...

Մինչև ապրիլի մեկը գազի սակագնի թանկացման մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Պապոյան

Մինչև ապրիլի մեկը գազի սակագնի թանկացման մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Պապոյան

Ձմեռնամուտ է, և գազի սակագնի հնարավոր թանկացման մասին շրջանառվող լուրերը ավելի շատ են մտահոգում գազ սպառող շարքային քաղաքացիներին: Թեև կառավարության պատասխանատուները վստահեցնում են, թե առաջիկայում գազի գնի 30 տոկոս բարձրացումը չի համապատասխանում իրականությանը, մյուս կողմից էլ՝ չեն բացառում, որ թանկացումը հնարավոր է:  

Երբ է սպասվում գազի սակագնի փոփոխություն և ինչ արդյունք կտան բանակցությունները Ռուսաստանի հետ, թեմայի շրջանակներում զրուցել ենք ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ: 

Պատգամավորի խոսքով՝ գազի սակագնի վերանայման շուրջ բանակցություններ միշտ էլ ընթանում են, դրանք շարունակական են, իսկ ինչ վերաբերում է թանկացմանը, ապա մինչև 2020 թվականի ապրիլի մեկը այդ մասին խոսք լինել չի կարող: Ըստ պատգամավորի՝ բանակցություններն ընթանում են ապրիլի մեկից հետո ընկած ժամանակահատվածի համար:

«Բանակցությունները կարող են հանգեցնել գազի գնի ինչպես մի փոքր աճի, այնպես էլ մի փոքր նվազման, կամ գնի պահպանման: Վարչապետն էլ նշեց, որ դա արվելու է այն սկզբունքով, որ գազի գնի փոփոխությունը, ըստ էության չհանգեցնի Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերի թուլացմանը, կամ որևէ բացասական ազդեցություն չունենա: Վստահաբար ասում եմ՝ սպառողների համար մինչև ապրիլի մեկը չի լինի որևէ փոփոխություն, քանի որ գազի հիմնական ծախսը կատարվում է ձմեռային ամիսներին»:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե գազի սակագնի փոփոխությունը պայմանավորված կարող է լինել քաղաքական ենթատեքստով, Գևորգ Պապոյանը բացառեց այդ հանգամանքը՝ ասելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական որևէ անհամաձայնություն չկա, ինչը նշանակում է, որ բանակցությունները տնտեսական հարթության մեջ են: Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական ու ռազմաքաղաքական միավորների մեջ և Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններն այս պահին ամենաբարձր մակարդակի վրա են, ինչպես որ ամենաբարձր մակարդակի վրա է առևտրաշրջանառությունը:

Պապոյանը հավելեց նաև, որ իրենց առջև խնդիր է դրված բանակցությունների արդյունքում սահմանել գազի սակագնի երկարաժամկետ պայմանագիր: Դա Հայաստանի համար կլինի հեռանկարային, և ներդրողները, որոնք Հայաստան են գալիս ու ցանկություն ունեն ներդրումներ կատարելու, ներդրումները կկատարեն երկարաժամկետ ֆորմատով: Այդ պարագայում գազի կայուն գինը կներառվի ինքնարժեքի մեջ, և գնի փոփոխության ռիսկեր չեն առաջանա:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ