...

Եթե գողը տնից է՝ եզը երդիկից հանելը լեգիտիմ գործընթաց կհամարվի

Եթե գողը տնից է՝ եզը երդիկից հանելը լեգիտիմ գործընթաց կհամարվի

Նիկոլ Փաշինյանը պետության ու ժողովրդի գլխին իր բերած ու բերելիք աղետների համար նոր գովազդային անվանում է մտածել՝ «շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից իրական Հայաստան»։ Այլ կերպ ասած՝ նա Հայաստանի հարցում էլ է «մի փոքր իջեցնում նշաձողն» ու «ամեն ինչ սկսում սեփական կետից»։ Որովհետև, իր պատկերացմամբ, «իրական Հայաստանից» (նկատի ունի 29,8 հազար քկմ տարածքը) դուրս որևէ հետաքրքրվածություն ունենալը մեր գոյությունը դարձնում է ոչ լեգիտիմ, իսկ եթե «մի փոքր իջեցնենք նշաձողը» և հայտարարենք, որ այդ 29,8 հազար քկմ-ից դուրս որևէ բան մեզ հետ որևէ կապ չունի՝ միանգամից կդառնանք լեգիտիմ ու միջազգային լայն աջակցություն կստանանք։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նա «նշաձողը մի փոքր իջեցրել էր» Արցախի ապագայի հարցում։ Եվ ի՞նչ, ստացա՞նք խոստացված «միջազգային լայն աջակցությունը»։ Չստացանք, թեև 120 հազար արցախահայության՝ սեփական հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը միանգամայն լեգիտիմ էր։ Ավելին՝ «նշաձողի իջեցումից» կարճ ժամանակ անց Արցախը «միջազգային լայն աջակցության» քաջալերիչ հնչյունների ներքո ամբողջովին հայաթափվեց։

Բայց վերադառնանք «պատմական Հայաստանից իրական Հայաստան անցմանը»։ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է․ երբ մենք մեր հայրենիքը համարում էինք պատմական Հայաստանը՝ տարածաշրջանային հարևանները մեզ ընկալում էին որպես թշնամի, իսկ մեր մոտեցումը՝ ոչ լեգիտիմ, բայց հիմա, եթե կարողանանք ապահովել «երկրի և ժողովրդի հոգեբանական անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան», տարածաշրջանում դառնալու ենք լեգիտիմ և այդ հիմքով էլ ապահովելու ենք մեր տարածքային ամբողջականությունն ու հասնելու ենք խաղաղության։

Իյա, իրո՞ք։ Իսկ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է 29,8 հազար քկմ տարածքով «իրական Հայաստանը»։ Ոչ, չի ճանաչում։ Թուրքիան՝ նույնպես (հակառակ դեպքում «Զանգեզուրի միջանցք» չէր պահանջի)։ Ռուսաստանը՝ նույնպես (հակառակ դեպքում կընդուներ, որ Ադրբեջանը ներխուժել է «իրական Հայաստանի» տարածք)։ Իսկ ահա Արևմուտքը ճանաչում է, բայց Հայաստանին «միջազգային լայն աջակցություն» ցուցաբերելու փոխարեն «միջազգային լայն կոնսենսուսով» շարունակում է Ադրբեջանին համարել «Արևմուտքի կարևոր ու հուսալի գործընկեր»։ Ավելին՝ եթե վաղը Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով Նիկոլ Փաշինյանին պարտադրի խաղաղության համաձայնագրում ներառել մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը «իրական Հայաստան», նույն միջազգային հանրությունն այդ պահանջը համարելու է միանգամայն լեգիտիմ։ Եթե Ադրբեջանը Հայաստանից ահռելի փոխհատուցում պահանջի «30-ամյա օկուպացիայի» դիմաց՝ միջազգային հանրությունն այդ պահանջն էլ է համարելու միանգամայն լեգիտիմ (ու մեծ հավանականությամբ՝ դա վճարելու համար մեծահոգաբար «արտոնյալ վարկեր» է խոստանալու Հայաստանին)։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի՝ «լեգիտիմության հիմքով իրական Հայաստանը» լավագույն դեպքում դառնալու է երկիր, որի տարածքի 20-25 տոկոսը բնակեցված է լինելու ադրբեջանցիներով, այսինքն՝ փաստացի օկուպացված է լինելու, հաղորդակցության ռազմավարական ուղիները լինելու են նրանց վերահսկողության տակ, երկիրն էլ թաղված է լինելու այնպիսի պարտքերի մեջ, որոնց տակից դուրս գալ չի կարողանալու, և մեծ արագությամբ դատարկվելու է։ Պարզ ասած՝ գործնականում տեղի է ունենալու ճիշտ հակառակը․ «իրական Հայաստանն» է դառնալու «պատմական Հայաստան»։

Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդին հենց այս «հոգեբանական անցմանն» է նախապատրաստում։ Իսկ «հետամնաց» ժողովուրդը, չգիտես ինչու, չի հասկանում սա, չի ընդունում «առաջադեմ» Նիկոլի «սեփական կետն» ու նրան դավաճան է համարում։ Այսքանից հետո դե արի ու այդպիսի «հետամնաց» ժողովրդին լավություն արա։

Մարկ Նշանյան

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2088 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ