Հանդուրժե՞լ Լևոն Քոչարյանին, թե՞ չհանդուրժել - 12 Հունվարի 2020 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
12.01.2020   09:00
1041

Հանդուրժե՞լ Լևոն Քոչարյանին, թե՞ չհանդուրժել


Լևոն Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի որդու ֆենոմենը պետք է բացատրվի։ Նա այսօր հանգամանքների բերումով դարձել է հանրային մարդ։ Նույն հանգամանքներից նա փորձում է պոկել հանրային գործիչ լինելու իրավունքը։ 

Հայ հանրությունը նրա կողքին չէ, հայ հանրությունը չի կիսում նրա հոր դատը, սակայն հայ հանրությունը մի տեսակ անհանդուրժող է դարձել հոր դատը պաշտպանելու որդու իրավունքների հանդեպ։ Մենք որևէ հիմք ունե՞նք նրան խանգարելու։ Որտե՞ղ խանգարենք նրան։ Ինչո՞ւ խանգարենք նրան։ Չթողնե՞նք, որ հոր դատը պաշտպանի։ Ի՞նչ անենք, մի ակցիա էլ նրա տան դիմա՞ց անցկացնենք, որ չկարողանա տնից դուրս գալ։ Ուզենք-չուզենք, Լևոն Քոչարյանն ունի նույն իրավունքները, որոնք ունի մեզանից յուրաքանչյուրը։ Այդ ամենին գումարած՝ նա որդի է։ Նա մտադիր չէ և պարտավոր էլ չէ հասկանալ, թե ով է եղել հայրը իր նախագահության 10 տարիների ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու տարում՝ 1998 թվականին, Լևոն Քոչարյանը 12 տարեկան էր։ Այսինքն, նրա գիտակցությունը հենց «աչքերը» բացել է, հայրն արդեն նախագահ էր ու երկիր էր ձևում իր պատկերով և նմանությամբ: Լևոն Քոչարյանը հորը տեսել է որպես Հանրապետության նախագահ, նրա անօրինական արարքների մեծ մասից նույնիսկ գլուխ չի հանել։ Այստեղ ոչ ոք նրան ոչինչ ասել չի կարող։ Նա դրա իրավունքն ունի։ Սա պետք է ընկալվի, սա պետք է չդատապարտվի։ Բայց լռել կարող էր: Նույնիսկ որդիներն ունենում են հարցեր` ինչո՞ւ է երկիրը «բան ու գործը թողած» ատում իր հորը: «Մեր հետ կապված ինչ-որ նեգատիվ բան կա հասարակության մեջ, սա ես հասկանում եմ, որովհետև տարիներ շարունակ ինչեր են տարածել` սուտ, կեղծիք»,- հետագայում ասում է որդին:

Ըստ Լևոն Քոչարյանի, իր հոր միակ սխալն այն էր, որ «շատ էր կենտրոնանում տնտեսական խնդիրներ լուծելու վրա և հասարակության հետ ընդհանրապես չէր աշխատում, հասարակությանը չէր բացատրում, թե ինչ է անում ինքը»։ Հասկացա՞ք, մարդը որդի է։

Մենք ի՞նչ անենք որդի Քոչարյանի հետ, երբ ինքը բախվեց մի մեղադրանքի, ըստ որի՝ հայրը հանցագործ է։ Պաշտպանել չենք կարող, բայց չենք կարող խանգարել, որ նա պաշտպանի հոր դատը։ Այո, հայրը ափսոսանքի ոչ մի զգացում չունի, որ 11 տարի առաջ իր նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում սպանվեց ՀՀ 10 քաղաքացի, որոնք կամ որդի էին կամ ունեին որդիներ։ Ի՞նչ կարող ենք անել մենք։ Մեզ հերիք չէ՞, որ Լևոն Քոչարյանը արդեն իսկ իր չընդհատվող հաճույքների ու վայելքների, սաֆարիների բարձունքներից իջեցվել է և ընկած է դատարանների ու կալանավայրերի դռները, երբ իսկապես ցավով պատմում է, որ եղբոր երեխային թույլ են տվել կալանավայրում հանդիպել պապիկի հետ, իսկ իր երեխաներին թույլ չեն տվել։ Բոլոր հնարավոր ծանր հարվածներն այս երիտասարդն արդեն կրում է, ի վերջո իր «հերոս» հայրը անձամբ շոշափում է այն անհարմարությունները, որոնք երկու տասնյակ տարիներ շոշափել են ՀՀ բոլորովին անմեղ հարյուրավոր քաղաքացիներ, բայց ավելի նվաստացուցիչ վերաբերմունքով և առավել ծանր պայմաններով։ Արդյո՞ք որդու այս խնդիրների պատասխանատուն հենց հայրը չէ, որին նա այսօր էլ համարում է հերոս և գրեթե անսխալական, որը «կալանավայրում պարապում է, որ ֆիզիկական տեսքը չքցի»։ 

Ճշմարտությունն այն է, որ մենք պետք է Լևոն Քոչարյանին հանգիստ թողնենք հոր դատը պաշտպանելու իր իրավունքների մեջ։ Ռոբերտ Քոչարյանը զրոյական հանդուրժողականություն է ունեցել Հայաստանի և նրա ժողովրդի իրավունքների հանդեպ։ Մենք չպետք է նրա «ժողովրդին»՝ ընտանիքին վերադարձնենք այդ անհանդուրժողականությունը։ Մեր ատելությունը չպետք է տարածվի, ասենք, Սիրուշոյի հանդեպ, որն ամենավերջին երգիչը չէ։ Դատարանը հենց այն բանի համար է, որ դիտարկվի հանցանքը։ Դատարանն այն բանի համար է, որ որդին և հարսը շարունակեն ապրել մի երկրում, որտեղ հայրը մեծ հաշվով նրանց վրա էլ է տարածել իր անիրավությունը։ Դատարանն «ասում» է՝ դուք շարունակեք զբաղվել ձեր գործով մարդիկ, մենք ինքներս կորոշենք թե ով է մեղավոր և ով՝ անմեղ։ Մեր գործը ձեզ վրա մի վերցրեք, մեր փոխարեն մի դատապարտեք մարդկանց։ Քոչարյանն ավելի հեռու էր գնացել՝ նա ոչ խառնվում էր դատարանների գործերին, նա դատարանները փոխարինել էր քրեական որոշումներով, նա ուներ անձնական օգտագործման դատական ատյաններ, որոնք ստեղծել էր իր «դեմքով և նմանությամբ»։ Սամվել Ուզունյանը, Մնացական Մարտիրոսյանը, Նախշուն Տավարացյանը և այլք ձեզ օրինակ։

Լևոն Քոչարյանի արդարության մղումը ձևավորվել է հոր ձերբակալության պահից: Մինչ այդ Հայաստանը նրա համար այլ նշանակություն չի ունեցել սեփական հարմարավետությունից բացի: Երբ Բուզանդի կամ Արամի փողոցի բնակիչները տնեզրկվում էին, Լևոն Քոչարյանը 17-18 տարեկան էր, ամեն իրիկուն տուն վերադարձող հորը կարող էր հարցնել՝ ի՞նչ ես անում դու նրանց հետ և ի՞նչ են ուզում նրանք քեզնից: Չի հարցրել: Գիտե՞ք ինչու` որովհետև Հայաստանում իր սեփական տունը չի ունեցել, բայց չի պատկերացրել, որ Հրազդանի կիրճի կառավարական ամառանոցը իր ընդմիշտ տունը չէ: Չի պատկերացրել, որովհետև եթե անգամ այդ ամառանոցն էլ չլինի, իր մոտ հարցեր չեն առաջանալու` բա որտե՞ղ ենք ապրելու: Այս տղայի մեջ համընդհանուր, անանձնական ցավի զգացում չի եղել: Բայց որդի լինելու նրա իրավունքը մերը չէ, մենք չենք տալիս դա ու մենք չենք խլում: Սակայն հիմա արդեն լուրջ խնդիրներ են առաջանում` Լևոն Քոչարյանն արդեն քաղաքական հայտարարություններ է անում։ Ինքն իրենով է փորձում դառնալ հոր քաղաքական հենարանը։ Այսինքն, փորձում է դուրս գալ որդի լինելու լիազորություններից: Հա, տղա ջան, դու իրավունք ունես ունենալ քաղաքական դիրքորոշում, իրավունք ունես հնչեցնելու այն, բայց ինչո՞ւ հենց միայն քո հոր առիթով: Ընդ որում, ընթացքում ստում ես` բոլորս գիտենք, թե ինչ դիրքորոշում ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցով: Մտքովդ հեչ չի անցե՞լ, թե որտեղից սկսվեցին Ռոբերտ Քոչարյանի խնդիրները Հայաստանի հասարակության հետ` ստելուց: Քեզ ընկալում են, քեզ նույնիսկ համակրում են որպես սեփական հոր թիկունքում կանգնած մարդ, քո այդ «աբալոչկայի» մեջ դու պաշտպանված ես անվիճելի էթիկայով, դու անխոցելի ես սեփական հոր թիկունքում, ինչո՞ւ ես առաջամարտիկ դառնում այնտեղ, որտեղ ոչ միայն ճիշտ չես, այլև գլխից բոբիկ ես: Վերադարձիր հորդ թիկունք, որտեղ նույնիսկ նա կարող է պնդել իր անմեղությունը, դու ինչո՞ւ ես, «դասականի» ասած, խրամատդ լքում: Հա, ասա «իրավական պեսպրեդել», դու հորդ «բնական փաստաբանն» ես, բայց, քեզ համար եմ ասում, հեռու մնա քաղաքական հայտարարություններ անելուց: Այդտեղ հայրդ կմնա քեզնից որբ: Նա լավ պետական գործիչ չի եղել, ամբողջ երկիրն է դրա հետևանքները կրում: Նա այսօր խոցելի է բոլոր կողմերից, բայց դու մի որբացրու նրա թիկունքը: 

Հեթում Մարտիրոսյան



 Պիտակներ

         Հեթում Մարտիրոսյան, Լևոն Քոչարյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289