...

Գործակալի գործակալը

Գործակալի գործակալը

Իհարկե, տրեխավոր «արևմտամետներին» ոչինչ չենք բացատրելու։ Իմաստ չունի։ Սակայն մեր հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ովքեր են նրանց շարքերում և որն է նրանց իրական փորացավը։

Այսօր կանդրադառնանք արևմտյան արժեքները լավագույնս վարկաբեկող, Ռոբերտ Քոչարյանի նշանակած, հետո դեն շպրտած նախկին վարչապետ Արամ Սարգսյանին։ 

Ս․թ․ մայիսի 5-ին Հ1-ի եթերում Պ․ Ղազարյանին տված հարցազրույցից պարզ երևաց, որ նրա հիմնական դարդուցավը իշխանությունն է։ Ա․ Սարգսյանի գլխավոր պնդումն այն էր, որ «Ռուսաստանը փորձում է փոխել իշխանությունը», բայց ոչինչ չի ստացվելու, քանի որ այն մնալու է մինչև 2026-ի ընտրությունները։ 

Հիմա հարց տանք։ Այս իշխանությամբ Հայաստանի պետականությունը կգոյատևի մինչև 2026-ը, թե՞ կդառնանք վիլայեթ՝ առանց հայերի։ Պատասխանը բնավ մխիթարական չէ։ 2023-ի արցախյան սցենարը հնարավոր է նաև մեզ համար, եթե չկարողանանք ազատվել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից։ Չի՞ հասկանում այսքանը մեր տրեխավոր «արևմտամետը», գուցե և չի հասկանում։ Ինչպես եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, ժամանակին չհասկացավ, թե ինչ էր նշանակում «Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» արտահայտությունը։ Չհասկանալն իր խնդիրն է, մեր խնդիրը հասկանալն է։ 

1997-ին Վազգեն Սարգսյանը վիժեցրեց արժանապատիվ խաղաղության հասնելու, Արցախը հայկական պահելու, Հայաստանը շրջափակումից և ռուսական կախվածությունից դուրս բերելու միակ հնարավորությունը, որովհետև ընտրեց հարկադրանքով զիջելու ճանապարհը։ Այդ աղետաբեր ուղու վերջակետը դրեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա Արամ Սարգսյանը, որը քաղաքական ասպարեզում է հայտնվել միմիայն որպես Վազգենի եղբայր, վարչապետ է դարձել Ռոբերտ Քոչարյանի կամքով, աշխատել է որպես նրա՛ ստորադաս՝ դրանով նաև խանգարելով եղբոր սպանության գործի բացահայտմանը, խոսում է հայկական բանակի թուլության մասին և պնդում, թե մենք չենք կարող մեզ պաշտպանել, ուստի Նիկոլը ճիշտ է։ 

Բացատրենք մեր ընթերցողներին, որ մեր բանակն այս վիճակին է հասցրել հենց Նիկոլ Փաշինյանը՝ սանձազերծելով 2020-ի պատերազմը։ Արցախի հայաթափումը նույնպես նրա «գործունեության» արդյունքն է։ Եվ հիմա նախկին թունդ ռուսամետ, Արցախի արևով երդվող Արամ Սարգսյանը դարձել է «արևմտամետ», ավելի ճիշտ նիկոլամետ, որովհետև իր հացն այդպես է վաստակում։ Ուրիշ բացատրություն չկա։ Այսինքն՝ նրա արևմտյան արժեքը Նիկոլն է։ Եվ ճիշտ այնպես, ինչպես բոլոր նիկոլաբարոները, նա էլ է բորշևիկյան էնտուզիազմով հայհոյում Ռուսաստանը։ Դե հիմա թրենդն այդպիսին է։ Երբ քամին ուրիշ տեղից փչի, նույն ոգևորությամբ թշնամի կհայտարարվի Արևմուտքը։ Մի՛ կասկածեք։ 

Թեպետ կարծում ենք, որ շատերն են հասկացել նիկոլական հակառուսականության բուն էությունը, այնուամենայնիվ կրկնենք․ Նիկոլը որևէ ինքնուրույն քայլ չի անում, նա պատվեր է կատարում, բայց ոչ արևմտյան։ Եվ դա շատ լավ գիտի Արամ Սարգսյանը, որովհետև նշյալ հացազրույցի տրամաբանական միակ արտահայտությունը սա էր․ « Գործակալը չի կարող չենթարկվել վերադասին»։  

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ