...

Ո՞րն է, բաբո, մեր պրոբլեմ

Ո՞րն է, բաբո, մեր պրոբլեմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իր՝ ԱԺ-ում ունեցած ելույթն այն մասին, թե երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, և հարցին՝ այսօ՞ր էլ է շարունակում պնդել, որ երկրում թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, պատասխանել է. «Իսկ ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո։ Իմ կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմությանը, որևէ փոփոխություն չի կրել, վերահաստատում եմ»:

«ՉԻ». Բոլորդ էլ գիտեք մեր տեսակետն այս ընդդիմության վերաբերյալ: Այն ապակառուցողական է, գաղափարազուրկ, պոպուլիստ և վարկաբեկված: Մենք հաճախ ենք ընդդիմադիրներին քննադատում և շարունակելու ենք քննադատել, քանի դեռ նրանք նման գործելաոճ են որդեգրել:

Բայց... մենք այս ընդդիմությանը չենք համարում երկրի թիվ մեկ պրոբլեմը: Միայն տոտալիտար համակարգի ջատագովը նման բան կասի: Իսկ Արփինե Դավոյանի կարծիքից տոտալիտարիզմի, միակուսակցական համակարգի հոտ է գալիս:

Ու հիմա մենք հարց ենք տալիս իշխանություններին՝ հանձինս Արփինե Դավոյանի. այդ ի՞նչ եք ուզում անել, որ ընդդիմությունը խանգարում է: Որտե՞ղ է ձեզ խանգարում: 2,5 տարի է, իշխանությունը՝ գործադիր և օրենսդիր, բացարձակ ձեր ձեռքում է, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն եք, ընդդիմությունը ո՞նց պիտի ձեր համար պրոբլեմ լինի: Ինչ որոշում ուզում, կյանքի եք կոչում: Ուզում եք՝ Սու-30 եք գնում, ուզում եք՝ դժգույն Շուշին եք հանձնում: 

Ընդդիմությո՞ւնն է խանգարել, որ 2,5 տարի որևէ բարեփոխում չիրականացրեցիք: Ո՛չ քաղաքական բարեփոխումներ, ո՛չ դատաիրավական, ո՛չ մշակութային, դե, իսկ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանրապես չենք խոսում: Հաստատ ընդդիմությունը չի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրել: 

Բա ո՞րն է ընդդիմության պրոբլեմը: Ասեք, մենք էլ իմանանք:

Լավ, պրոբլեմ է այս ընդդիմությունը, բոլորին՝ Վազգեն Մանուկյանից սկսած, բռնեք, դատեք, ցմահ տվեք, վառեք, կախեք. դրանից երկրի իրավիճակը փոխվելո՞ւ է: Արցախցի փախստականները վերադառնալո՞ւ են իրենց բնակության վայրեր, Արցախը կարգավիճա՞կ է ստանալու, Հայաստանը վերականգնելո՞ւ է իր միջազգային հեղինակությունը, քաղաքական համակա՞րգն է առողջանալու, տնտեսությո՞ւնն է զարգանալու: Ոնց որ թե՝ չէ: Այսինքն, մեր երկրի խնդիրները ընդդիմությամբ չեն պայմանավորված: Մեր խնդիրները քաղաքական կուլտուրայի բացակայությամբ են պայմանավորված: Իշխանությունները երկրի թիվ մեկ պրոբլեմը համարում են ընդդիմությունը, ընդդիմությունն էլ երկրի թիվ մեկ պրոբլեմը համարում են իշխանությունը: Այսինքն, նույն մտածելակերպն է, նույն հոգեբանությունը, կուլտուրան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ