...

Պարետը հաղորդագրություն պետք է ուղարկի նաև բիզնես շրջանակներին

Պարետը հաղորդագրություն պետք է ուղարկի նաև բիզնես շրջանակներին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների և կառավարության ընդունած հակաճգնաժամային քայլերի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

- Պարոն Մանասերյան, Էկոնոմիկայի նախարարի կարծիքով կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Համաձա՞յն եք այդ տեսակետին:

- Ուզում եմ արձանագրել, որ ինչպես այս համաճարակի ժամանակ բացասական ազդեցությունը տնտեսության վրա շատ ակնհայտ է, այնպես էլ 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր: Բայց մեր կառավարությունները կարծես դասեր չեն քաղում տեղի ունեցածից: Ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծել, հետևյալն է՝ տարանջատել ընդհանուր տենդենցների համաշխարհային զարգացումների բացասական ազդեցությունը մեր երկրի ներքին տնտեսական խնդիրներից: Սա շատ կարևոր է, որովհետև 2008-ին կառավարությունն ասաց, որ դա մեզ չի վերաբերում, բայց մենք ունեցանք տնտեսական անկում, և այն շատ ավելի խորը զգացվեց հաջորդող տարիներին: Նույնը՝ հիմա: Առաջին արձագանքը, ցավոք սրտի, լավատեսական էր: Լավատեսությունը շատ լավ է, բայց ավելի լավ է ռեալ սպասումներ ձևավորել՝ ո՛չ բացասականը մարդկանց տալ և ո՛չ էլ շատ լավատեսականը: Պատասխանատուն, ի վերջո, կառավարությունն է:

Այս իրավիճակը ես արտակարգ դրություն կանվանեի տնտեսության համար նույնպես, որովհետև նախկինում այսպիսի իրավիճակ չենք ունեցել, և սա աննախադեպ իրավիճակ է, որը ստիպում է ոմանց կարծիքով գոտիներն ամրացնել, սակայն, ես այդ կարծիքին չեմ: Սա մեզ ստիպում է նորովի մտածել և մի քիչ սթափվել: Եթե 30 տարի շարունակ ինքնավստահ կեցվածքով իրար հաջորդող կառավարություններին թվացել է, որ իրենք ավելի լավն են, քան նախորդները, որ հիմա հրաշքներ կգործեն և այլն, արդյունքում վճարել է ժողովուրդը: Նախորդ կառավարիչներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Ելքը հետևյալն է՝ պետք է կառավարությունը համագործակցի գործարար շրջանակների հետ և փորձագիտական հանրության հետ: Այն, ինչ հնչում է կառավարության նիստերին, դրվատելի է: Նախ պետք է տարանջատել փոքր և միջին բիզնեսը: Այդպիսի հասկացողություն մեզ մոտ չկա: Կա փոքր բիզնեսն իր դարդ ու ցավով և կայացած միջին բիզնեսը և հետո՝ խոշորը: Սրանք, ցավոք, անընդհատ մեկ բառակապակցության մեջ խառնվում են իրար: Այսինքն՝ փոքր բիզնեսը, որն իր հացն է հոգում և կարող է նաև որոշակի թեթևացնել պետության սոցիալական բեռը, այդ փոքր բիզնեսը կարիք ունի ոչ միայն ֆինանսական օգնության, այլև՝ ուշադրության: Ճիշտ այնպես, ինչպես մենք պարետից հաղորդագրություններ ենք ստանում, որ տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, շատ կարճ հաղորդագրություն նաև պետք է հղել փոքր բիզնեսին կամ բիզնես շրջանակներին, ովքեր ունեն իրատեսական ծրագրեր, որոնք հատկապես պետական նշանակության խնդիրներ են լուծում, դիմեն կառավարությանը: Բազմաթիվ են օրինակները: Ես շփվում եմ և՛ գյուղի մարդկանց հետ, և՛ բիզնեսի:

- Բայց կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար հակաճգնաժամային փաթեթ է ընդունել: Դրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Օրինակ, 0 % տոկոսադրույքով վարկեր՝ գյուղատնտեսությանը, արտոնյալ պայմաններ կոոպերատիվների ձևավորման համար:

- Գիտեք՝ սոցիալական ծրագրեր կարելի է անել, բայց այդ ապահովագրության բարձիկների համար գումարները չեն բավարարի: Իմ համոզմամբ՝ պետք է նպատակային ծրագրեր ֆինանսավորել: Պետք է հաշվի առնել, որ 30 տարի է՝ չկա խորհրդային միությունը և կոլխոզներն ու սովխոզները: Գյուղացիական կոոպերացիան այդպես էլ չի ձևավորվել՝ 30 տարին քիչ ժամանակ չէր, ուրեմն պետք է կառավարիչները մտածեն՝ ինչն է խնդիրը: Բազմաթիվ են խնդիրները: Գրչի հարվածով որոշում կայացնելով՝ կոոպերացիան չի կայանում, դա կայանում է մի քիչ ավելի տևական ժամանակում: Ոմանք ավելի հեշտ են գնում համագործակցության, ոմանք՝ դժվարությամբ, մոտիվացիայի խնդիրներ կան: Հատկապես բռնի խոշորացման արդյունքում կոոպերացիայի դրական կերպարը դարձել է մի տեսակ սատանայի կերպար: Ասում են՝ միավորվեք իրար հետ, մարդկանց թվում է՝ այդ բռնի խոշորացումն է, որը թվում է, որ իրենք տուժում են, ոչ թե՝ շահում: Թշնամանք է առաջացնում շատերի մոտ: 4 կառավարությունն էլ իրար հետևից առանց գիտակցելու դրա բացասական հետևանքները, առաջարկում են դա: Ինձ անհանգստացնում է մեր անգիտակից վերաբերմունքը: Կարծես թե, եթե միջազգային կառույց է ֆինանսավորում, պետք է հարկադրված իրենց ասածն անենք: Արդյունքում ունենք գյուղացիներ, որոնք ոչ ոքի չեն հավատում, պետությանը չեն վստահում, ոչ էլ իրար հետ են ուզում գործ անել: Վստահություն բերելու համար գյուղատնտեսության հարցերով զբաղվող մարդիկ իրենց փողկապները պետք է հանեն, դնեն տանը և գնան ապրեն գյուղացու հետ, որ հասկանան ինչ է կատարվում: Ոչ մի չնովնիկ դա մինչև հիմա չի հասկացել: Եթե ասում ենք՝ կառավարությունն ուզում է հոգալ ձեր հոգսերը, քմծիծաղով ասում են՝ հա, հաստատ կհոգա: Առանց գյուղատնտեսության ոլորտի լուրջ փորձագետների չի կարելի գյուղատնտեսության հարց լուծել:

- Վարչապետը հայտարարեց, որ այս իրավիճակից կարող ենք ուժեղացած դուրս գալ: Ինչպե՞ս կարող ենք ուժեղացած տնտեսությամբ դուրս գալ:

- Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ոչ միայն դիմակայել, այլև կարող ենք լավ առումով առիթից օգտվել, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպենք: Նախկին մեթոդներով չենք կարող խնդիրը լուծել: Հիմա ավելի ստեղծագործական մոտեցում է պետք: Ես պնդում եմ, որ ամեն մի խնդիր Հայաստանում ունի մեկից ավելի լուծումներ: Աժ-ում լինում են հանձնաժողովի լսումներ, բայց քննարկումների մշակույթ չեն կարողացել ձևավորել և նոր հուշել վարչապետին, թե որը կարող է լինել ամենաարդյունավետ լուծումը: Սա հին ձեռագիր է, որը, ցավոք սրտի, չի փոխվում: Կայացվում են որոշումներ, հետո կառավարության առաջ լինում են բողոքի ցույցեր, չեղարկվում են որոշումները և հետո մտածում՝ ինչ անել: Լավագույն լուծումը եռաչափ համագործակցությունն է՝ կառավարության, փորձագիտական հանրության և գործարար շրջանակների:

Մենք իմ գործընկների հետ քննարկել ենք և շատ սեղմ մեր ծրագրերն ենք ուղարկել կառավարությանը և ԿԲ-ին: Ոչ մի արձագանք, միայն ԿԲ-ն է արձագանքել իրեն հասցեագրված առաջարկներին: Այդ լռությունը ոչ թե վերագրվում է վարչապետին, այլ այն մշակույթին, որը չի ձևավորվել: Հետադարձ կապի մշակույթ չկա: Ես վախենում եմ, եթե այդ մեկուսացումը շարունակվի, լավ չի լինի՝ ժողովուրդն առանձին, կառավարությունն առանձին, չկա համագործակցություն:

Դա չկա նաև համաշխարհային մակարդակով: Միգուցե, դա գալիս է նաև միջազգային տենդենցներից, բայց մենք պետք է ավելի խոհեմ գտնվենք և շատ սխալներ թույլ տալու շռայլություն չենք կարող թույլ տալ: Եթե մարդ հիվանդանում է, ինքն է գնում բժշկի մոտ, բժիշկները չեն գալիս և ասում՝ թույլ տվեք ձեզ բուժենք: Այս պարագայում հիվանդը տնտեսությունն է: Եթե հիվանդ է, տնտեսության պատասխանատուները պետք է բժշկի դիմեն: Որքան շուտ բժշկի դիմեն, այնքան լավ: Պետք է ճիշտ ախտորոշում լինի, որը ես չեմ տեսնում, և նոր ճիշտ միջոցներ ձեռնարկել:

- Այս ընթացքում բիզնեսի որոշ տեսակներ նաև օգտվեցին: Ինչպե՞ս եք գնահատում:

- Շատ լավ է ալկոգելի և այլ արտադրության զարգացումը: Ես հիմա մեկ ուրիշ օրինակ բերեմ՝ այս օրերին տնկարանային տնտեսություններ կան և դրանց փոքրիկ աջակցություն է պետք: Տնկարանը կարող է ընդլայնվել և դրանով ոչ միայն իր հարցերն է լուծում, այլև պարենային անվտանգության հարց է լուծում պետության համար: Այս պահին մեր ինտելեկտուալ ներուժը պետք է միավորել և պատվով դուրս գալ այս իրավիճակից:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ