...

Պետությունը «վազվրատ» անող չէ

Պետությունը «վազվրատ» անող չէ

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է: Քննության համաձայն՝ Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել էին, որ իրենց առնչվող 7 ՍՊԸ-ը չվճարեն խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկերը, այդ գործընթացում ներգրավելով տարբեր անձանց: Սակայն, փոխանցել են չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2.837 մլրդ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին Ղազարյանին ձերբակալելիս հայտնի էր դարձել, որ նրա մոտ առկա է 9.2 միլիոն դոլարը գերազանցող անշարժ գույք ու գումար։

Այսպիսով, կարելի է արձանագրել. պետության և Ղազարյանի միջև տեղի է ունեցել գործարք, և ապօրինի հարստացած  թիկնազորի պետը բյուջե է վերադարձրել 6 միլիոն դոլար: Լավ է դա, թե ոչ, դրան չենք ցանկանում անդրադառնալ:

Խնդիրն այլ տեղ է: Երբ այս կամ այն դատարանը և հատկապես Վերաքննիչ դատարանը ազատում է քրեական պատասխանատվությունից այս կամ այն նախկին պաշտոնյային, իշխանությունը շտապում է դա վերագրել դատական իշխանության սերտ կապերին նախկին ռեժիմի հետ: Այս դեպքում վճռողը եղել է նախաքննության մարմինը, այսինքն՝ իշխանությունը: Իսկ այդպիսի սեպարատ համաձայնությունները չեն կարող հարցեր և խնդիրներ չառաջացնել:

Ո՞վ է որոշել, որ հայտնաբերված գումարի 2/3-ը փոխանցելը բյուջե բավարար է քրեական պատասխանատվությունից ազատվելու համար: Ամեն անգամ այսպիսի քրեական գործերի վերաբերյալ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելո՞ւ, թե՞ կա մեկ միասնական չափորոշիչ, թե որքանը վերադարձնելու դեպքում են ազատվում քրեական պատասխանատվությունից: 

Պետությունը չի կարող նմանվել «վազվրատ անողի», որի հետ լեզու գտնելու դեպքում է որոշվում, թե որքանն է ենթակա «վազվրատի» և որքան է ստանալու «վազվրատի ինստիտուտին» դիմող անձը:

Բացի այս, Ղազարյանի դեպքում կա նաև շատ կոնկրետ քաղաքական բաղադրիչ: Նա եղել է և շարունակում է լինել Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկը: Նախաքննությունը պետք է ջանքեր գործադրեր, որպեսզի գործը հասներ դատարան, և հասարակությունն ավելի լավ տեղեկանար, թե ինչպես է հարստացել թիկնազորի պետը: Միգուցե, արագ գումար վերադարձնելը գայթակղիչ է, բայց քաղաքական նշանակությունը շատ ավելի կարևոր էր: Բայց իշխանությունը նախընտրեց գնալ կարճ ճանապարհով: Արդյունքում մի կողմից կա հասարակության դժգոհություն, որ ապօրինի հարստացածները չեն պատժվում, մյուս կողմից զրկվեց քաղաքական լուրջ դիվիդենտներից՝ քաղաքական հակառակորդների դիմակը ևս մեկ դրվագով պատռելու առումով: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ