...

Ես գիտեմ, թե ովքեր են գելերը

Ես գիտեմ, թե ովքեր են գելերը

ԿԵՐԱԿՐԵՔ

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ռոբերտ Քոչարյանը, մի մե~ծ մկրատ ձեռքին. տրտինգ տալով չափչփում է հանրապետությունով մեկ ու կտրում հնարավոր բոլոր ժապավենները: Ասում են նույնիսկ, թե նախագահը մի անգամ այնքան է ոգևորվել, որ կտրել է շինարարական փոսի շուրջը կապած ժապավենը (այն կապել էին, որպեսզի հարբած մարդիկ հանկարծ փոսը չընկնեն): Հանրային հեռուստատեսության աշխատակիցներն էլ, բնականաբար, տեսախցիկները ձեռքներին պտտվում են Քոչարյանի շուրջը և ուղիղ եթերում նրա յուրաքանչյուր փռշտոցը ներկայացնում որպես տնտեսական առաջընթացի անհերքելի ապացույց:

Բայց ժապավեններ կտրելով, ցավոք, բյուջե չեն լցնի: Մանավանդ որ տնտեսությունն իրականում խայտառակ անկում է ապրում, իսկ եղած խոշոր բիզնեսմեններն էլ, օգտվելով վերին հովանավորությունից, ավելի ու ավելի լկտիորեն են «պասլատ անում» հարկային տեսչության աշխատակիցներին: Եվ բնական է, որ այս ամենի արդյունքում 2002 թվականի բյուջեն շատ ավելի խղճուկ է, քան 2001 թվականինը: Ճիշտ է, պարբերաբար հեռուստաէկրաններին են հայտնվում ծիծաղաշարժ արտաքինով ինչ-որ անձնավորություններ և տեղեկացնում, թե 2002 թվականին թոշակները կարող է բարձրանան ամբողջ 140 դրամով, բայց իրականությունն այլ է:

Բյուջեն դատարկ է, պարոնայք: Եղածն արդեն չի հերիքում նույնիսկ իշխանություններին քծնող, բայց անմեղսունակ նախարարներին: Հերիքում է միայն նրանց, ովքեր միանգամայն գիտակցված կերպով ու կազմակերպված թալանում են այս երկիրն ու ժողովրդին: Միայն մի փաստ. 2002 թվականի բյուջեով նախատեսվում է հեռուստահաղորդումներ պատրաստելու համար տրամադրել 2.7 միլիարդ դրամ (900 միլիոնով ավելի, քան այս տարի): Այսինքն՝ մոտ 5 միլիոն դոլար: Դա նշանակում է, որ անձամբ Տիգրան Նաղդալյանին (նույն ինքը՝ նախագահի հիմնական պաշտպանն ու հոկտեմբերի 27-ի գործով երբեմնի գլխավոր կասկածյալներից ու ներկայիս կարևորագույն վկաներից մեկը) բյուջեից տրվում է ավելի շատ գումար, քան հանրապետության բոլոր մանկատներին ու ծերանոցներին՝ միասին վերցրած:

2002 թվականին ավելանում են նաև հասարակական կարգի պահպանման համար նախատեսված ծախսերը: Եվ դա նույնպես բնական է: Եթե հասարակության մեջ նախագահի «ռեյծինգը» ձգտում է զրոյի, այդ երկրում պետք է շատ խստորեն պահպանել հասարակական կարգը: Քոչարյանի համար սա շատ ավելի կարևոր է, քան, ասենք, Ղարաբաղի ճակատագիրը: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, նախագահը նվազեցնում է պաշտպանության նախարարության բյուջեն, և մեծացնում է «հասարակական կարգին» հատկացվելիք գումարները:

Մնում է միայն զարմանալ, որ Քոչարյանն առանձին տողերով բյուջեից հատկացումներ չի անում, ասենք, Սովետաշենի գաղութին: Դատելով նրա քաղաքականությունից, 2002 թվականին այդ հիմնարկի տարեկան «շրջանառությունը» կտրուկ ավելանալու է:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 294, նոյեմբերի 9, 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ