...

Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել

Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել

Մինչ իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես հանգուցալուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, իսկ նախկինների մեդիան անհաջող փորձեր է անում Հրայր Թովմասյանից կերտել մերօրյա Մանդելլայի, չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել:

ՍԴ-ն իշխանության այն ճյուղն է, որ կարող է տորպեդահարել գործադիր և օրենսդիր իշխանության ցանկացած խորքային բարեփոխում: Կարելի է նախաձեռնել և օրենքի տեսքի բերել ցանկացած անհրաժեշտ և կարևոր բարեփոխում, բայց չկարողանալ անցնել ՍԴ-ի արգելապատնեշը: Այդպիսին է ՀՀ սահմանադրությունը: Առաջին հայացքից, կարելի է տպավորություն ստանալ, որ նախկիններն իդեալին մոտ սահմանադրություն են գրել, որտեղ իշխանության ճյուղերի միջև փոխադարձ զսպումների համակարգը բավականին հիմնավոր էր ամրագրված: Բայց իրականությունը նախկինների օրոք այլ էր: Հրայր Թովմասյանի մտքի ծայրով էլ չէր անցնի հակադրվել Սերժ Սարգսյանին: Պատճառն առավել քան կենցաղային էր՝ գործի կդրվեին կոմպրոմատները և ֆիզիկական ներգործության մեթոդները: Եվ իհարկե, հերթը չէր հասնի ԱԱԾ հրավիրելուն:

Գործող իշխանությունը շատ քիչ ձեռքբերումներ ունի հաջողությունների մասին թմբկահարելու համար: Բացառություն է Մարտի 1-ի գործը: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, իսկ գործը մտել է դատավարության փուլ: 

Հրայր Թովմասյանի պաշտոնում մնալն այս մասով նույնպես լրջագույն խնդիր է: Գործող իշխանության առերևույթ ձեռքբերումներից է Մարտի 1-ի գործի քննությունը: Կասկած չկա՝ եթե Հրայր Թովմասյանը և ՍԴ-ի այս կազմը շարունակում են պաշտոնավարել, Քոչարյանի դրսում հայտնվելը միայն ժամանակի հարց է: Իսկ դա ոչ միայն կվիժեցնի Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը, այլև կարող է էականորեն փոխել Հայաստանի քաղաքական խճանկարը: 

Իշխանությունն անհաջող փորձ կատարեց ԱԺ-ի միջոցով գրոհելու, այն տապալվեց գրեթե չսկսած: Հիմա տարբեր քրեական գործեր են հարուցված, որոնց հեռանկարը մշուշոտ է: Շատ բան կախված է լինելու քրեական գործում ներգրավված անձանց վարքագծից:

Մինչդեռ խնդիրը քաղաքական էր և պահանջում էր քաղաքական լուծում: Մի ամբողջ ժողովուրդ հեղափոխություն չի արել, որ Թովմասյանը, ծանրացած լինելով կոմպրոմատների լծի տակ, վիժեցնի հեղափոխության արդյունքները: Իր իսկ գրած սահմանադրությամբ, նա և ՍԴ-ի կազմի մեծամասնությունն ընդամենը անդամներ են, և ԱԺ-ի հատուկ որոշմամբ պարզապես պետք էր ֆիքսել դա: Իշխանությունը չպետք է վախենար միջազգային հանրության հնարավոր արձագանքից: Որքան պրոցեսը երկարում է, այնքան իշխանության սխալներ անելու հավանականությունը մեծանում է: Իրավիճակը պահանջում է արմատական լուծումներ:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ