...

Բառերը սպանելու հատկություն ունեն

Բառերը սպանելու հատկություն ունեն

Ոգևորիչ է, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն իրենց զեկույցներում ՀՀ-ում հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների թվում նշում են նաև մամուլի ու համացանցի ազատության ուղղությամբ առաջընթացը: 

Օրեր առաջ էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի ՀՀ-ն աննախադեպ առաջընթաց է գրանցել. Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ ՀՀ-ն այն 3 երկրներից մեկն է, որոնք 2019-ին գրանցել են ամենամեծ առաջընթացը: 2017 թ. ՀՀ-ն մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 

Այս լուրով իր ֆեյսբուքյան էջում հայաստանցիներիս ավետել է ՀՀ վարչապետը` մասնավորապես հղում անելով նաև զեկույցի այն նշումին, ըստ որի`«նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»: 

Նկատենք, սակայն, որ մամուլի կամ համացանցի ազատության բարձր ցուցանիշները, ցավոք, միշտ չէ, որ վկայում են խոսքի ու արտահայտման այնպիսի որակի ու մակարդակի մասին, երբ համընդհանուր չարիք դարձած «վերբալ զենքերը»` բռնության կոչերը, ատելության խոսքն ու վիրավորանքը եթե ոչ իսպառ բացակայում են, ապա գոնե նվազագույնի են հասցված: Սոցցանցերի հայկական տիրույթում մի երկու րոպե պտույտ տվող, առցանց ԶԼՄ-ներով մատուցվող օրվա լրահոսին հետևող ցանկացած օգտատեր կփաստի, որ շատ դեպքերում տիրապետող է արտահայտման ցածր` վուլգար, «բլատնոյ» մշակույթը: Տպավորություն է, թե մարդկանց այն տեսակը, որը մինչև համացանցի մասսայական լինելը իր անառողջ կրքերին հագուրդ էր տալիս մասնավորապես հասարակական զուգարանների պատերին այլանդակ հայհոյանքներ փորփրելով,  այժմ ինքնաարտահայտման նոր դաշտ է տեղափոխվել` Ֆեյսբուք: Եվ հանգիստ թողնելով հանրային զուգարանների պատերը` իր կրքերն արտահայտում է սեփական կամ էլ այլոց վիրտուալ պատերին գրառումներ անելով: 

Ցավալիորեն ատելության ու բռնության կոչ պարունակող այդպիսի գրառումները երբեմն տիրաժավորում են ԶԼՄ-ները` թիրախավորելով տարբեր անձանց ու սոցիալական խմբերի: Մասնավորապես ատելության մթնոլորտի վտանգավորության մասին, ի դեպ, նույնպես գուժում ու զգուշացնում են միջազգային կառույցներն ու դրանց հայաստանյան ներկայացուցիչները: Ուստի ենթադրում ենք, որ համացանցի`աճող ազատության փաստը նշելուն զուգընթաց իշխանությունը կյանքի կկոչի այդպիսի խոսքն ու դրա տարածումը, խրախուսումը կանխարգելող լրացուցիչ քրեաիրավական երաշխիքներ: 

Նշենք, որ ԱՆ-ի կողմից մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: (ԵՄ-ն էլ ատելության խոսքի կանխարգելման վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ, որոնք պարտավորեցնում են սոցցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ կանխարգելելու ատելության տարածումը): Հատկապես շատ կարևոր է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն չկանխվելու դեպքում անպատժելիության պատրանք է ստեղծում ու հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի: Երբ այս տարի հունվարին սպանվեց Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, նրա կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ տիկնոջ, մշտապես բացասական երանգներով է լուսաբանել քաղաքապետի գործունեությունը: «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, և նա որպես զոհ ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր կինը: 

Նկատենք, որ ատելության խոսքն ու այսպես ասած`արյունռուշտ տրամադրությունները հետհեղափոխական ֆենոմեն չեն և դեռ 90-ականներից հասարակությունը հաղորդակից էր լինում մամուլի էջերից, «ռուպռներից» կամ ԱԺ-ի  միկրոֆոններից թափվող ու լսվող ատելության խոսքի այնպիսի «մաստեր կլասների», որոնք առ այսօր անգերազանցելի են մնում: Միտումնավոր չենք մեջբերում խոսքի այդ «գոհարները»` ևս մեկ անգամ դրանց տիրաժավորմանը չնպաստելու համար: (Նշենք նաև, որ մասնավորապես գործող վարչապետի խմբագրած «Հայկական ժամանակ»-ը նույնպես այս ընթացքում անմասն չի մնացել ատելության խոսքի տարածումից):  

Փաստ է` երբ 1998-ի իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան նախկիններին պատժելու, «ժողովրդի արյունը ծծողներին», երկրի առաջընթացը «տոռմուզ անողներին» ջարդել-փշրելու տրամադրությունները, դրանցից ազդված «ռոմանտիկների խումբը» որոշեց նյութականացնել դրանք: Մի կարճ մեջբերում անենք Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումից` ուղղված Վազգեն Սարգսյանին: «Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ»։ 

ՀՀ հասարակական-քաղաքական մթնոլորտում այսօր նույն տեղեկատվական փսիխոզն է, որի տարածումն ավելի արագ է տեղի ունենում` շնորհիվ բարձր տեխնոլոգիաների: Իսկ դա իր հերթին մեծացնում է այդ փսիխոզի «կողմնակի ազդեցությունների» վտանգը: Նախկին իշխանության ներկայացուցիչները նույն «կոդերով» ու չարագուշակ նենգությամբ գործող վարչապետի մասին են ներշնչում, թե նա կասեցնում է երկրի առաջընթացը, մսխում իրենց օրոք կուտակված արտաքին քաղաքական կապիտալը, այլասերության քարոզ անում, ծախում Ղարաբաղը, «փակում» ազգային հերոսներին և այլն: 

Ավելին` նախկին իշխանության արբանյակներից ոմանց շուրթերից արդեն իսկ լսվում են «ի զեն» կոչերն ու հարցերը ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով լուծելու մտայնությունները, դե իսկ նույն այդ նախկին իշխանության ներկայացուցիչ մեդիադիլլերներից մեկը վարչապետին ժամանակ առաջ «քաղցկեղ» էր բնորոշել ու դրանից արագ ազատվելու հորդոր հղել: Ինչ-որ մեկը կարո՞ղ է երաշխիք տալ, որ այդպիսի կոչ-հորդորներին ականջալուր եղողներ չեն լինի: 

 Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ