...

Բերքը չեն կարողանում իրացնել

Բերքը չեն կարողանում իրացնել

Թափել են

Արտակարգ դրությունն ազդել է գյուղատնտեսության վրա: Հողի մշակները չեն կարողանում իրենց արտադրանքն իրացնել:

Արմավիրի մարզի Հայկավան համայնքի բնակչուհի Լարիսա Եպիսկոպոսյանը տնամերձ հողամասում կանաչի է մշակել: Ամբողջ ձմռան ընթացքում ծախս է արել, որ գարնանը սեփական արտադրանքից օգուստ ստանա, բայց կորոնավիրուսն ամեն ինչ խառնել է իրար:

Նրա մշակած կանաչու հիմնական գնորդները «Մեհմանդարի» գյուղմթերքի մեծածախ շուկայի վերավաճառողներն են: Պատմում է, որ արտակարգ դրություն հայտարարելուց երեք օր առաջ է կարողացել շուկայում համեմ, մաղադանոս, հազար ու սպանախ վաճառել:

Դրանից հետո տիկին Լարիսան այլևս չի կարողացել կանաչի վաճառել։ Շուկայի այլ գյուղացիների հետ նա մշտական կապ մեջ է: Ասում է՝ նրանք ևս չեն կարողանում իրացնել. մարդիկ վախենալով են գալիս շուկա, գալուց էլ նախօրոք պայմանավորվում են գյուղացիների հետ, գալիս արագ վերցնում, գնում են։

Օրեր առաջ էլ նրա որդին «Մեհմանդարի» շուկայից մեկ պարկ սպանախ է հետ բերել, գնորդ չի եղել: Ստիպված հարևաններին ու բարեկամներին են բաժանել: Նրա խոսքով՝ հատկապես Սուրբ Զատկի տոնին շատ կանաչեղեն են ծանոթներին նվիրել:

«Մեկն իր կոլեկտիվում ծանոթ ունի բերում է գոնե փունջը 100 դրամով վաճառում է: Մյուսը՝ չունի, փողոցներն ընկած մեքենայով էժան գներով են վաճառում: 2 փունջ համեմը կամ մաղադանոսը վաճառում են 150 դրամով: Կա կանաչի, որի 3 փունջը 200 դրամով են վաճառում, և դա մեծ հաջողություն են համարում: Գյումրիում բարեկամ ունեմ, ասում է՝ ձեր մոտից կանաչի են բերել վաճառելու, վախեցել ենք ու չենք գնել: Ես էլ եմ ասում եմ՝ ինչի եք վախեցել, մեզ մոտ վիրուս չկա»,-  «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց նա:

Հայկավանցիներն ու հարակից համայնքների բնակիչները գյուղմթերքն իրացնում են նաև Մալաթիայի գյուղատնտեսական շուկայում, բայց սահմանափակումների պատճառով Երևան հասնել չեն կարողանում: Գայ համայնքը, որը մասնագիտացված է կանաչու մշակման գործում, նույնպես իրացման խնդրի առաջ է կանգնել: Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով այստեղից այլևս կանաչեղեն չի արտահանվում Ռուսաստան: Գյուղացիները դժգոհում են, որ սպառում չլինելու պատճառով ոմանք իրենց կանաչեղենի մարգերը հնձել ու թափել են:

Վաճառքի հարցով իսկական արտակարգ դրություն է մարզի Արագած համայնքում կամ ինչպես ընդունված է ասել թարխունի գյուղում: Բացի տեղացի վերավաճառողներից, արագածցիների գործընկերներն են վրացիները: Կորոնավիրուսի պատճառով վրացի գնորդներն ուշ-ուշ են գալիս, իսկ բերքը տեղում լճանում է:

«Շաբաթը մի ավտո պակաս է գալիս: Իհարկե, այս ամենն ազդեց նաև գների վրա: Անցյալ տարի այս ժամանակ մեկ փունջ թարխունը վրացին 25 դրամով էր տանում, այսօր՝ 15 դրամով: Նույն վիճակն էլ այստեղ է: Կանաչեղենն էժան է: Զատիկի նախաշեմին գինը մի քիչ բարձրացավ, բայց դա էլ վերավաճառողները գին բարձրացրեցին: Գյուղից Զատկի նախաշեմին թարխունի մեկ փնջի ամենաբարձր գինը եղել է 30 դրամ»,- ասաց համայնքի բնակիչ Աշոտ Կամավոսյանը:

Մարզում վարակի տարածումից հետո արագածցիները բերքը շուկա չեն տանում: Վերավաճառողներն են գալիս և գնում, ինչի հետևանքով նաև գնանկում է լինում:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի խոսքով՝ իրացման խնդիր ամեն տարի էլ լինում է: Հարցը մշտապես բարձրացրել է մարզպետարանում: Օրեր առաջ էլ նույն խնդրով մարզպետի հետ է քննարկում եղել:

«Մեր մարզում ջերմոցային տնտեսությունները շատ են, օր օրի բերքի քանակն ավելանում է, պետք է մտածենք արդեն արտահանման մասին, քանի որ տեղի շուկայում չենք կարողանում արտադրանքը սպառել, շատ է արտադրվում: Մարզպետն էլ է հարցը բարձրացրել, տեսնենք՝ ինչ է լինում»,- փոխանցեց վարչության ղեկավարը:

Գյուղացիներն առաջարկ ունեն

Արմավիրի մարզում արդեն բացվել է ոռոգման սեզոնը: Բայց ջուրը հողամաս կհասնի միայն պայմանագիր կնքելուց հետո:

«Առաջվա նման չի լինելու: Գյուղացիներին ասում ենք՝ գնացեք հայտ ներկայացրեք, պայմանագիր կնքեք, նոր ՋՕ-ն ձեզ ջուր կտա: Ոչ թե բրախենք էթա, սաղ էթան ջրեն, ոչ էլ պայմանագիր կնքեն և փող չտան»,- ասաց Արթուր Այվազյանը:

Այգեշատ համայնքում արդեն սկսել են պայմանագրերի կնքման աշխատանքները: Համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսությունը լուրջ աջակցության կարիք ունի: Տարին գյուղատնտեսության համար ռիսկային է: Առաջին բերքն էլ արդեն դժվարությամբ են իրացնում:

«Վիրուսով պայմանավորված շուկաները փակ են, արտահանումը խնդիր է դարձել: Մեր գյուղացիներն առաջարկում են ոռոգման ջրի հարցով որոշակի արտոնություններ տրվեն: Գոնե առաջիկա 2 ամիսների ընթացքում զեղչեն ոռոգման ջրի գումարը, հասույթ չձևավորեն ՋՕ-երի վրա՝ գյուղացին հնարավորություն ունենա շնչելու: Ոռոգման ջրի գումարը բարձր է: Գյուղացին այս տարի չի կարող ասել, թե իրացումն ինչպես կլինի»,- պահանջ ներկայացրեցին այգեշատցիները:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ