...

Արտահանված 3630 արկղ սիգարետից 490-ը մնացել է. պարզաբանում

Արտահանված 3630 արկղ սիգարետից 490-ը մնացել է. պարզաբանում

««Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից մաքսանենգ ճանապարհով սիգարետ չի տեղափոխվել»,- «ՉԻ»-ի հարցմանն ի պատասխան փոխանցեց «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ունանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձված մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխելուն: 

Ըստ տեղեկության՝ բռնագանձվել է հայկական ակցիզով 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշերի ծխախոտ: Բեռի շուկայական մոտավոր արժեքը մոտ 300 միլիոն ռուբլի է։ «ՉԻ»-ն ընկերությունից փորձել է ճշտել՝ քանի տոննա՝ որքան տուփ ծխախոտ է տեղափոխվել և ինչքան է կազմել արժեքը:

Ընկերության տնօրենը պատասխանել է, որ օրենքով սահմանված կարգով արտահանվել է ՀՀ տարածքից: Արտահանվել է 3630 արկղ սիգարետ, որից 490-ը մնացել է «Զվարթնոց» օդանավակայանի Կարգո բեռնային համալիրում՝ ինքնաթիռում տեղ չլինելու պատճառով: Արժեքը կազմում է 386.200 ԱՄՆ դոլար:

Ըստ աղբյուրի՝ բեռը տեղափոխվում էր Աֆղանստան, չվերթի համար կանգառներ էին նախատեսված Կրասնոդարում և Դուշանբեում: 

Արմեն Ունանյանը հայտնել է, որ ապրանքի տեղափոխմամբ իրենք չեն զբաղվում, և ճանապարհի այդպիսին լինելու պատճառը չգիտի: Բնականաբար, չգիտի՝ ինչու է կանգառ կատարել Ռուսաստանում:

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ստիպված եղավ պարզաբանում տարածել բարձրացած աղմուկին: Հայտարարվեց, թե բեռը բոլոր կարգերի պահպանմամբ գրանցված է եղել, ասվեց նաև, որ բեռի նշանակման երկիր նշված է եղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ «Ընդ որում` թե՛ հայտարարագրում և թե՛ բեռնագրում որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը»,- ասված է պարզաբանման տեքստում::

Ի պատասխան ՊԵԿ-ի այս հաղորդագրության՝ ընկերության տնօրենը մեկնաբանել է.

«Հայտարարագիրը լրացնելուց գնորդն է ասել ԵՏՄ տարածքը լքելու մասին տեղեկությունը: Քանի որ տեղափոխումը մենք չենք կազմակերպել, բնականաբար գնորդը գիտի, որ մաքսակետում է լքում ապրանքը ԵՏՄ տարածքը:

Մեր ռիսկերը ապրանքի հետ կապված ավարտվում են տեղափոխողին հանձնելու պահից, և հետագա ապրանքի տեղափոխումը և դրա ռիսկերը գնորդի վրա է»:

Հիշեցնենք, որ խնդրի մասին հրապարակում է արել մեր կայքը՝ հայտնելով, որ ծխախոտային մաքսանենգ բիզնեսի հետևում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, նրա գործընկեր Շուշանիկ Ներսիսյանն ու «Զվարթնոց» օդանավակայանի պետ Տիգրան Զաքարյանը:

Խնդրի մասին բարձրաձայնելով՝ նշելի էինք, որ թեև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, բայց «նրա կադրերը շարունակում են լավագույն ավանդույթները Նոր Հայաստանում»:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում։ Հրաչյա Հակոբյանի հետ կապվող այս միջադեպը հերքվեց:  

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ տեղափոխված ծխախոտը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊ ընկերության արտադրանքն է: Իսկ այս ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ