-ն փորձել է որևէ կերպ ստվեր գցել Հայաստանին տրվող բարձր գնահատականների վրա և օգտագործելով կապերը՝ կոպերատիվ ինչ-որ կազմակերպությունից խնդրել և ստացել է երկիրը վարկաբեկող փաստաթուղթ: Ահա այսպիսի ձեռագիր և մարտավարություն է կիրառում հայրենասիրության մասին ճոռոմ հռետորաբանություն կիրառող ՀՀԿ-ն: Իսկ Աշոտյանը դեռ հանդգնում է ասել, թե միջազգային կազմակերպություններում պետք է օգտագործել ՀՀԿ-ի ներուժը: Օգտագործեն, որ ի՞նչ անեն: Հայաստանը վարկաբեկող բանաձևե՞ր երկնեն:

Ըստ էության, կարելի է ասել՝ ՀՀԿ-ն իրեն դրսևորել է այնպես, ինչպես Հայաստանի հանդեպ միջազգային հարթակներում իրենց պահում են ադրբեջանցի և թուրք պատգամավորները: Ամենևին զարմանալու չի լինի, եթե այդ ուժերը առաջիկայում ավելի սինխրոն դարձնեն իրենց գործողությունները: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ