...

Շուշի, Շուշի. մի հատ քիփիլիկ քաղաք էր, էլի

Շուշի, Շուշի. մի հատ քիփիլիկ քաղաք էր, էլի

Այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատերազմի արդյունքում կորցրած տարածքներին, ասել է. «Ասում են՝ Շուշին ծախել եմ: Եթե Շուշին ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք է՞ր Շուշին: Բա որ պետք էր, ինչի՞ էր այդ վիճակում»:

«ՉԻ». Մի անգամ Սերժ Սարգսյանն ասաց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, մեղադրեցին դավաճանության մեջ: Կրակն էր ընկել այդ արտահայտության ձեռքը:

Իսկ հիմա պարզվում է, որ Շուշիի կորուստը այնքան էլ ցավոտ չէ, քանի որ դժգույն, դժբախտ քաղաք էր, որը վերջին 30 տարում ծախում էին:

Չէ, խոսքը Ֆիզուլիի մասին չի եղել, այլ հենց Շուշիի: Չգիտենք, գուցե Նիկոլ Փաշինյանը ուրիշ քաղաք է տեսել, բայց մեզանից շատերը եղել են Շուշիում, ու տեսել ենք գեղեցիկ, կոկիկ, վերականգնված, մաքուր ու զբոսաշրջիկներով լի քաղաք՝ իր ենթակառուցվածքներով, հյուրանոցներով, խանութներով ու թանգարաններով: Որտե՞ղ է Փաշինյանը դժբախտ քաղաք տեսել: 

Այս տեմպերով գնա, կպարզվի, որ Հադրութն էլ դժբախտ շրջկենտրոն է եղել: 

Լավ, լավ, սուս ենք մնում, սուս ենք մնում:

Հ.Գ. Այս ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:

Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»:

Շարունակում ենք սուս մնալ:

ՀԳ-2. Արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մտքերին, գրել է. «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»: Որից հետո Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Չկարողացավ սուս մնալ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ