...

Գալ տարի ի Վան

Գալ տարի ի Վան

Այսպիսի խորագրով բացիկներ էին բերում սփյուռքից Խորհրդային Հայաստան։ Մենք հուզվում էինք։ Արևմտյան Հայաստանը միֆ չէր թվում, երազանք էր։ Հետո սկսեցինք հիշել և պահանջել։ Ի՞նչ։ Հողերը։ Ո՞ր հողերը։ Որ մերն էին։ Բայց մենք այնտեղ արդեն 70 տարի չկայինք։ 

Անկախ Հայաստանի առաջին տարիներին հող գրավեցինք։ Բայց ի՞նչ հող։ Հող, որտեղ հայեր էին ապրում։ Եվ երբ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն ասում էր, որ Արցախի խնդիրն իր համար նախ և առաջ մարդու իրավունքների հարց է, քանի՞սս հասկացավ։ Չէ՛, չհասկացանք։ Տաք ենք, հիմա՛ էլ չենք հասկանում։ «Արցախի հարցը փակված չէ»,- գերագույն հաճույքով կրկնում են մեր ընդդիմադիրները, երբ Արցախում հայ չի մնացել։ 

Հին միֆերը չեն մեռնում, փոխարկվում են։ «Գալ տարի ի Վան» արտահայտությունը Սփյուռքում կփոխարինեն «Գալ տարի ի Ստեփանակերտ»- ով։ Կփոխարինե՞ն։ Երևի։

Այսպես է, որովհետև Արցախի խնդիրն արժանապատիվ լուծելու հնարավորությունը կորցրինք այն ժամանակ, երբ դեռ հաղթած կողմ էինք։ Իսկ կորցրինք, որովհետև Հայաստանում ծաղկում էր քաղքենիական առասպելաբանությունը։ Հստակ նպատակ ունեին ծաղկեցնողները, բայց դա հո բարձրաձայն չէի՞ն ասելու։ Իսկ նպատակը բնավ ազգային և պետական շահին չէր համապատասխանում։ 

Միֆերից մեկը կենդանի է ցայսօր։ Հնչում է այսպես․ «1994 թվականին ոչ թե պետք է հրադադար կնքեինք, այլ անեինք այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը»։ Սա կարող է ասել տաքսու «կյանք տեսած» վարորդը, եպիսկոպոսը, դոկտորի կոչում ունեցող գիտնականը և 18 տարեկան ուսանողը։ Կասեն ու կանցնեն, հարց չեն տա՝ ինչպե՞ս։ Սա «Բաքվում չայ խմելու» միֆի շարունակությունն է, որին ձայնակցում են Վիլսոնի քարտեզի վկաները։ 

90-ականների վերջին տարածված թրենդային մի արտահայտություն մոռացել են։ Հիշեցնեմ․ «Արյունով գրաված հողերը չենք վերադարձնի»։ Խոսքը Լեռնային Արցախին հարակից 5 շրջանների մասին էր։ Հը՞։ Ո՞ւր եք, ինչո՞ւ եք սա մոռացել։ Պատասխանեմ։ Որովհետև «հողերը» ոչ թե ստորագրությամբ, այլ արյունով «հանձնեցիք»։ 

Հին միֆերը փոխարկվում են։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նախատիպ է փնտրում 4-րդ դարում։ 2020-ի պատերազմի օրերին մեր վերլուծագանգերից ոմանք լուրջ-լուրջ քննարկում էին՝ որ պատմական կերպարն է ավելի ընդօրինակելի՝ Տիգրան Մե՞ծը, թե՞ Աշոտ Երկաթը։

Խելագարության հասնող հետևողականությամբ նիկոլամերձ և նիկոլածին շրջանակները ամեն ինչ էին անում Արցախյան առաջին պատերազմի արդյունքը և հատկապես այդ արդյունքը բերած մարդկանց արժեքը նվազեցնելու, զրոյացնելու համար։ Զրոյացավ Արցախը։ 

Ուկրաինական պատերազմի սկզբից կտրուկ աշխուժացավ արևմտյան միֆը։ Եվ հայ «մտավորական» հանրությունը բաժանվեց երկու մասի՝ նիկոլական արևմտամետների և նախկիններին հարող ռուսամետների։ Սա Հայաստանը զրոյացնելու ուղին է։ Արդեն եղել է։ Հեռու մի՛ գնացեք։ Չորրորդ դարում էր։ Ընտրանքը՝ Տիզբո՞ն, թե՞ Կոնստանտնուպոլիս։ 397-ին ի՞նչ եղավ։ Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Բայց Թուրքիան չկար։ Դեռ։

Դառնանք մեր առասպելաբաններին և նրանց նախորդներին։ 90-ականներին մի հարց էին տալիս քաղաքական գործիչներին, քաղաքականությունից խոսողներին․ «Ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը»։ Պատասխանը ստանդարտ էր։ Կա՛մ Չերչիլն էր, կա՛մ էլ Դը Գոլը։ Ի՜նչ խոսք, հնչեղ է, արևմտամետ։ Այսօր արևմտամետները մեզ պատուհասած բոլոր չարիքների մեղավոր են հայտարարում ռուսներին (ռուս-թուրքական վանդակ և այլն), ռուսամետները արևմտյան դավ են տեսնում, բայց բոլորը միասին կարծես մոռանում են, որ Հայաստանում ինչ-որ մարդիկ իրենց իշխանություն են համարում։ Արտերկրյա բոբոյի միֆը նույնպես չափազանց կենսունակ է և շահեկան, քանի որ ահա իշխանություն կոչվածներին ազատում է պատասխանատվությունից։ Եվ, իհարկե, զրոյացնում Հայաստանի արժեքը։

Գիտեմ՝ շատ դժվար է, սակայն, այնուամենայնիվ, պետք է ուժ գտնենք միֆերի այս պատանքից ազատվելու համար։ 

Խոսույթը պետք է փոխել։ Որովհետև գլխավորը նպատակ և այդ նպատակին հասնելու ծրագիր ունենալն է, իսկ ամենագլխավորը խոսքից գործի անցնելը։ Թե չէ Վան-ը կարող է փոխարինվել Երևան-ով։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Արցախյան առաջին պատերազմը մեր պատմությունից ջնջել հնարավոր չէ։ Միայն անհրաժեշտ է, որ այն ներկայացվի օբյեկտիվորեն՝ առանց պաթոսի։ Եվ իհարկե, ուզեք-չուզեք՝ ՀՀ առաջին իշխանությունների գործունեությունից սովորելու շատ բան ունենք։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ