...

Թանկացել են ծխախոտն ու խմիչքը

Թանկացել են ծխախոտն ու խմիչքը

Գնաճ՝ ծխախոտի շուկայում

Արդեն մի քանի օր է՝ թանկացել է հայկական արտադրության ծխախոտը:

Վաճառքի կետերից «ՉԻ»-ն պարզեց, որ ծխախոտը թանկացել է 20-50 դրամի սահմաններում: Օրինակ՝ «Մասիս Տոբակոյի» արտադրության «Գառնի» տեսակի ծխախոտի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:

«\/IP»-ը նույնպես 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով: 50 դրամով բարձրացել է «Արարատ» տեսակի ծխախոտի արժեքը:

Բարձրացել են ոչ միայն տեղական արտադրության սիգարետների արժեքները, այլև՝ ներկրվածինը:
«Kent» տեսակի ծխախոտը ևս թանկացել է:

Ծխախոտի շուկայում գնաճը ակցիզային հարկի բարձրացման հետևանքն է՝ պարզաբանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ծխախոտը դեռ պարբերաբար թանկանալու է մինչև 2022 թվականը, քանի որ ամեն տարի ակցիզային հարկը կբարձրանա 15 տոկոսով:

«Մեզ մոտ ակցիզային հարկը մի փոքր ավելի ցածր կմնա, քան Ռուսաստանի Դաշնությունում է, բայց անցյալ տարվա համեմատ արդեն 60 տոկոս ավելի ցածր կլինի: Ակցիզային հարկը սպառողական է և ձևավորվում է նաև ըստ վճարողունակության գործակցի: Մեր վճարողունակությունն ավելի ցածր է»,- նշեց փորձագետը:

Խմիչքը ծխախոտից հետ չընկավ

Ալկոհոլային շուկայում ևս ունենք գնաճ: Կրկին պայմանավորված ակցիզային հարկի փոփոխությամբ: Թունդ ալկոհոլային խմիչքի որոշ տեսակների՝ կոնյակի, վիսկիի գները բարձրացել են: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ծխախոտի դեպքում ակցիզային հարկի տեսակարար կշիռն ավելի մեծ է, քան խմիչքների դեպքում:

«Ակցիզային հարկը խմիչքի դեպքում լիտրի վրա է տարածվում: Օրինակ՝ մեկ լիտր ալկոհոլային խմիչք ունենք, որն արժե 1000 դրամ, և ունենք 1 լիտր խմիչք, որի արժեքը կազմում է 6000 դրամ: Բնականաբար, 6000-ի վրա ավելի քիչ տոկոս է լինելու, քան 1000-ի դեպքում: 6000-ի վրա ակցիզային հարկը 5 տոկոս է կազմում, իսկ 1000-ի վրա՝ 30 տոկոս»,- ընդգծեց նա:

Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով բարձրացան ծխախոտի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել: Փորձագետը նկատում է՝ շեմի ավելացումն այնքան չի եղել, որ հարկային մուտքերի նվազման վրա ազդի:

«Ընդհակառակը՝ արվել է հարկային մուտքերի ավելացման համար: Իսկ սա նշանակում է՝ հարկային մուտքերի նվազում և սպառման ծավալների անկում չենք ունենա: Ավելին՝ նման դեպքերում առողջության համար ոչ պիտանի ապրանքներ համարվող ապրանքախմբում գնաճի պարագայում պետությունը դա ներկայացնում է նաև որպես հանրային առողջապահական ռեսուրս: Կունենանք ավելի քիչ վաճառք, քանի դեռ սա առողջապահական ռեֆորմի բաղադրիչ չէ, հետևանաբար, պետության կողմից կանխատեսումը ծավալների չփոխվելն է: Երբ վարում ենք ակցիզային բարձր հարկ, պետությունն ասում է, ես բարձրացնում եմ, որ դուք քիչ օգտագործեք, այս դեպքում սա որպես առողջապահական ռեֆորմ չի արել, այստեղից հետևություն, որ ընտրվել է այնպիսի շեմ, որ ծավալների անկում չունենանք: Պետությունն անում է հարկային մուտքերի բացը լրացնելու համար»,- նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը: 

Գնաճը կունենա նաև սոցիալական ազդեցություն:

Ի դեպ, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 33 մլն 874.0 հազար հատ ծխախոտ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 7.2%-ով։

Նշենք, որ 2018-ին արտադրվել է 31 մլն 602.0 հազար հատ ծխախոտ։

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 13.4 %:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ