...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Դանդաղկոտության գինը

Տարվա վերջին համարը շատ կցանկանայինք լավատեսական նոտաներով ավարտել: Դրա համար որոշ հիմքեր կան. տարին սկսվել էր լեգիտիմ իշխանությամբ, ավարտվում է լեգիտիմ իշխանությամբ: Բայց իշխանությունն առայժմ չի հանձնում ամրության, վճռականության և հեղափոխական կարգախոսներով առաջնորդվելու քննությունը:

Դրա համար էլ ավելի ճիշտ է եզրափակել զգուշության և զգոնության նոտաներով: Հաջորդ տարի իշխանությունների համար շատ բարդ է լինելու. 1,5 տարվա ընթացքում դատաիրավական համակարգը այդպես էլ չփոխվեց, Սահմանադրական դատարանի հարցը չլուծվեց, ուժային կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, քաղաքականապես որբ են մնացել, ինչն անթույլատրելի է:

Նախկին իշխանությունները դատական համակարգում տարիներ շարունակ բազմաթիվ ականներ են տեղադրել, որոնք մեկը մյուսի հետևից հաջորդ տարի պայթելու են: Հանցագործներին բաց են թողնելու, ինչպես 2 օր առաջ բաց թողեցին Քոչարյանի համակիրներից մեկին: Հրայր Թովմասյանի խումբը սկսելու է ոչ միայն ԲԴԽ-ի գործունեությունը վիժեցնել, այլև ակտիվորեն գործադիր և օրենսդիր մարմինների գործունեությանն է միջամտելու՝ փորձելով այդ մարմինների դեմ բառիս բոլոր իմաստներով հարձակումների հող պատրաստել: 

Ոստիկանությունն ու դատախազությունը շարունակելու են զեկուցել, թե հանցագործներից ով է Հայաստանը լքելու, իսկ ով՝ արդեն լքել է: 

Այս ամենը ֆանտազիայի ժանրից չէ: Այսպիսի զարգացումները լիովին հնարավոր են, դրա նախադրյալներն արդեն հիմա ակնառու են: Եվ եթե իշխանությունները շարունակեն նույն դանդաղկոտությամբ ու ալարկոտությամբ մոտենալ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությանը, ապա չափազանց լուրջ խնդիրներ են ունենալու:

Սրանց լավ չեք ճանաչում

Մի բան էլ ենք ցանկանում հիշեցնել իշխանություններին. այսօր նրա դեմ հարձակումներ գործող ընդդիմության հիմնական առանցքային դեմքերը ամբողջովին արյան մեջ են թաթախված: Հանուն իրենց նպատակների իրագործման նրանք ոչ մի բանի առջև չեն կանգնի: Կկիրառեն ցանկացած մեթոդ: 1999թ. հոկտեմբերի 27, 2008թ. մարտի 1, 1996թ. սեպտեմբեր, «Դրո» կառույց... այս բոլորը իշխանություն զավթելու կամ իշխանություն պահպանելու համար են արել: Ու էլի կանեն: Եթե հարյուր մարդու արյուն են թափել, ապա ի՞նչ խնդիր պետք է ունենան ևս հազարի արյունը թափել, դա իրենց համար խնդիր չէ: Ու մեր տպավորություններով, այս նույն ուժերը 2020թ. իշխանության դեմ պայքարում կարող են նույն ճանապարհն ընտրել. զինված կամ՝ ինչպես ասել էր նախկին ահաբեկչական կառույցի պարագլուխներից մեկը, պարտիզանական ջոկատներ, աղմկահարույց սպանություններ, որոնց պատասխանատվությունը գցելու են իշխանությունների վրա, քարոզչական տեռոր, որը պիտի արդարացնի նախկինների գործողությունները: 

Տեսնում ենք, չէ՞, թե ինչպես է քոչարյանական լրատվամիջոցներից մեկի սեփականատերը հարվածում հակաքոչարյանական ակտիվիստին ու անպատիժ մնում, տեսնում ենք, թե ինչպես են ահռելի ֆինանսական ռեսուրսներ ծախսում՝ կողմնակիցներ վարձելու, նորանոր լրատվամիջոցներ բացելու կամ վերազինելու համար, ինչ-որ ստորագրահավաքներ իբր նախաձեռնում՝ Քոչարյանի ազատ արձակման համար: Ինչպես են հրապարակավ սպառնում, ինչպես են մարտի 1-ի գործով վկաների հետ աշխատում, ու դա արդեն չեն թաքցնում: Իրենց նպատակներին հասնելու բախումներ են հրահրելու: Ու նորից ենք կրկնում. զինված գործողությունների կամ արյունահեղության համար օգտագործելու են Հրայր Թովմասյանի խմբակին և դատական իշխանության իրենց կամակատարներին՝ վերջիններից այնպիսի որոշումներ և վճիռներ կորզելով, որոնք նախկինները իրենց պոտենցիալ ոճրագործությունների հիմք կդարձնեն:

Սա կատակ չէ. մենք ոչինչ չենք չափազանցում: Այս ամենը հնարավոր է՝ հաշվի առնելով նախկինների անցած ճանապարհն ու կենսագրությունը: Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Հրանտ Մարգարյան, Գառնիկ Իսագուլյան, Գեղամ Մանուկյան... հո հենց այնպես չե՞ն այս մարդիկ մի տանիքի տակ հիմա գործում: Ի՞նչը կարող է նրանց միավորել. միայն իշխանությունը զավթելու մոլուցքը: 

Արցախն էլ են ներքաշելու

Եվս մի բան. Արցախի գործոնը: Դա էլ են շահարկելու, Արցախն էլ են փորձելու այս իշխանությունների դեմ հանել: Այնտեղ էլ են փորձելու վիճակը ապակայունացնել: Ինչպես բազմիցս են արել. թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին: Նորից հայաստանցի-արցախցի արհեստական բաժանում են անելու. և արդեն անում են: Ամեն օր խոսում են պատերազմի մասին, թե Նիկոլ Փաշինյանի պատճառով ուր որ է պատերազմ կլինի: Անընդհատ հասարակական գիտակցության մեջ փորձում են արմատավորել, որ ի դեմս այս իշխանությունների՝ ունենք դավաճաններ, արտաքին ուժերին սպասարկողներ, Հայաստանն ու Արցախը կործանման տանողներ և միայն զենքի ու ապստամբության շնորհիվ է հնարավոր ազատվել այս չարիքից:

Որքան շուտ իշխանությունները հասկանան, որ իրենց դեմ ծավալված քարոզչական պատերազմն ընդամենը նախերգանքն է ավելի ծայրահեղ գործողությունների համար, այնքան ավելի շատ ժամանակ ու ռեսուրս կունենան՝ կանխելու հնարավոր վատ հետևանքները: Օրինակ, Վազգեն Սարգսյանը դա ուշ հասկացավ ու չհասցրեց կանխել: 
Մի քիչ հոռետեսական ստացվեց նախաամանորյա այս շարքը, բայց՝ բավական իրատեսական: Երբ քեզ պատերազմ են հայտարարում, թավիշով այն կասեցնել հնարավոր չէ:

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1726 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ