...

Արվեստի և մշակութային օջախները ծանր վիճակում են

Արվեստի և մշակութային օջախները ծանր վիճակում են

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կառավարության արած առաջարկների հեղեղից կարելի է գլխապտույտ ստանալ, բայց հակաճգնաժամային միջոցառումների փաթեթները ոչ բոլոր ոլորտներին են հասանելի: Արվեստի և մշակութային օջախները հերթական անգամ պետության ուշադրությունից դուրս են մնացել:

Անելանելի վիճակում են հայտնվել «Տարոն» գեղագիտական կենտրոնի աշխատակիցները: Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո ընկերության 37 աշխատակիցները հարկադիր պարապուրդում են:

Կենտրոնի տնօրեն Արմեն Մանուկյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության առաջարկած ծրագրերից իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներն օգտվել չեն կարողանում:

«Վատն այն է, որ մարդ կար իր աշխատողներին այդ ընթացքում աշխատանքից հեռացրեց, ու ոմանք ինչ-որ չափով այդ ծրագրերից կարողանում են օգտվել: Մենք մեր աշխատակիցներին ուղարկել ենք հարկադիր անժամկետ պարապուրդի, և չեն կարողանում ոչ մի սոցիալական ծրագրից օգտվել: Պարապուրդում գտնվող բոլոր աշխատակիցները գրանցված են»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Պետության առաջարկած սոցիալական ծրագրերը թիրախային են՝ ուղղված սպասարկման ու բիզնես ոլորտներին: 68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում է տրամադրվում ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, տուրիստական ընկերությունների աշխատակիցներին: Իսկ սոցիալական մյուս ծրագրերը, որոնցով աջակցություն է տրամադրվում աշխատանքը կոցրածներին, «Տարոն» գեղագիտական կենտրոնի աշխատակիցները չեն կարող դիմել: Տնօրենի խոսքով՝ պետության կողմից սահմանված չափանիշներին աշխատակիցներից ոչ մեկը չի համապատասխանում:

«Մեր կենտրոնը նաև սպասարկմամբ է զբաղվում՝ երեխաների գեղագիտական դաստիարակությամբ ենք զբաղվում: Մեր 37 աշխատակիցները զրկվեցին այդ ամեն ինչից, դա փաստ է: Մենք արտադրանք չենք տալիս, մեր կենտրոնի գումարը գոյանում է սաների վճարներից: Պետք է այդ վարձավճարները վճարեն, որ աշխատակիցներին վարձատրենք: Մարտի 2-ից նրանք պարապուրդի են մատնված: Այդ սոցիալական 8 ծրագրերից 4-ը բիզնես ոլորտին է վերաբերում, իսկ մնացածները ազատված աշխատողների սոցիալական նպաստներին է վերաբերում, իսկ մեր ոլորտը ոչ մի տեղ ընդգրկված չէ»,- նշեց նա:

Կենտրոնի վիճակի մասին Արմեն Մանուկյանը բարձրաձայնել է պատկան մարմիններին: Դիմել է վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ԱԺ-ի պատգամավորներին: Հստակ պատասխան «Տարոն» գեղագիտական կենտրոնի տնօրենը դեռ չի ստացել:

«Մի քանիսից անգամ պատասխան չստացա: Սոցապնախարարը պատասխանել է, որ դիմումն ընդունված է և կպատասխանենք: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ ուղղորդել է դիմել Սոցապնախարարություն: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ ԱԺ-ի նիստի ժամանակ հարցը բարձրացնել»,-փոխանցեց մեր զրուցակիցը:

Մշակութային կրթօջախի ղեկավարը ևս մեկ անգամ պետության ուշադրության է հրավիրում իրենց խնդրին և դիմում, որ հոգածության տակ առնեն նաև արվեստի և մշակույթի ոլորտը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ