...

Այսօր պանթեոնում էինք. Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր պանթեոնում էինք. Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ գրականության հսկաներից մեկի՝ 20-րդ դարավերջի հայ արձակի ռահվիրա Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Խորապես հայկական ու համամարդկային է նա։ Երբ հարցնում էին, թե ինչու է միայն գյուղական կյանքի մասին գրում, Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճեղքվածք, տոլստոյական մաքրություն: Էլ ինչո՞ւ պիտի մարդ հորինեմ»: 

Այսօր մեծ գրողի ընտանիքի անդամները, մտերիմներն ու մերձավորները, նրա աշխատակից ընկերներն ու արվեստի երկրպագուները Կոմիտասի անվան պանթեոնում էին։ Ուշարժան էին Մաթևոսյանի աշխատանքային ընկերների պատմած դրվագները Հրանտ Մաթևոսյանի մասին։ Նրանց հուշերում հառնում է Մաթևոսյան մարդու պայծառ կերպարը. «Համեստ էր, չափազանց համեստ, որը թերևս միայն մեծերին է հատուկ: Անսահման բարի ու կարեկից էր, օգնելու պատրաստակամ, ազնիվը ազնվագույններից, արդարամիտը արդարամիտներից, լավատես ու ներողամիտ: Գեղեցիկի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ցանկացած միջոցառման ժամանակ պետք է ամեն ինչ արվեր բարձր ճաշակով ու գեղեցիկ՝ սկսած դահլիճի ձևավորումից: Ոչ մի ավելորդություն չէր սիրում և չէր ընդունում: Հրանտ Մաթևոսյանը մեծություն էր բոլոր առումներով»: 

Գրողի կնոջ՝ Վերժինե Մովսիսյանի խոսքով Հրանտ Մաթևոսյանը հայ ժողովրդինն էր, նրա հարազատ զավակը. «Այնքանով եմ հանգիստ, որ նրա գրականությունը ապրեցնող է, ապրում է և դեռ կշարունակի ապրել: Ազնիվ, բարոյական ու օրինակելի մարդ էր Հրանտը, մարդկային վեհ արժանիքների կրող։ Եվ թվում է, թե նրա անունը կրող մշակութային կենտրոնը պետք է, որ պետական հոգածության արժանանար, սակայն այսօր այն դուրս է մղվել ուշադրությունից: Ցավով պետք է նշեմ, որ մշակութային բոլոր խնդիրներն են դուրս մնում ուշադրությունից: Շատ եմ տխրում ոչ միայն Հրանտի հանդեպ ձևավորված վերաբերմունքի, այլև ընդհանրապես մշակույթի հանդեպ անտարբերության համար: Ապագան տեսնելու համար պետք է մնայուն արժեքները տեսնել»: 

Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը իր խոսքում նշեց. «Մաթևոսյանի ցանկացած բանաձև, որ ինքը թողել է, էսօրվա մասին է, ու մեր վաղվա մասին է, մեր վատի ու լավի, մեր ամբողջականի ու պռատի մասին է։ Ցավոք, ավելի շատ անկատարի, պռատի, վատի… Դրանք բանաձևեր են, որ կարող են մեզ դուրս բերել դեպի լավը, դեպի ամբողջականը, դեպի կատարյալը, տանել դեպի կայացում: Բանաձևեր, որ և՛ հասարակական, և՛ քաղաքական մեծամասնությունն ի վիճակի չի եղել երբեք ամբողջությամբ ընկալել, հասկանալ և որպես սահմանում, և որպես գործողության մատրիցա, որպես աշխարհընկալում, և կենսափիլիսոփայություն՝ ազգի և պետության, հայրենիքի և հայության, ընկալել և առաջ շարժվել: Դա խոսում է իրենց տգիտության մասին։ Եղել է այդպես, կա և ցավոք դեռ առնվազն որոշ ժամանակ այդպես լինելու է: Հենց այդ պատճառով Հրանտ Մաթևոսյանի բանաձևումները ունիվերսալ են մեր իրականության և աշխարհի իրականության համար»։ 

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անի Եղիազարյանը, խոսելով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններով սերունդ կրթելու մասին, ընդգծեց. «Իրականում Հրանտ Մաթևոսյանը սերունդներին, մասնավորապես մատաղ սերնդին առաջին հերթին ընկալելի է դառնում ֆիլմերի միջոցով: Մի կողմից դա լավ է, բայց վատ է այնքանով, որ շատ հաճախ մնում է ֆիլմերի տիրույթում, նրա բառ ու բանը, խորքերը շատ հաճախ մնում են անհասանելի: Այստեղ շատ անելիքներ ունեն ուսուցիչները կարդալու, գրողի ստեղծագործությունները մեկնելու տեսանկյունից: Մաթևոսյանի գիրը այնպիսին է, որ ինքը մեկնության կարիք ունի, քանի որ ասելիքը խորն ու բազմաշերտ է: Պարզ, հասարակ կերպարների բերանում Մաթևոսյանը դնում է լուրջ հարցերի խորը փիլիսոփայական քննարկումներ: Մաթևոսյանի գիրը ինքնատիպ է, ու դրա համար առավելապես ավագ սերունդը պետք է ջանքեր ներդնի, որպեսզի կրտսեր սերունդը ընկալի մաթևոսյանական աշխարհը: Այդ գեղեցիկ աշխարհը, որին սիրահարվում և մնում ես այդ աշխարհում հավերժ: Մաթևոսյանի ընթերցողն այնպիսին է, որ երբ մի անգամ իր համար հայտնաբերեց նրան, այլևս չի թողնում: Մաթևոսյանական գրականությունը դառնում է սեղանի բաց ընթերցանության գիրք և ուղենիշ: Ես կարծում եմ, որ Մաթևոսյանի ստեղծագործության շուրջ պետք է անընդհատ բաց զրույցներ, ինչպես նաև քննարկումներ կազմակերպել, ոչ թե սահմանափակվել նրա մասին միայն ծննդյան և հիշատակի օրերին խոսելով: Մաթևոսյանական քննարկումները պետք է լինեն բաց դասախոսությունների, անընդհատ քննարկումների, արծարծումների շրջանակներում: Պետք է կարողանանաք մաթևոսյանական խոսքին արժանի լինել և առաջնորդվել դրանով»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ